ՍԷՖԻԼՅԱՆԸ ՈՏՆԱՀԱՐԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Արխիվ 12-16ՍԷՖԻԼՅԱՆԸ ՈՏՆԱՀԱՐԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Նիկոլ Փաշինյանի "քաղաքացիական պայմանագրի" գաղափարը նորություն չէ, եւ նա վաղուց է ստեղծել համանուն միավորում, սակայն պարզվում է, որ հայտնվել է նրա հեղինակային իրավունքի ոտնահարող` ի դեմս "Հիմնադիր խորհրդարանի": Երեկ "Հիմնադիր խորհրդարանը" հայտարարեց, որ սկսում է քաղաքացիների հետ պայմանագիր ստորագրելու գործընթացը, եւ պայմանագրի բլանկներն արդեն բաժանվում են առձեռն, ինչպես նաեւ զետեղված են համացանցում:
Սակայն եթե Նիկոլը քաղաքացիների հետ ստորագրում է ընդամենը համատեղ պայքարի պայմանագիր, ապա Սէֆիլյանի կառույցի առաջարկած պայմանագիրը պարունակում է սահմանադրական կարգը բռնի տապալելու հանցակազմ: Ըստ պայմանագրի առաջին հոդվածի` "Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ Հիմնադիր խորհրդարանի միջեւ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի իշխանությունը հաստատելու եւ նոր որակի հայկական պետություն ստեղծելու մասին պայմանագիրը` դրա անբաժանելի մաս համարվող հավելվածով հանդերձ (այսուհետեւ` Պայմանագիր), ժողովրդի կամքն արտահայտող եւ բարձրագույն իրավական ուժ ունեցող իրավական ակտ է, որի նորմերը գերակա են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, միջազգային պայմանագրերի եւ այլ իրավական ակտերի նկատմամբ": Իսկ երկրորդ հոդվածով պայմանագիրը ստորագրողը "Հիմնադիր խորհրդարանին" տալիս է 7 կետանոց լիազորություններ, եւ առաջին կետով լիազորում է "Որպես իշխանության իրականացման բարձրագույն ներկայացուցչական մարմին` հանդես գալ իր անունից եւ ապահովել ժողովրդի իշխանության հաստատումը եւ պետական կառավարման ժողովրդավարական ու յուրային համակարգի ձեւավորումը":
Իսկ որպես հավելված` պայմանագրին կցված է 13 էջանոց տեքստ, որը ոչ այլ ինչ է, քան իշխանությունը բռնազավթելուն պատրաստվող խունտայի գործողությունների կանոնակարգ:
Թե արդյոք ԱԱԾ-ն արձագանքելու է այդ` պայմանագիր կոչվող երեւույթին, այս պահին անհայտ է, սակայն մեր ունեցած տեղեկություններով` շուրջ 300 հոգի դա արդեն ստորագրել են:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
