Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՈՎՔԵՐ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ "ՀԱՅՈՑ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԹԱՂՄԱՆ ՈՒՂԵՐՁԻ" ԹԻԿՈՒՆՔՈՒՄ

Արխիվ 12-16

ՈՎՔԵՐ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ "ՀԱՅՈՑ
ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԹԱՂՄԱՆ ՈՒՂԵՐՁԻ" ԹԻԿՈՒՆՔՈՒՄ


Երեկ ԱԺ-ն միաձայն` 117 կողմ, 0 դեմ եւ 0 ձեռնպահ ձայներով ընդունեց հայտարարություն, որով ճանաչեց եւ դատապարտեց հույների եւ ասորիների ցեղասպանությունը: Սակայն քվեարկությանը նախորդեց ԼՏՊ-ի 13 կետանոց ուղերձը, որը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը իրավամբ անվանեց "հայոց պահանջատիրության թաղման ուղերձ": Բնականաբար, հարց է ծագում` թե ովքեր եւ ինչպիսի ուժեր են կանգնած ծեր աղվեսի խայտառակ տեքստի թիկունքում եւ ովքեր ու ինչպես են աջակցում այդ հակահայկական գործընթացին:



ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ֆրանսիական առաջատար France 24 հեռուստաալիքին տրված հարցազրույցում կոշտ քննադատության է ենթարկել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականությունը: "Ցավոք, մենք կրկին ականատես ենք լինում ժխտողականության, ներողություն բառիս համար, ցինիկ դրսեւորման: Ակնհայտ է, որ Գալիպոլիի ճակատամարտը չի սկսվել ապրիլի 24-ին եւ ոչ էլ ավարտվել է ապրիլի 24-ին: Սա մի կողմից իր մեջ վիրավորանք է պարունակում, իսկ մյուս կողմից փորձ է խանգարելու ապրիլի 24-ի միջոցառումներին",- նշել է Սերժ Սարգսյանը, Էրդողանի որոշումը որակելով "ժխտողականության ցինիկ դրսեւորում":
"Կարծում եմ` մենք գործ ունենք մարդու հետ, ում համար միջազգային հանրության կարծիքը էական նշանակություն չունի: Մենք գործ ունենք մարդու հետ, ով ի վիճակի չէ հաղորդակից լինել ուրիշի տառապանքին: Կոնկրետ Էրդողանը կամ նրա հարազատները չեն մասնակցել ցեղասպանության իրագործմանը, բայց ժխտել ցեղասպանությունը` նշանակում է շարունակել հանցագործությունը",- նշել է Սերժ Սարգսյանը: Բայց, ըստ էության, կարելի է արձանագրել, որ Էրդողանի ծրագիրը մոտ է տապալման: Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները ապրիլի 24-ին լինելու են Երեւանում, իսկ Գերմանիայի պես ազդեցիկ պետությունը չի մասնակցելու Էրդողանի խայտառակ միջոցառմանը:
Էլ չենք խոսում նրա մասին, որ Երեւան են ժամանելու բոլոր այն պետությունների ներկայացուցիչները, որոնք մաս են կազմում ոչ ֆորմալ հակաթուրանական դաշինքին:
Բնականաբար, ազդեցիկ տերությունների` ամենաբարձր մակարդակով ապրիլի 24-ին Երեւան ժամանելու իրողությունը կապված է նաեւ գլոբալ աշխարհաքաղաքական-քաղաքակրթական գործընթացների հետ: Ըստ էության, Ռուսաստանը եւ "հին եվրոպացի" պետությունները հակադրվում են ոչ միայն Թուրքիային, այլեւ ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային: Եթե երկու խոսքով ներկայացնենք, անգլոսաքսերը փորձում են Եվրոպայի ձեռքերով սանձազերծել սառը եւ ինչու չէ` նաեւ "տաք" պատերազմ Ռուսաստանի դեմ, սակայն "հին եվրոպացիները" դրան դիմադրում են ու նույնիսկ փորձում ընդհանուր լեզու գտնել ռուսների հետ: Եվ պարզ է, որ ապրիլի 24-ին Երեւանում կլինեն նաեւ մեծ տերությունների ղեկավարների ոչ ֆորմալ շփումներ, որոնց ընթացքում հնարավոր է` կարեւորագույն պայմանավորվածություններ ձեռք բերվեն: Հետեւաբար 100-ամյակը հարամելու ջանքերի թիկունքում առկա են ոչ միայն Թուրքիան եւ Ադրբեջանը, այլեւ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան:
Հիմա ովքեր են մոբիլիզացվել այդ անմաքուր գործում: Բնականաբար, առաջին հերթին ԼՏՊ-ն, ով գլխանց եղել է Հայ դատի ոխերիմ թշնամի եւ այդպիսին մնացել է: Վերջին շրջանի նրա բոլոր հրապարակային ելույթները վերաբերում են հենց 100-ամյակին եւ ներծծված են պահանջատիրությունը գերեզմանելու եւ թրքասիրության ոգով: Մոբիլիզացված են եւ նրա հին կադրերը, մասնավորապես Ժիրայր Լիպարիտյանը, իսկ "հաստիքային շպիոն" Ռիչարդ Գիրագոսյանի չմասնակցելը զարմանալի կլիներ: ԱԺ այս քառօրյային ինքնաբացահայտվեցին եւ այլ "սատարողներ": Մեկը որձ կովերի մասնագետ Հրանտ Բագրատյանն է, փոքր-ինչ առավել զգուշավոր թուրքերի հետ չհակադրվելու կոչով հանդես եկավ եւ Էդմոն Մարուքյանը: Հարկ է նշել, որ անգամ իշխանության համակարգում գտնվեցին ԼՏՊ-ի մոտեցումներին բացահայտ կամ սքողված սատարողներ:
Եվ իհարկե, հարամելու գործին միանշանակ լծված է "Հիմնադիր խորհրդարանը", որը թեեւ հանդես է գալիս Ժիրայր Սէֆիլյանի ցուցանակով, սակայն իրական որոշումներ ընդունողներից մեկը կասկածելի կենսագրություն ունեցող "անոնիմուս" Կարո Եղնուկյանն է: "100-ամյակն առանց ռեժիմի" շարժման ամբողջ տրամաբանությունը անխուսափելիորեն հանգում է ապրիլի 24-ին խժդժություններ կամ առնվազն տգեղ ցույցեր կազմակերպելուն:

ԴԵՐԵՐ ԵՎ ԴԻՄԱԿՆԵՐ

"Քեռի Սեմը" կատարելապես տապալվեց Հայաստանում Մայդանի միջոցով ամերիկապատկան վարչակարգ հաստատելու իր ձգտումներում: Եվ այժմ բավարարվում է այնպիսի գործողություններով, որոնք հնարավոր է իրականացնել: Մայիսին Ռիգայում կայանալիք "Արեւելյան գործընկերության" գագաթաժողովում Արեւմուտքը ձգտում է գոնե ինչ-ինչ քաղաքական համաձայնություններ կորզել մեր երկրից, քանզի տնտեսական համապարփակ փաստաթղթերի ստորագրումը բացառվում է ԵՏՄ-ի անդամակցության զորությամբ: Ռիգայում քաղաքական փաստաթուղթ ստորագրելուն ուղղված ինտենսիվ եւ մասշտաբային լոբբինգ է անցկացվում, սակայն լուրջ փաստաթուղթ Ռիգայում ստորագրելը ռալ չէ: Կա պարզ գործոն` ժամանակը սուղ է, ու գործնականում անհնար է համաձայնեցնել ինչ-որ համապարփակ քաղաքական փաստաթուղթ, առավել եւս, որ Մոսկվայի հետ համաձայնեցման հանգամանքն էլ կա: Հետեւաբար Ռիգայում լավագույն դեպքում կարելի է ակնկալել գեղեցիկ, բայց ռեալ պարտավորություններ չապահովող հռչակագրի ստորագրում եւ ոչ ավելին:
Փոխարենը իրագործվում են 100-ամյակը հարամելու քայլեր, որոնք ուղղված են նաեւ միաժամանակ ռուսների եւ "հին եվրոպացիների" ծրագրերի ու շահերի դեմ: Հարամության պահանջարկը բավարարելուն առաջինը նետվեց ԼՏՊ-ն, ով ակնկալում է ինչպես ամերիկացիների վստահության վերականգնում, այնպես էլ ամերիկյան ֆինանսավորում, քանզի ԲՀԿ-ի առատ կերակրատաշտը  եւ վիթխարի մարդկային ռեսուրսը այլեւս չկան կամ անհասանելի են: Դե, իսկ կամակատարների դերում գտնվող տարատեսակ կցորդները, լինեն դրանք արեւմտամոլ կուսակցությունների, թե գրանտածիծ ՀԿ-ների տեսքով, պարզապես հրաման կատարող են: Բնականաբար, նույն "քեռի Սեմը" նաեւ կաշառելու կամ կոմպրոմատային ճնշումների միջոցով նոր կադրեր էլ է հավաքագրում, այդ թվում եւ իշխանության համակարգից: Դե, իսկ ծախու քարոզչամիջոցների ակտիվացումն ու ագրեսիվացումը միանգամայն սպասելի է, ու այդ ընթացքում էլ բացահայտվում են այն լրագրողները, ովքեր առանձնապես տարբերություն չեն դնում  երկրորդ եւ առաջին հնագույն մասնագիտությունների միջեւ:
Սակայն անդրադառնանք ԼՏՊ-ի տխրահռչակ տեքստին: Կարճ մեջբերումներ անենք, թե ինչ է նա առաջարկում որդեգրել որպես պաշտոնական պետական մոտեցում, ըստ որի` ՀՀ-ն  "Ցեղասպանության ճանաչման խնդիրը չի դարձնում իր արտաքին քաղաքականության հիմնաքարը": Ըստ 10-րդ կետի. "Հայաստանը նաեւ Թուրքիայի առջեւ պահանջ չի դնում ճանաչելու Հայոց ցեղասպանությունը եւ առերեսվելու սեփական պատմությանը, դա նույնպես դիտելով վերջինիս ներքին գործը": 11-րդ կետով. "Դիմելով եվրոպական երկրների կառավարություններին, Հայաստանի Հանրապետությունը խնդրում է Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չդիտել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի շուրջ ընթացող բանակցություններում: Թուրքիայի եվրաինտեգրման հարցում Հայաստանը մեծապես շահագրգռված է ինչպես տարածաշրջանային անվտանգության ապահովման, այնպես էլ արտաքին աշխարհի հետ համագործակցության այլընտրանքներ եւ այդու` զարգացման ավելի լայն հնարավորություններ ունենալու նկատառումով": Իսկ 13-րդ կետն արդեն մաքուր սատանայություն է. "Նկատի ունենալով որոշակի առումով հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան կարգավորման խնդիրների փոխկապվածությունը, Հայաստանը պատրաստ է, Մադրիդյան սկզբունքների հիման վրա, խաղաղ բանակցությունների միջոցով լուծել նաեւ այդ հակամարտությունը` պայմանով, որ մինչեւ կարգավորման ժամանակացույցի գործադրումը հստակեցվեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի սահմանման նպատակով ծրագրված հանրաքվեի անցկացման պայմանները, ժամկետներն ու իրավական հետեւանքները, ինչպես նաեւ Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման նպատակով երկրամասում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հետ կապված հարցերը":
Կարճ ասած` ոչ միայն նորմալ հայի, այլեւ պարզապես նորմալ մարդու վերաբերմունքը այդ ուղերձին կարող է տեղավորվել "յախք" բառի մեջ: Իսկ ընդհանրապես առաջիկա մեկ ամսում ցանկացած խոսք եւ գործ պետք է գնահատվի շատ հստակ չափանիշով` արդյո՞ք նպաստում է ազգային միասնությանը եւ 100-ամյակի հռչակագրով նախատեսված խնդիրների լուծմանը: Եթե ոչ, ապա պիտի բնութագրվի բուն անունով` դավաճանություն, ինչը ենթադրում է եւ համապատասխան վերաբերմունք եւ միջոցների կիրառում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ