ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ. «ՄԵՐ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ «ԵՎՐԱՆԵՍԹ»-ՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՌԴ-Ի ԴԵՄ ԲԱՆԱՁԵՎԻՆ»
Արխիվ 12-16ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ. «ՄԵՐ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է
ՔՎԵԱՐԿԵԼ «ԵՎՐԱՆԵՍԹ»-ՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՌԴ-Ի ԴԵՄ ԲԱՆԱՁԵՎԻՆ»
Ինչպես հայտնի է, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագիծը:
«Իրավունքն» այս եւ այլ հարցերի առնչությամբ զրուցեց ՀՀ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ:
- Պրն Զաքարյան, Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագծում, ի թիվս այլ կետերի, առաջ է քաշել նաեւ հետեւյալը. «Դիմելով եվրոպական երկրների կառավարություններին` Հայաստանի Հանրապետությունը խնդրում է. Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չդիտել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի շուրջ ընթացող բանակցություններում»: Արդյոք ՀՀ-ը երբեւէ առաջ քաշել է նման նախապայման եվրոպական երկրների առաջ:
- ՀՀ-ն իր արտաքին քաղաքականության մեջ զերծ է մնում նախապայմաններ առաջ քաշելուց եւ իր համար կենսական խնդիրներն առաջ է տանում միջազգային իրավունքի տեսակետից հիմնավորելով, ինչպես նաեւ շահերի համադրությամբ: Թուրքիայի ԵՄ-ի հետ հարաբերություններում Հայաստանը երբեք չի պնդել կամ չի առաջադրել Հայոց ցեղասպանության ճանաչման նախապայմանը: Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում անգամ ցեղասպանության ճանաչման նախապայման ,որպես այդպիսին , Հայաստանը չի ունեցել: Հայաստանն առանձին է դիտում, դիտել, դիտելու եւ վարելու ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը`անկախ մնացած բոլոր խնդիրներից: Սա ՀՀ-ի դիրքորոշումն է, որը բազմիցս ասվել է:
- ՀՀ առաջին նախագահը նաեւ կոչ է անում հայ-թուրքական արձանագրությունների հիման վրա հաստատել հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ:
- Գիտեք, հայ-թուրքական արձանագրությունները բանակցության արդյունքն են: Դրանք հենց այնպես չեն ծնվում: Որպես բանակցությունների հետեւանք` դրանք արտացոլում են կողմերի համաձայնությունը, դիրքորոշումը: Հետագայում Թուրքիան առաջ քաշեց իր նախապայմանները, որոնք մեզ համար եղել են եւ կան անընդունելի մոտեցումներ, ձախողեց վավերացման գործընթացը եւ չվավերացրեց դրանք իր խորհրդարանում: Տեղի ունեցան արձանագրությունների վերաբերյալ հայտնի մոտեցումները: Հայաստանը երբեք արձանագրությունների ոգում հակառակ գործողություններ չի իրականացրել: Հավատարիմ լինելով արձանագրությունների ոգուն` արձանագրություններում ամրագրված խնդիրների շուրջ սկսել հարաբերությունների կարգավորում` հայ-թուրքական սահմանի բացում, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, բնականաբար, առաջին քայլեր են, որոնք կարող են հայ-թուրքական հարաբերություններում որոշակի սկիզբ հանդիսանալ: Բայց Թուրքիան գնաց ձախողումների ճանապարհով`փորձելով հարցը պայմանավորել այլ երրորդ խնդիրներով, որը մեզ համար անընդունելի:
- Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը, այնուամենայնիվ, հայ-թուրքական հարաբերությունները ցանկանում հաստատել գրողի ծոցն ուղարկված արձանագրությունների հիման վրա:
- Չգիտեմ` Տեր-Պետրոսյանն ինչու է ցանկանում հարաբերություններ հաստատելու այլ հիմքեր փնտրում: Բայց կարծում եմ հարաբերություններ հաստատելու համար պետք է լինեն հասկանալի եւ ընդունելի հիմքեր: Առաջին հերթին նախապայմանների լեզվի բացակայությունն է: Ընդհանուր առմամբ ինչպես եք գնահատում ՀՀ առաջին նախագահի ուղերձը: Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի հռչակագրում հստակ նշված են բոլոր խնդիրները, որոնք արտացոլում են հայ ժողովրդի ու ՀՀ-ի հավաքական մոտեցումը: Ճիշտ չեմ համարում ցեղասպանության ճանաչման գործընթացը պայմանավորել հայ-թուրքական գործընթացով: Ցեղասպանության ճանաչման գործընթացը միջազգային հանրության եւ համայն մարդկության խնդիրն է: Ցեղասպանությունների դեմ պայքարը, կանխարգելումն ու ժխտողականության դեմ պայքարը համայն մարդկությա խնդիրն է: Հայ ժողովուրդը, որպես ցեղասպանություն ապրած ժողովուրդ, այդ պայքարի ջատագովներից է: Հայ-թուրքական հարաբերությունները չի կարելի պայմանավորել ցեղասպանության ճանաչման գործընթացով:
- «Եվրանեսթ» խորհրդանարական վեհաժողովում ՌԴ-ի դեմ բանաձեւ է ընդունվել: Մեր պատվիրակությունն ինչպե՞ս է քվեարկել:
- Որպես պատվիրության ղեկավար` հայտարարել եմ եւ ասել` մեր պատվիրակությունը դեմ է հանդես եկել նման բանաձեւին, որովհետեւ բանաձեւում ամրագրված բազմաթիվ դրույթներ չի կիսում մեր պատվիրակությունը: Չեմ կարծում, որ նման բանաձեւերը կարող են օգտակար լինել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորմանը:
- Իսկ ինչո՞ւ չեն հրապարակվել բանաձեւի քվեարկության արդյունքները:
- Դա կանոնակարգ է: Մի շարք քվեարկություններ չեն հրապարակվել: Քվեարկությունների արդյունքները հրապարակվում են, բայց անհատական քվեարկության պատկերը չի երեւում: Դա ապահովում է յուրաքանչյուր պատգամավորի քվեարկության գաղտնիությունը:
- Չե՞ք ասի, թե վեհաժողովին մասնակցած մեր պատգամավորներն ինչպես են քվեարկել այդ բանաձեւին:
- Ես կասեմ, որ ես դեմ եմ քվեարկել: Պատվիրակությունն էլ դեմ է քվեարկել:
- Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանն այսօր ԱԺ-ում ՀԱՊԿ-ի պայմանագրի վերջին լրացումը համարեց չարաբաստիկ: Դա հանձնաժողովի,՞ թե՞ նրա տեսակետն է:
- Դա պրն Արզումանյանի կարծիքն է:
-Դուք համամի՞տ եք այդ տեսակետին:
-Ես համամիտ չեմ, որովհետեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում չարաբաստիկ որեւէ պայմանագիր կամ լրացում չենք ունեցել:
- ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարել է, որ համահայկական հռչակագրի դրույթները նույնական չեն մեր արտաքին քաղաքական օրակարգի հետ: Այս հայտարարությունն ընդունելի ու հասկանալի՞ է Ձեզ համար:
- Ուշադիր չեմ եղել Ֆարմանյանի հայտարարությանը: Տեղյակ չեմ` ինչի մասին է խոսքը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
