Ո՞ւմ շնորհիվ Ադրբեջանն ունի այդքան փող և կարողանում է այդչափ զինվել. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
Արխիվ 12-16Ո՞ւմ շնորհիվ Ադրբեջանն ունի այդքան փող և կարողանում է այդչափ զինվել. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
http://armarlur.com/?p=66096
Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՍԻՄ առաջնորդ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ
-Մեր հասարակությունը մտահոգված է թշնամու դիվերսիոն գործողությունների ակտիվացմամբ, մեկը մյուսին հաջորդող սահմանային միջադեպերով, դրանց արդյունքում գրանցվող զոհերով, ու հարց է հնչեցնում` գուցե չունե՞նք անհրաժետ պաշտպանական համակարգեր, գուցե չի՞ արվում առաջնայինն ու կարևորը:
-Այն, որ մեր հասարակությունը ցանկանում է օգնել բանակին, դա ողջունելի քայլ է, եթե հասարակությունն ու բանակը միասնական են ու մեկ կետին են խփում, ուրեմն մենք կհաղթենք, ինչպես հաղթեցինք արցախյան պատերազմում: Բայց պատերազմը չի դադարել, այն այսօր թևակոխել է մեկ այլ փուլ, իսկ պատերազմը, ցավոք, ենթադրում է զոհեր, կորուստներ, որոնք անդարառնալի են ու ցավալի բոլորիս համար: Սական մենք պետք է պարզորոշ գիտակցենք նաև այն, որ թշնամին` թուրքը, ցանկացած պահի պատրաստ է կրկնել ցեղասպանությունը:
Փառք ու պատիվ մեր տղաներին, փառք ու պատիվ զոհված հերոսներին, որոնք իրենց կյանքի գնով հետ են մղում թշնամուն ու պաշտպանում մեր երկրի խաղաղությունը, տարածքային ամբողջականությունը: Մեր բանակը պատրաստ է դիմակայել շատ ավելի ծավալուն հարձակումների և այդպիսիք կանխվում են: Այսինքն` խնդիրն այն չէ, որ ինչ-որ բան պակաս է, կամ չի արվում, ճիշտ հակառակը` արվել և արվում է անհրաժեշտը` մարտունակ բանակ ենք ստեղծել, որը հետ է մղում թշնամու բոլոր գործողությունները: Հետևաբար, հարցադրումը` գուցե չի արվում այն ինչ անհրաժետ է, ես սխալ եմ համարում: Թե տեխնիկական առումով ի՞նչ պետք է արվի, այսինքն` ի՞նչ սարքեր պետք է տեղադրվեն, դուք լրագրող եք, ես քաղաքական գործիչ և մենք միասին չենք կարող խորանալ մասնագիտական հարցերի մեջ, դա նաև մեր գործը չէ, որովհետև սարքավորումների անհրաժետության մասին թող խոսեն ու խոսում են ռազմական գործի գիտակները, և նրանք շատ լավ կատարում են իրենց գործը: Բանակը լավ գիտի, թե ի՞նչ պետք է անի և մենք տեսնում ենք դրա արդյունքը, իսկ արդյունքն այն է, որ թշնամին փախչում է տասնապատիկ շատ զոհեր տալով:
Մեր հասարակության կողմից նման մտահոգություններ հնչեցնելը, իհարկե լավ է, բայց շատ ավելի լավ կլինի, որ հասարակությունը քննարկի` ինչպե՞ս օգտակար լինել, ինչպե՞ս աջակցել մեր բանակին: Շատ կուզենամ, որ մեր հասարակությունը լինի ամուր, միաձույլ, հայրենասեր և դառնա բանակի ամենաակտիվ աջակիցը:
-Ադրբեջանն իր զենքի 85 տոկոսը ձեռք է բերում մեր ռազմական գործընկեր Ռուսաստանից, զենք, որն ուղղվում է Հայաստանի ու Արցախի դեմ: Մինչդեռ ռուսական կողմը մեր անհանգստությանը մշտապես պատասխանում է` զենքի վաճառքը ընդամենը բիզնես է: Այս խնդիրը ինչպե՞ս կարող է լուծվել:
-Նախ, եթե խոսում ենք թվերի լեզվով, ապա այն պետք է ճշգրիտ ներկայացնենք, կարծում եմ, ձեր հնչեցրած թիվը, թե Ադրբեջանն իր զենքի 85 տոկոսը ձեռք է բերում Ռուսաստանից, ճշգրիտ չէ:
-Այդ մասին նշված է SIPRI-ի հրապարակած հերթական տարեկան զեկույցում:
-Աշխատեք քիչ հենվել արևմտյան աղբյուրների վրա, որովհետև դրանք տարածողները մեր բարեկամները չեն` ցավոք: Իսկ դուք տեղյա՞կ եք, թե մեր բանակի քանի տոկոսն է զինված ռուսական զենքով, կարծում եմ` 99,9-ը: Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը, որն ունի փող, բացի Ռուսաստանից, այլ երկրներից չի կարո՞ղ զենք ձեռք բերել: Մի՞թե ճգիտենք, որ Ադրբեջանը գնում է զենք և’ Ուկրաինայից, և Իսրայելից, և Արևմտյան Եվրոպայի երկրներից:
-Բայց մեզ մտահոգում է, այն, որ այդ շարքում առաջին տեղում է մեր ռազմավարական գործընկերը, և այդ մտահոգությունը հետևյալ կերպ ձևակերպեց հանրապետության նախագահը. “Խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից”:
– Նախագահը խոսեց հոգեբանական խնդրի մասին, կարևոր հանգամանք նշեց ու մենք պետք է փորձենք անել այնպես, որ հոգեբանական ոլորտում իրավիճակ փոխենք: Մեզ համար շատ տհաճ է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը նման բիզնես ծրագրեր են իրականացնում: Ի դեպ, նախագահը երկու շատ կարևոր միտք ասաց, մինչդեռ լրատվամիջոցները նրա խոսքի առաջին հատվածը շրջանցում են ու ներկայացնում միայն երկրորդ մասը, և ասելիքը մատուցում մեկ այլ երանգավորմամբ: Այսինքն, անտեսում են նախագահի հետևյալ միտքը.ՙ ՀՀ ԶՈՒ ստեղծումից ի վեր մենք երախտապարտ ենք և շնորհակալ մեր դաշնակցին՝ մեզ օժանդակելու համար՚: Սա շատ կարևոր խոսք է, որը մենք չպետք է շրջանցենք:
Դառնամ Ադրբեջանի զինվածության մակարդակին: Երկու, թե 10 ավտոմատ` Ադրբեջանը կգտնի ցանկացած տեղից ու կգնի, այսինքն այդ երկիրն ունի շատ փող, ու կարող է զենք գնել աշխարհի ցանկացած երկրից: Իսկ ինչո՞ւ հարց չի հնչում, թե ո՞ւմ շնորհիվ է, որ Ադրբեջանն ունի այդքան փող և կարողանում է այդչափ զինվել, ո՞վ թույլ տվեց, որ Ադրբեջանի տնտեսությունն այսքան ուռճանա, ո՞վ թույլ տվեց Ադրբեջանին շրջանցել ու շրջափակել Հայաստանը և կառուցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: Պատասխանը շատ պարզ է` անգլիական Բրիթիշ Փեթրոլյումը, ինչպես նաև մի շարք ամերիկյան, արևմտաեվրոպակա նավթային գիգանտներ, ադրբեջանական տնտեսության մեջ ներդրեցին հսկայական փողեր, որից հետո նրանք բոլորը միասին շրջափակելով ու շրջանցելով Հայաստանը կառուցեցին Բաքու -Ջեհյան խողովակաշարը: Եվ այսօր դարձյալ շարունակում են իրականացնել Հայաստանի շրջափակման ծրագիրը: Ահա այստեղ է թաքնված ողջ խնդրի արմատը:
Բայց մեզ համար կարևորն այն է, որ մեր երկիրը չունենալով ադրբեջանական ռեսուրսները, ավելին, ունենալով անհամեմատ համեստ պետական բյուջե, քան Ադրբեջանի միայն ռազմական բյուջեն է, իր դաշնակցի` Ռուսաստանի հետ մեկտեղ գտել է հնարավորություն ստեղծելու պաշտպանության, անվտանգության անհրաժեշտ համակարգ, և սա պետք է մենք գնահատենք: Սրան էր ուղղված Հայաստանի նախագահի երախտագիտությունը, ինչի մասին, տարօրինակորեն չի խոսվում:
Ռուսաստանը երբեք չի խախտել իր պայմանագրային պարտավարությունները Հայաստանի նկատմամբ, անում է այն, ինչ պարտավորվել է ու խոստացել: Մինչդեռ մեզանում անընդհատ փորձում են հարվածել մեր միակ դաշնակցին, չտեսնելով նրա կատարած աշխատանքը` անընդհատ փորձում սեպ խրել մեր հարաբերությունների մեջ: Դրանից միակ ուրախացողը Ադրբեջանն է ու Թուրքիան: Չմոռանանք, որ Արևմուտքն ու Թուրքիան ստրատեգիական դաշնակիցներ են` ՆԱՏՕ-ի անդամ, Ադրբեջանի հետ ևս Արևմուտքը ստարտեգիական դաշնակից է, իսկ ադրբեջանական նավթն ու գազը նրանց պետք է, որպեսզի նվազեցնեն իրենց կախվածությունը Ռուսաստանից: Այսինքն, մենք պետք է այս ամենը հասկանանք, նաև գիտակցենք տեղեկատվական դաշտ սպրդող նենգ ներթափանցումները, որոնք միտված են մարդկանց ուղեղները աղբով լցնելուն:
-Ռուս վերլուծաբաններն են նաև շեշտում, որ ՌԴ կողմից Ադրբեջանին այդչափ զենք մատակարարելը դեմ է ՀԱՊԿ քաղաքական ոգուն: Միաժամանակ խոսվում է այն մասին, որ ՀԱՊԿ-ը ձևական կառույց է, որի հետ Հայաստանը չպետք է հույսեր կապի, ի վերջո, ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք ղարաբաղյան հիմնախնդրում ադրբեջանամետ դիրքորոշման կրողն են ու հակված չեն անհրաժեշտության դեպում կանգնել Հայաստանի կողքին:
-Սկսենք առաջին հարցից. արդյոք դա դե՞մ է ՀԱՊԿ ոգուն: Ռուսաստանը ՀԱՊԿ առանցքային երկիրն է և միջուկային զենք ունեցող այն պետությունը, որով պաշտպանում է նաև մեր երկրի անվտանգությունը, այսինքն, նաև Հայաստանը պահելով միջուկային հովանոցի տակ: Ռուսաստանը լավ է հասկանում` ո՞ւմ, ինչքա՞ն և ի՞նչ զենք տալ, որպեսզի իրականցվի իր գլխավոր խնդիրը, այսինքն այն, ինչ գրված է ՌԴ պաշտպանության դոկտրինում` պաշտպանել իր և իր դաշնակիցների, բանկանաբար, Հայաստանի, անվտանգությունը: Սրանից այն կողմ որպես պորֆեսիոնալ քաղաքական գործիչ, ես չեմ ուզում այլ խոհանոցային զրույցների մեջ մտնել: Քանի որ մնացածը սպեկուլյացիա է:
Անդրադառնամ երկրորդ հարցին. ես չգիտեմ, թե ո՞վ է այդ ապուշը, որ ՀԱՊԿ-ը համարել է ձևական կառույց: Քանի կա Ռուսաստանը, կա ՀԱՊԿ-ը, չի լինի ՌԴ-ն` չի լինի ՀԱՊԿ-ը: Իսկ Ռուսաստանն այսօր օրեցօր զարգացնում է իր ռազմական հզորությունը, դրա հետ մեկտեղ աճում ու զարգանում է ՀԱՊԿ-ի հզորությունը:
Ինչ վերաբերում է ԼՂ հարցում ՀԱՊԿ անդամների ադրբեջանամետ դիրքորոշմանը, ապա ես որևէ մեկից նման հայտարարություն չեմ լսել: Տարածքային ամբողջականության մասին խոսում են բոլորը, նաև Մինսկի խումբը, դա միջազգային նորմ է: Բայց դրա հետ մեկտեղ բոլորը խոսում են նաև ինքնորոշման իրավունքի մասին, նաև այն մասին, որ այսօր միջազգային իրավուքում կան հակասություններ, այսինքն` ինչպե՞ս է, որ ճանաչում են Գերմանիայի վերամիավորումը, բայց Ղարաբաղի անկախությունը չեն ճանաչում: Ինչևէ, ես ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից չեմ լսել որևէ պաշտոնական հայտարարություն, որ Ղարաբաղի հարցում ամբողջությամբ կրկնի Ադրբեջանի դիրքորոշումը: Սա էլ դեռ թողնենք մի կողմ, վերջապես, կա Ռուսաստանի տեսակետը, որի շնորհիվ մենք այսօր Ադրբեջանի հետ լայնածավալ պատերազմի մեջ չենք: Եվ մեզ համար առանձնակի կարևոր են հայ-ռուասական հարաբերությունները:
-Ի՞նչ կասեք ՀՀ նախագահի France 24-ին տված հարցազրույցում ասված մտահոգության առնչությամբ, թե. “Հիմա այն վիճակն է, երբ լայնածավալ ռազմական գործողությունները կարող են սկսվել ոչ պլանավորված: Այսինքն` ցանկացած միջադեպ կարող է վերածվել ավելի մեծի, իսկ ավելի մեծը լայնածավալ ռազմական գործողություններն են: Մենք պատրաստ ենք դիմակայելու ցանկացած հարձակման”: Սա ընդունենք որպես ահազա՞նգ` ուղղված աշխարհին:
– Նախագահի խոսքը, այո, մեսիջ էր ուղղված աշխարհին: Բայց այն նաև մեզ է ուղղված: Քանի կա թուրքական կայսերապաշտությունը, ադրբեջանական ֆաշիզմը միշտ կլինի պատերազմի, ցեղասպանության վտանգը, եթե մենք չկարողանանք ճիշտ կազմակերպել մեր անվտանգությունը, մեր հարաբեությունները մեր դաշնակիցների հետ, չկարողանանք հզորացնել մեր բանակը, մեր տնտեսությունը ու չամրապնդենք մեր ազգային միասնությունը:
Հանրապետության նախագահը զգուշացնում է, որ մենք բոլորս պետք է լինենք աչալուրջ, զգաստ, ներքին պառակտումներից զերծ մնանք, որովհետև արտաքին սպառնալիքը շատ լուրջ է: Ուրեմն պետք է համախմբված լինենք մեր նախագահի ու բանակի շուրջ և որպես հասարակություն կարողանանք դիմագրավել մարտահրավերներին:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
