LIKE-ԵՐ` ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԻՄԱՑ
Արխիվ 12-16LIKE-ԵՐ` ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԻՄԱՑ
Արդեն վաղուց նորություն չէ, որ մեկ lik"-ի դիմաց կարելի է ամուսնացնել կամ էլ բաժանել հանրային դեմքերին, բայց որ կարելի է մի քանի ժամով մահացնել նրանց, արդեն անցնում է բոլոր սահմաններն ու դասվում աբսուրդի ժանրին: Մի քանի օր է` ողջ համացանցով մեկ շատ "լուրջ" տարածվում են երգիչ Անդրեի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի, դերասան Կարեն Մկրտչյանի եւ այլ հայտնի անձնավորությունների մահվան մասին լուրեր ու մի բան էլ առաջարկում` հղումով դիտել, թե ինչպես "մահացան" նրանք:
Մի պահ պատկերացրեք այն օգտատերերի զայրույթը, երբ ահաբեկված սեղմում են գույժը հայտնող տեսանյութի հղման վրա եւ լրիվ ուրիշ ինֆորմացիա ստանում: Օրերս էլ այդ "մահացածների" ցուցակում հայտնվեց նաեւ դերասան Սոս Ջանիբեկյանը, թե իբրեւ դերասանը մահացել է ավտովթարի հետեւանքով: Չնայած այս դեպքում այն իրականացավ մասամբ` մահացավ Սոսի հայրը` Կարեն Ջանիբեկյանը, բայց, պարզ է, ոչ ավտովթարից...
Այնուամենայնիվ զայրացնող է ու տհաճ, երբ ժամանակ առ ժամանակ հայտնի անձնավորությունների մահվան դիմաց like-եր հավաքելը "նորաձեւ է" դառնում: Տարիներ առաջ նույն սկզբունքով մի քանի անգամ "մահացավ" ու "վերակենդանացավ" երգչուհի Նադեժդա Սարգսյանը, ով բազմիցս հարցազրույցների ժամանակ բարկացել, նախատել ու սպառնացել է, որ դատի կտա ապատեղեկատվություն տարածողներին: Սակայն բարկանալով ու օդի մեջ սպառնալով, պարզվում է, ոչ մի հարց չի լուծվում ու ապատեղեկատվությամբ գումարներ կորզողներին էլ ոչնչով չես վախեցնի: Չնայած ինչ-որ տեղ նրա նախատինքներն իր ազդեցությունն ունեցել են. այս անգամ այդ ցուցակում բացակայում է տիկին Նադեժդայի անունը:
Պարզապես զարմանալի է, թե ինչու են լռում տեղեկատվական անվտանգության մասնագետներն ու ոստիկանությունը: Մի՞ թե դժվար է հայտնաբերել ու պատժել կեղծ պրոֆիլներով նման ստահոդ լուրեր տարածողներին ու պատասխանատվության կամ էլ վարչական տույժի ենթարկել, որպեսզի հաջորդ անգամ նման լուրեր տարածելուց առաջ մեկ վայրկյան կանգ առնեն ու հիշեն կրած տույժի մասին:
Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
