ԳՐԵԹԵ ՄԵԿ ՏԱՐԻ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԷՐ ՄԱՀՎԱՆ ԴԵՄ
Արխիվ 12-16ԳՐԵԹԵ ՄԵԿ ՏԱՐԻ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ
ՊԱՅՔԱՐՈՒՄ ԷՐ ՄԱՀՎԱՆ ԴԵՄ
ՀՀ Ժողովրդական արտիստ ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻ մահը որքան սպասելի, նույնքան էլ ցավալի էր հայ ժողովրդի համար: Սպասելի էր, որովհետեւ գրեթե մեկ տարի արտիստը տառապում էր չարաբաստիկ հիվանդության ձեռքին ու պայքարում կյանքի ու մահու դեմ: Իսկ ցավալի էր, որովհետեւ հայ թատերական դաշտում եւս մի մեծություն հեռացավ կյանքից:ՍԻՐՈՒՄ ԷՐ ԻՐԵՐՆ
ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ ԿՈՉԵԼ
Կարեն Ջանիբեկյան արտիստը այս կյանքում թողեց ոչ միայն մեծ գերդաստան, այլեւ շատ ու շատ կերտած դերեր` հայկական կինոյում ու թատրոնում: Այս ամենից բացի` վարպետն առանձնանում էր իր սուր հումորով, ումից երբեմն նեղսրտում էին իր հումորի կիզակետում հայտնված մարդիկ, երբեմն էլ` ժպիտով ընդունում, քանի որ ի վերջո հասկանում էին, որ Ջանիբեկյանն անկեղծ է ու սիրում է իրերն իրենց անուններով կոչել:
ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻ ԱՆԿԱՏԱՐ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ
Նա հաճախ էր հարցազրույցների ժամանակ ասում. "Սոսիս էլ ամուսնացնեմ ու...": Այդ փափագը, ավաղ, մնաց անկատար, բայց փոխարենը իրականացավ իր վերջին փափագը` "Վանա կատու" ներկայացման մեջ խաղալ Վանա կատվի կերպարը: Համենայնդեպս, "Իրավունքի" հետ վերջին զրույցներից մեկի ժամանակ դերասանը նոր էր տեղեկացել իր չարաբաստիկ հիվանդության մասին, այդ ժամանակ նա միայն կրկնում էր. "Ի վիճակի չեմ, չեմ կարողանում քայլել, հազիվ եմ քայլում: Ես մենակ ուզում եմ այդ ներկայացումը` "Վանա կատուն", կարողանամ խաղալ: Իմ մոտ ծանր հիվանդություն է հայտնաբերվել, թոքերի շատ վատ հիվանդություն ունեմ, որը հայտնաբերվեց հիմա` ես տառապում եմ: Ներկայացումն էլ անեմ-պրծնեմ ու նոր հանգիստ գնամ էն աշխարհ...":
Աստծո կամոք դերասանն ապրեց ու կերտեց իր վերջին դերը եւս, բայց, ցավոք, Կ. Ջանիբեկյանն այդ դերում խաղաց միայն մեկ անգամ:
"ԻՆՔՆ ԱՅԴՊԵՍ
ՑԱՆԿԱՑԱՎ, ՈՐ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐՆ ԻՐ ԱՆԿՈՂՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԻ..."
Ամիսներ առաջ, երբ "Իրավունքը" զանգահարեց Կ. Ջանիբեկյանին, որպիսությունն իմանալու համար, վարպետի հեռախոսն անջատված էր, զանգահարեցինք կնոջը` դրամատուրգ ԼԻԱՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆԻՆ, ով մեզ ցավով տեղեկացրեց, որ դերասանի առողջական վիճակն օրեցօր վատանում է. "Դե, վատառողջ է, մետաստազներն արդեն գլխուղեղում են, գիտակցությունը տեղը չէ. մեկ ճանաչում է, մեկ չի ճանաչում, մեկ ատում է, մեկ` շատ սիրում, մեկ` օգնություն խնդրում... 3-րդ մասի իր տանն է, ինքն այդպես ցանկացավ, որ վերջին օրերն իր անկողնում անցկացնի...": Վարպետի այրին նույնպես հաստատեց, որ իր հեղինակած ու բեմադրած ներկայացման մեջ Վանա կատու խաղալը փափագ էր Ջանիբեկյանի համար. "Իսկապես, իր համար փափագ էր, որ խաղար այդ ներկայացումը: Այդ ժամանակ Կարենը հազում էր, ու իրեն բուժում էինք թոքաբորբի դեմ, բայց երբ հետազոտության արդյունքում պարզվեց, որ նրա մոտ չարաբաստիկ հիվանդություն է, ասացի` Կարեն, քանի փորձերը չենք սկսել, ներկայացումը չանենք ու զբաղվենք քեզնով: Ասաց` ի՞նչ ես ասում, եթե ուզում ես իմ կյանքը երկարացնել, ուրեմն` դու պիտի դա անես, ու ես պիտի խաղամ, որպեսզի հանգիստ խղճով մեռնեմ... Այդպես, 2 ամիս 20 օր անց` ներկայացումն արդեն պատրաստ էր: Մինչ այդ էլ` իրեն ուզում էինք տանել քիմիաթերապիայի կուրս ընդունելու, չցանկացավ, ասաց. "Ո՛չ, մազերս կթափվեն, Վանա կատու չեմ կարող լինել, կխաղամ` նոր": Այդպես` մայիսի 28-ին նա խաղաց Վանա կատվի դերն ու հաջորդ օրն ընդունեց քիմիաթերապիա, որը արդյունք չտվեց, կեսից դադարեցրինք... Բայց քանի որ նա վատառողջ էր, միզանսցենն այնպես էի արել, որ իբրեւ թե ներկայացման ընթացքում ընկնում է, բայց նա պարզապես պառկում էր բեմում` հանգստանալու համար, եւ ամեն անգամ հանդիսատեսին թվում էր, որ նա իսկապես ընկնում է ու հաստատ էլ չի շարժվի...":
"ՍԻՐՏՍ ԲԱՐԱԿԵԼ Է, ՄԵԾ ՄԱՐԴ ԵՄ"
Կ. Ջանիբեկյան արտիստին նույնպես անհանգստացնում էր Հայոց ցեղասպանության ընդունման հարցը, բայց ինչպես ինքն էր ասում, արդեն մեծ մարդ էր ու սիրտն էլ չէր դիմանում: Անցյալ տարի ապրիլի 24-ին "Իրավունքի" հետ զրույցում ասաց. "Այսօր նայում եմ հեռուստացույցով Ցեղասպանության կադրերը, չեմ դիմանում, անջատում եմ, որովհետեւ սիրտս բարակել է, մեծ մարդ եմ: Երբ տեսնում եմ այդ երեխաներին, դիակները... Ա՜խ, ասում եմ` ես ձեր... թուրք... Ախր, ամբողջ ցավն այն է, որ առանց կռվի այդ հողերը տվեցինք, եւ թուրքը ծածանեց իր դրոշը հայաշատ հողերի վրա: Ախր եթե կռվով տայինք, ուրիշ հարց... բայց...":
Ներկայացրեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
