"ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ" ՍԽԱԼՆԵՐԻ ՇԱՐԱՆՆ ՍԿՍՎԵԼ Է 2012 ԹՎԱԿԱՆԻՑ"
Արխիվ 12-16ՇԱՐԱՆՆ ՍԿՍՎԵԼ Է 2012 ԹՎԱԿԱՆԻՑ"
Գնալով ակնհայտ են դառնում "Ժառանգություն" կուսակցության ներսում խժդժությունները, սակայն այն, ինչ տեղի է ունենում "Ժառանգությունում", փոփոխություն է, այլ ոչ թե քայքայում է, ասաց "ժառանգական" ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ, ով չնայած մեզ ասում է, որ չի քննադատի իր կուսակիցներին, բայցեւ նշում է, որ "Ժառանգության" սխալները շատ են: Նրա խոսքով` սխալների շարանն սկսվել է 2012-ից, երբ ԱԺ ընտրություններից առաջ որոշում է կայացվել "Ազատ դեմոկրատների" հետ թեկնածուների ցուցակը կազմել, որի համար հիմա ափսոսում են:
Հաջորդ սխալը 2013-ի նախագահական ընտրություններից Րաֆֆի Հովհաննիսյանի սպասումներն էին, որը ըստ Ս. Սաֆարյանի` չնայած շատ մեծ էին, բայց դրանք սպասարկել չի ստացվել: "Այսինքն ես տխրում եմ, որ առիթներ տալիս ենք ընտրողներին հիասթափվելու մի կուսակցությունից, որն իմ պատկերացմամբ նոր մշակույթ եւ նոր ոճ էր բերել, շատ ճկուն էր քաղաքական օրակարգի վերասահմանման հարցում",- ասում է Ս. Սաֆարյանը: Նրա խոսքով` առանց այն էլ ընդդիմադիր կուսակցությունները չափազանց թույլ են եւ նույն կուսակցության կողմից պարբերաբար սխալներ թույլ տալը վտանգավոր է, իսկ "Ժառանգության" ուժը միշտ եղել է կամավոր սկզբունքներով գործունեություն ծավալող, ինտելիգենտ, գրագետ, ժողովրդի կողքին կանգնած կուսակցություն լինելը: "Ասում էին, որ այն նոր քաղաքական մշակույթ է բերում, որովհետեւ մենք չէինք ասում` Ռոբերտ, հեռացիր, Սերժ հեռացիր, մենք հանրային խնդիրներ էինք բարձրացնում: "Ժառանգության" մասին խոսելիս միշտ ասում էին, որ մենք ստրատեգիական միտք ունենք: Հուսանք, որ այն, ինչ տեղի է ունենում "Ժառանգությունում", փոփոխություն է, այլ ոչ թե` քայքայում, բայց մյուս կողմից բազմաթիվ սխալները եւ բազմաթիվ ներքին խնդիրները կուսակցությանը կարող են կանգնեցնել լուրջ փոփոխությունների առջեւ",- ասում է Ս. Սաֆարյանը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
