ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՁԵՌՔ ՁԵՌՔԻ ՏՎԱԾ` ՊԱՅՔԱՐԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Արխիվ 12-16
Երեկ ԱԺ-ում ելույթ ունենալով Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923թթ. իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին նախագծի մասին, ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նախ շնորհակալություն հայտնեց հեղինակային խմբին` կարեւոր փաստաթղթի նախապատրաստման եւ ժամանակին կատարած նախաձեռնության համար: Այնուհետ պատգամավորը ներկայացրեց իր մի քանի առաջարկությունները` փաստաթղթի վերաբերյալ."Թուրքիան այսօր շարունակում է ցեղասպանական գործողությունները եւ քաղաքականությունը, որը ոչ միայն անցյալ է, այլեւ դա Թուրքիայի ներկան է: Դրա ապացույցն է ասորիների ու հույների ցեղասպանության մերժողականությունը, դրա ապացույցն է պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, որը մեր ժողովուրդը կերտում էր հազարամյակների ընթացքում` Արեւմտյան Հայաստանում: Նույնը վերաբերում է մյուս ժողովուրդներին, ովքեր կատարել են իրենց ներդրումը պատմամշակութային զարգացման ընթացքում` իրենց բնօրրաններում: Դրա ապացույցն է` ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումը ներկայիս Թուրքիայում: Այն, որ նրանք շարունակում են ցեղասպան գործողությունը Հայաստանի նկատմամբ, ապացուցվում է նաեւ մեր դեմ սանձազերծած ինֆորմացիոն պատերազմում: Հայաստանի շրջափակումը նույնպես այդ քաղաքականության ապացույցն ու հետեւանքն է:
Թուրքիան, ըստ էության, դարձել է կողմ` ԼՂՀ-ի դեմ գործողությունների առումով եւ Ադրբեջանի հետ կատարում է ԼՂՀ-ի դեմ ուղղված քայլերը, իսկ հնարավորության դեպքում կկատարի նաեւ նոր ցեղասպանություն, ինչը մենք տեսել են 90-ական թվականներին` թուրքական երկրորդ պետության տարածքում":
Պատգամավորը նաեւ կարեւորեց ցեղասպանության զոհերի իրավունքների ոտնահարման հարցը` ասելով.
"Այսօր Թուրքիայում ցեղասպանվածների ժառանգները դեռեւս շարունակում են տուժել, որովհետեւ չի վերականգնվել ո՛չ պատմական, ո՛չ բարոյական եւ ո՛չ էլ անգամ նյութական առումով` արդարությունը: Թուրքիան հռչակել է նեոօսմանիզմի քաղաքականությունը: Այսօր Թուրքիան ակնհայտ աջակցում է իսլամիստ ծայրահեղականներին` Մերձավոր Արեւելքում, որի մասին փաստել է Սիրիայի նախագահը: Բազում ապացույցներ կան, որ Թուրքիան է կազմակերպում մեր հայրենակիցների վրա ցեղասպանագործ հարձակումը Սիրիայում, եզդիների ու ասորիների դեմ իսլամիստ ծայրահեղականների գործողությունները: Իսկ երբ ուղղակիորեն չի կազմակերպել, ապա աջակցել է ե՛ւ բարոյապես, ե՛ւ նյութապես: Մենք պետք է հասկանանք, որ Իսլամական պետությունը, որը աշխարհի համար լրջագույն խնդիրն է, իր ոճրագործական քաղաքականությունը քրիստոնյաների դեմ ընդօրինակել է թուրքական քաղաքականությունից: Այսօր, երբ քրիստոնյա ասորիները եւ եզդիները կրկին ենթարկվում են ցեղասպանության Հյուսիսային Իրաքում, Սիրիայում դա կապված է 100 տարի առաջվա գործողությունների հետ: Մենք պետք է ներկայիս իրավիճակը եւս արձանագրենք մեր հայտարարության մեջ":
ՍԻՄ նախագահը առաջարկեց նաեւ, որ ասորիների դեմ այսօրվա գործողությունները պետք է նույնպես խիստ դատապարտել եւ հնարավորություն ստեղծել, որ ասորիները քաղաքական ապաստան գտնեն Հայաստանում: Այդ առումով պետք է առաջարկել վերաբնակեցման ծրագիր:
"Այսօր կարող ենք նաեւ այլ երկրների ու առաջադեմ մարդկության հետ ձեռք ձեռքի տված` կանխել նորանոր ցեղասպանությունները` գնահատելով կատարված ու կատարվող ցեղասպանությունները: Հունաստանի, Կիպրոսի եւ այն երկրների հետ, ովքեր գիտակցում են Թուրքիայի վտանգավորության աստիճանը, պետք է կարողանանք լուծել մի շարք խնդիրներ` ե՛ւ քաղաքական մերժողականության, ե՛ւ մեր ժողովուրդների պատմամշակութային արժեքներին տեր կանգնելը:
Պետք է նշենք, որ աշխարհաքաղաքական կարեւոր փուլում ենք գտնվում, եւ Համահայկական հռչակագիրը, որը հնչեց ամենաբարձր մակարդակով, արտահայտելով հայոց կարծիքը, պետք է նոր թափ հաղորդի մեր պայքարին: Մեր պայքարը ոչ միայն պատմական արդարության համար է, այլեւ մեր ապագայի անվտանգությունն ապահովելու, երաշխավորելու համար ցեղասպանագործ պետություններից:
Մենք պետք է նորից վերհիշենք 100 տարի առաջ տեղի ունեցածը եւ չմոռանանք մեր երկրի անվտանգության մասին: Թուրքական երկու պետությունները, եթե հնարավորություն ունենան հայերի նոր ցեղասպանություն անել, դա կանեն նաեւ հիմա: Այս պարագայում, երբ վերոնշյալ պետություններն ամեն օր ճոճում են զենքերը, ցավոք, մեզ մոտ գտնվում են գործիչներ, ովքեր անպատեհ առիթներով փորձում են ցեխ շպրտել մեր դաշնակիցների վրա: Այս պարագայում չի կարելի դա գնահատել ոչ այլ կերպ, քան, մեղմ ասած, ոչ խոհեմ քաղաքականություն":
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
