ՀՈՒՅՆԵՐԻ ԵՎ ԱՍՈՐԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄՈՎ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16ՀՈՒՅՆԵՐԻ ԵՎ ԱՍՈՐԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
ՃԱՆԱՉՈՒՄՈՎ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԱԺ քառօրյան մեկնարկեց կարեւորագույն նախագծով` Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Հարկ է նշել, որ այժմ` ապրիլի 24-ին ընդառաջ, ամեն ինչ անցնում է հիմնականում 100-ամյակի լույսի ներքո: Ի դեպ, բուն ապրիլի 24-ին սպասվելիք այցելություններն էլ են հետաքրքիր: Այսպես, Ֆրանսուա Օլանդը ժամանելու է շուրջ 120 հոգանոց պատվիրակությունով, իսկ Վլադիմիր Պուտինը, ըստ պաշտոնական աղբյուրների, ժամանելու է այնպիսի անձնավորության հետ, ով հաճելի անակնկալ կլինի հայերի համար, եւ հիմա լրագրողները եւ քաղաքագետները փորձում են լուծել այդ գլուխկոտրուկը, թե ում մասին է խոսքը:
ՀԱՐՑ, ՈՐԻ ՇՈՒՐՋ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Հույների եւ ասորիների ցեղասպանության ճանաչման փաստաթղթի շուրջ կատարյալ համերաշխություն է` այն պաշտպանվում է ԱԺ 6 խմբակցությունների կողմից, եւ պատգամավորների առաջարկները մեծամասամբ տեխնիկական բնույթի էին:
Միակ սկզբունքային հարցը, որ արծարծվեց` թե ինչու նախագծում ընդգրկված չէ եզդիների ցեղասպանությունը: Դրան ի պատասխան` Էդուարդ Շարմազանովը նշեց, որ փաստաթուղթը վերաբերում է քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությանը, իսկ ինչ վերաբերում է եզդիներին, ապա հարկ է առանձին փաստաթուղթ նախապատրաստել` սերտորեն համագործակցելով եզդի համայնքի ու պատմաբանների հետ, որպեսզի այդ փաստաթուղթը լինի լրիվ անխոցելի: Ի դեպ հայտնի է դարձել, որ ԱԺ-ում անցկացվելու է եզդիների եւ քրդերի ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես:
Սակայն տարօրինակ մոտեցումներ դրսեւորողներ էլ եղան, ճիշտ է` հատուկենտ: Օրինակ, Հրանտ Բագրատյանի ելույթից ուղղակիորեն փչում էր ամերիկա-թուրքական լոբբինգի գարշահոտությունը, Սամվել Ֆարմանյանի ելույթը տարօրինակաբար շատ մոտ էր ԼՏՊ-ի դիրքորոշմանը, իսկ Գուրգեն Արսենյանն էլ հանկարծակի հայտարարեց, որ քրդերի ցեղասպանություն, որպես այդպիսին, չի եղել:
Ինչեւէ, այնուամենայնիվ, գործնականում ոչինչ չի խանգարում միասնական փաստաթղթի ընդունմանը, եւ դրանով գործնական քաղաքականության մակարդակում ամրապնդվում եւ ընդլայնվում է հակաթուրանական դաշինքը:
Սակայն Թուրանի կողմնակիցները քնած չեն ոչ միայն Թուրքիայում եւ Ադրբեջանում, այլեւ այլ թուրքալեզու երկրներում, եւ ոչ հաճելի հանգամանքն այն է, որ ի դեմս ամերիկյան սնուցում ունեցողների, նաեւ ծպտված ու բացահայտ կողմնակիցներ են ձեռք բերում Հայաստանում:
ՈՉ ՀԱՃԵԼԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՄԻՆԵՐ
Հայաստանի ներկայիս փոփոխական եղանակը լիովին համապատասխանում է աշխարհաքաղաքական եղանակին: Այսպես, ԵՏՄ-ի հակառակորդները այժմ ձգտում են հնարավորինս շատ ամբիոն տրամադրել Ղազախստանի այն քաղաքագետներին, ովքեր մոլի պանթուրքիստներ են, ու այդպիսիների հարցազրույցներն արդեն շրջանառվում են Հայաստանի լրատվական դաշտում: Այդ հարցազրույցների հիմնական հաղորդագրությունը հետեւյալն է` Հայաստանը մեզ պետք չէ, մեզ համար նախընտրելի են Ադրբեջանը եւ Թուրքիան, եւ ընդհանրապես ԵՏՄ-ն մեզ համար ռուսներից խաղաղ բաժանվելու միջոց է ու ոչ ավելին:
Բայց առավել շատ քննարկման առարկա դարձավ հայտնի հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովի այցը Բաքու եւ այն, ինչը այցի վերաբերյալ հաղորդեցին ադրբեջանական ԶԼՄ-ները: Այնտեղ նա շռայլ գովասանքներ է շաղ տվել Իլհամ Ալիեւի հասցեին, եւ ըստ այդ նույն ԶԼՄ-ների` նշել է, որ Ալիեւը իրեն դրսեւորել է որպես խոսքի տեր մարդ, ու նաեւ ահագին ծավալվել է միջպետական հարաբերությունների մասին: Ինչեւէ, ուշագրավն այն է, որ ռուսական ԶԼՄ-ները լռության են մատնել այդ այցը, բայց միաժամանակ առայժմ հերքումներ էլ չեն հնչել: Եթե որոշ վերապահումներով հաշվի առնենք ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդածը, ապա հարց է ծագում` ո՞ւմ կողմից էր Կիսելյովը լիազորված` հայտարարություններ անել միջպետական հարաբերությունների մասին եւ արդյո՞ք լիազորված էր: Չէ՞ որ պաշտոնական կարգավիճակով նա ոչ թե ՌԴ պաշտոնական տեսակետն արտահայտող պաշտոնյա է, այլ` ԶԼՄ-ի ղեկավար:
Բայց հարկ է նշել, որ Բաքվում առավել քան ոգեւորվել են, եւ պատերազմական հռետորաբանությունը հասել է գագաթնակետին, նույնիսկ պարծենկոտ հայտարարություններ են հնչում, թե նաեւ դուրս կգան Սեւանի ափ եւ կմտնեն Երեւան: Քանի որ այդ գլուխգովանությունների իրական գինը Երեւանում լավ գիտեն, ապա պետական այրերը բավականին հանգիստ են վերաբերվում այդ հայտարարություններին եւ տալիս են հանդարտ մեկնաբանություններ, իսկ քաղաքական մեկնաբանները եւ բլոգերները ուղղակի ծաղրի են ենթարկում մազութային սուլթանատի բռնակալի պարծենկոտությունը:
Չպետք է մոռանալ, որ Երեւանում էլ մի տեսակ աճել է ամերիկամետ ակտիվությունը: "Նարնջագույնները" թեւավորվել են այն հանգամանքով, որ Երեւանում անցած Եվրանեսթի գագաթաժողովի ընթացքում ընդունվել են նաեւ որոշ հակառուսական փաստաթղթեր: Ճիշտ է, հայկական կողմը դրան գործնականում մասնակցություն չի ունեցել, ու այդպիսի բանաձեւերի կանխումը պրոբլեմատիկ կլիներ, սակայն որոշակի ազդեցություն մթնոլորտի վրա դա թողնում է: Օրինակ, Զարուհի Փոստանջյանը ԱԺ բերեց նախագիծ` ճիվաղ Պերմյակովին հանձնելու վերաբերյալ, ու բոլոր ընդդիմադիր խմբակցությունները դրան կողմ քվեարկեցին, քվեների քանակը հասցնելով 42-ի:
Ակնհայտորեն ակտիվացել է եւ հակաբանակային քարոզչությունը, ու սոցիալական ցանցերում արդեն այնքան էլ հեշտ գործ չէ այդ դավաճանական քարոզը զսպելը, եւ, թերեւս, հասունացել է առաջին ռեպրեսիվ քայլերի կիրառումը: Նաեւ որոշ լուրջ քաղաքագետներ այնքան էլ ոչ միանշանակ են գնահատում մայիսի 21-ին Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովում Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ որեւէ քաղաքական փաստաթղթի ստորագրումը: Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի. "Իհարկե հնարավոր է, որ ստորագրի, բայց դա չի նշանակում, որ դա անպայման տեղի կունենա, որովհետեւ այս փաստաթղթում առաջին հերթին շատ աշխատանք է պետք կատարել` թե՛ տեխնիկական, թե՛ քաղաքական առումով: Այդ աշխատանքը հիմա, իհարկե, արվում է, բայց այն շատ է եւ լուրջ մոտեցում է պահանջում": Բայց միաժամանակ նա նշում է, որ առանց Մոսկվայի համաձայնության` դժվար թե որեւէ բան ստորագրվի. "Այսինքն, նման դեպքերում միշտ խաչաձեւ համաձայնեցման գործընթաց է սկսվում: Ամեն դեպքում այս հարցի հետ կապված` կարծես դեռեւս խոչընդոտներ չկան, եւ շատ հավանական է, որ ստորագրումը տեղի կունենա: Բայց մենք բոլորս ապրում ենք իրական աշխարհում, որտեղ ամեն ինչ փոփոխական է եւ ցանկացած պահի կարող են խոչընդոտներ առաջանալ եւ դժվարացնել փաստաթղթի ստորագրումը: Հիշում եք երեւի, որ նման իրավիճակ առաջացավ Վիլնյուսի գագաթաժողովում":
Ըստ էության, քաղաքագետը նշում է մոտավորապես նույն իրավիճակի կրկնությունը, ինչ կար մինչ 2013-ի սեպտեմբերը, սակայն էապես ավելի թույլ արտահայտված: Իսկ ընդհանրապես քաղաքական եւ լրատվական դաշտում մի տեսակ, կարծես թե, արմատականանում են արեւմտամետ քամիները, մինչդեռ ՀՀ նախագահը առավել քան զուսպ է արտահայտվում` ընդամենը մատնանշելով, որ Հայաստանի համար անցանկալի է ամբողջ ծավալով սառը պատերազմի վերսկսումը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ: Դե պարզ է, որ իրավիճակի սրման դեպքում աշխարհաքաղաքական պտտահողմերը կարող են անցնել եւ մեր տարածքով, ինչի հետեւանքները դժվար կանխատեսելի են:
Սակայն պարզ է նաեւ, որ ռազմավարական առումով ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցելը, ԵՏՄ-ի քաղաքակրթական տարածքում գտնվելը անշրջելի է: Իսկ Արեւմուտքի հետ առավել քան նվազ հարաբերություններ ունենալը կախված է քաղաքակրթական հակամարտության սրությունից: Եթե հակամարտությունը շատ սուր լինի, ապա համագործակցությունը Արեւմուտքի հետ կհասնի գրեթե զրոյի, իսկ հակամարտության թուլացման դեպքում բավականին լայն համագործակցություն կարող է լինել: Բայց այդտեղ էլ կա կարեւոր մանրուք, այնպիսի դետալ, որում կարող է "սատանա" թաքնված լինել` իզուր չէ, որ Իսկանդարյանը մատնանշում է տեխնիկապես ոչ պատրաստ լինելու հավանականությունը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
