ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՁԵՌՔ-ՁԵՌՔԻ ՏՎԱԾ ՊԱՅՔԱՐԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
Արխիվ 12-16ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՁԵՌՔ-ՁԵՌՔԻ ՏՎԱԾ ՊԱՅՔԱՐԵԼ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
Այսօր ԱԺ-ում ելույթ ունենալով Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923թթ. իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին նախագծի մասին, ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նախ շնորհակալություն հայտնեց հեղինակային խմբին կարեւոր փաստաթղթի նախապատրաստման եւ ժամանակին կատարած նախաձեռնության համար: Այնուհետ պատգամավորը ներկայացնեց իր մի քանի առաջարկությունները փաստաթղթի վերաբերյալ.
Թուրքիան այսօր շարունակում է ցեղասպանական գործողությունները եւ քաղաքականությունը, որը ոչ միայն անցյալ է, այլեւ դա Թուրքիայի ներկան է: Դրա ապացույցն է ասորիների ու հույների ցեղասպանության մերժողականությունը, դրա ապացույցն է պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, որը մեր ժողովուրդը կերտում էր հազարամյակների ընթացքում Արեւմտյան Հայաստանում: Նույնը վերաբերում է մյուս ժողովուրդներին, ովքեր կատարել են իրենց ներդրումը պատմամշակութային զարգացման ընթացքում՝ իրենց բնօրաններում: Դրա ապացույցն է ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարում ներկայիս Թուրքիայում : Այն, որ նրանք շարունակում են ցեղասպան գործողությունը Հայաստանի նկատմամբ, ապացուցվում է նաեւ մեր դեմ սանձազերծած ինֆորմացիոն պատերազմում: Հայաստանի շրջափակումը նույնպես այդ քաղաքականության ապացույցն ու հետեւանքն է:
Թուրքիան, ըստ էության, դարձել է կողմ ԼՂՀ-ի դեմ գործողությունների առումով եւ Ադրբեջանի հետ կատարում է ԼՂՀ-ի դեմ ուղղված քայլերը, իսկ հնարավորության դեպքում կկատարի նաեւ նոր ցեղասպանություն, ինչը մենք տեսել են 90-ական թվականներին թուրքական երկրորդ պետության տարածքում:
Պատգամավորը նաեւ կարեւորեց ցեղասպանության զոհերի իրավունքների ոտնահարման հարցը՝ ասելով.
<Այսօր Թուրքիայում ցեղասպանվածների ժառանգները դեռեւս շարունակում են տուժվել, որովհետեւ չի վերականգնվել ոչ պատմական, ոչ բարոյական եւ ոչ էլ անգամ նյութական առումով՝ արդարությունը: Թուրքիան հռչակել է նեոօսմանիզմի քաղաքականությունը: Այսօր Թուրքիան ակնհայտ աջակցում է իսլամիստ ծայրահեղականներին՝ մերձավոր արեւելքում, որի մասին փաստել է Սիրիայի նախագահը: Բազում ապացույցներ կան, որ Թուքրան է կազմակերպում մեր հայրենակիցների վրա ցեղասպանագործ հարձակումը Սիրիայում, եզդիների ու ասորիների դեմ իսլամիստ ծայրահեղականների գործողություննրը: Իսկ երբ ուղղակիորեն չի կազմակերպել, ապա աջակցել էլ եւ բարոյապես եւ նյութապես: Մենք պետք է հասկանանք, որ իսլամական պետությունը, որը աշխարհի համար լրջագույն խնդիրն է, իր ոճրագործական քաղաքականությունը քրիստոնեաների դեմ ընդօրինակել է թուրքական քաղաքականությունից: Այսօր, երբ քրիստոնեա ասորիները ու եզդիները կրկին ենթարկվում են ցեղասպանության հյուսիսային Իրաքում, Սիրիայում դա կապված է 100 տարի առաջվա գործողությունների հետ: Մենք պետք է ներկայիս իրավիճակը եւս արձանագրենք մեր հայտարարության մեջ>:
ՍԻՄ նախագահը առաջարկեց նաեւ, որ ասորիների դեմ այսօրվա գործողությունները պետք է նույնպես խիստ դատապարտել եւ հնարավորություն ստեղծել, որ ասորիները քաղաքական ապաստան գտնեն Հայաստանում: Այդ առումով պետք է առաջարկել վերաբնակեցման ծրագիր:
<Այսօր կարող ենք նաեւ այլ երկրների ու առաջադեմ մարդկության հետ ձեռք-ձեռքի տված կանխել նորանոր ցեղասպանությունները գնահատելով կատարված ու կատարվող ցեղասպանությունները: Հունաստանի, Կիպրոսի եւ այն երկրների հետ ովքեր գիտակցում են Թուրքիայի վտանգավորության աստիճանը, պետք է կարողանանք լուծել մի շարք խնդիրներ՝ եւ քաղաքական մերժողականության, եւ մեր ժողովուրդների պատմամշակութային արժեքներին տեր կանգնելը:
Պետք է նշենք, որ աշխարհաքաղաքական կարեւոր փուլում ենք գտնվում եւ Համահայկական հռչակագիրը, որը հնչեց ամենաբարձր մակարդակով, արտահայտելով հայոց կարծիքը, պետք է նոր թափ հաղորդի մեր պայքարին: Մեր պայքարը ոչ միայն պատմական արդարության համար է, այլեւ մեր ապագայի անվտանգությունը ապահովելու, երաշխավորելու համար ցեղասպանագործ պետություններից:
Մենք պետք է նորից վերհիշենք 100 տարի առաջ տեղի ունեցածը եւ չմոռանանք մեր երկրի անվտանգության մասին: Թուրքական երկրու պետությունները, եթե հնարավորություն ունենան հայերի նոր ցեղասպանություն անել, դա կանեն նաեւ հիմա: Այս պարագայում, երբ վերոնշյալ պետություններն ամեն օր ճոճում են զենքերը, ցավոք, մեզ մոտ գտնվում են գործիչներ, ովքեր անպատեհ առիթներով փորձում են ցեխ շպրտել մեր դաշնակիցների վրա: Այս պարագայում չի կարելի դա գնահատել ոչ այլ կերպ, քան, մեղմ ասած, ոչ խոհեմ քաղաքականություն>:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
