ՌՈՒՍՏԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ` ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ. «ՄԵՆԱԿ ԿՌԻՍՆԵՐԸ ԿԱՐԱՆ ՏԵՆՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵՆ»
Արխիվ 12-16ՌՈՒՍՏԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ` ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ.
«ՄԵՆԱԿ ԿՌԻՍՆԵՐԸ ԿԱՐԱՆ ՏԵՆՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՆԵՆ»
«Իրավունքն» այսօր նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանին մի քանի հարց ուղղեց նրա ու ԲՀԿ-ի հարաբերությունների, որդու դեմ հարուցված քրեական գործի, ԵԿՄ-ի հետ ունեցած խնդիրների մասին:
- Պարոն Գասպարյան, ձեր որդու դեմ հարուցված քրեական գործն այս պահին ի՞նչ փուլում է, որեւէ նորություն կա՞:
- Չկա նորություն:
-Գործը չի՞ կարճվել:
- Դեռ`ոչ:
- Պրն Գասպարյան, ԲՀԿ-ից դուրս գալուց հետո մի շարք լրատվամիջոցներ գրեցին, որ կուսակցությունը լքել եք հանուն Ձեր որդու, ով իրավապահների հետ խնդիր ունի:
- Չկա նման բան: Եթե այդպես լիներ, երբ տղաս կալանավորված էր, այն ժամանակ ԲՀԿ-ից դուրս կգայի:
- Ինչո՞ւ դուրս եկաք ԲՀԿ-ից, ի՞նչը Ձեզ ստիպեց լքել կուսակցությունը:
- Ես կուսակցություն էի մտել Գագիկ Ծառուկյանի խնդրանքով: Ես եղել եմ ազատամարտիկ, չեմ ցանկացել մտնել կուսակցության մեջ: Բայց Գագիկ Ծառուկյանի հետ զրուցելուց հետո իր խնդրանքով, համ էլ ծրագրերն էին հոգեհարազատ ինձ, մտա կուսակցություն:
- Իսկ միգուցե ԲՀԿ-ն իշխանափոխություն չարեց, դրա համա՞ր դուրս եկաք կուսակցությունից:
- Գիտեք, ես այսօր ավելի անկախ կարող եմ գործել, քան այն ժամանակ, երբ կուսակցության մեջ էի:
- Բայց քննադատություն հնչեց այն պատգամավորների հասցեին, որոնք կուսակցությունը ծանր օրերին լքեցին:
- Ընդհակառակը: Ծանր օրերին ես կուսակցության կողքին էի: Երբ Ծառուկյանը հայտարարեց, որ դուրս է գալիս կուսակցությունից, ես այնտեղ մնալու բան չունեի:
- Ձեր ղեկավարած «Ազատամարտիկների դաշինք» միությունն այսուհետ ո՞վ է հովանավորելու: Նախկինում այն, ըստ լուրերի, հովանավորում էր Գագիկ Ծառուկյանը:
- Ծառուկյանը նախկինում էլ չէր հովանավորում: Ճիշտ է, որպես գործարար, ֆինանսական աջակցություն ցույց տվել է:
- Իսկ հիմա ֆինանսապես աջակցո՞ւմ է:
- Ոչ:
- Ձեր ղեկավարած դաշինքը իշխանափոխության հարց հնարավո՞ր է բարձրաձայնի:
- Առայժմ նման հարց չի քննարկվում:
- ԵԿՄ-ի մի քանի անդամների Ձեր ունեցած խնդիրներն ինչպե՞ս հանգուցալուծվեցին:
- Խնդիր չի էլ եղել: Ամեն ինչ նորմալ է: Մենք բոլորս երկրապահ ենք հոգով:
- ԺԿ առաջնորդ Տիգրան Կարպետյանն «Իրավունքի» հետ զրույցում ԲՀԿ-ն լքածներին համեմատել էր նավից փախչող կռիսների հետ: Ինչպե՞ս եք արձագանքում այս հայտարարությանը:
- Ես չգիտեմ` Տիգրան Կարապետյանն արե՞լ է նման հայտարարություն, թե` ոչ:
- Այո, արել է:
- Բայց ամեն դեպքում կարամ ասեմ` կռիսները կարան տենց հայտարարություն անեն, եթե, իհարկե, նա արել է նման հայտարարություն:
- Իսկ ԲՀԿ-ի հետ այս պահին ինչպիսի՞ն են հարաբերությունները:
- Շատ մտերիմ: Ինչպես նախկինում էին հարաբերությունները մտերմիկ, այնպես էլ հիմա է:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
