«ԿՈՂՄ ԵՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ» ՆԱԵՎ ՕՆԼԱՅՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ
Արխիվ 12-16«ԿՈՂՄ ԵՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ» ՆԱԵՎ ՕՆԼԱՅՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ
Սահմանադրական բարեփոխումների հարցը տեղափոխվել է նաեւ օնլայն տիրույթ` այս կարեւորագույն խնդրին հաղորդակից դարձնելով հանրության առավել լայն շրջանակներին: Այս կապակցությամբ բացվել է «Կողմ եմ սահմանադրական բարեփոխումներին» ֆեյսբուքյան էջը, որը հետապնդում է երեք հիմնական նպատակ. «Համախմբել վիրտուալ միջավայրում ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների եւ խորհրդարանական կառավարման ձեւի կիրառման կողմնակիցներին, իրականացնել սահմանադրական բարեփոխումների հետ կապված քարոզչություն, ներկայացնել սահմանադրական բարեփոխումներին վերաբերող իրադարձությունները, ինչպես նաեւ նյութեր պառլամենտարիզմի պատմությունից»: Իսկ որպես հեռակա նպատակ` էջի ադմինիստրատորները նշում են. «Այն միտված է Հայաստանի կառավարման համակարգը զտել անձակենտրոնությունից, քանզի ներկայումս ինչպես պետական կառավարման համակարգում, այնպես էլ տարբեր քաղաքական միավորներում առկա են կայացման ու զարգացման ոչ գաղափարական հիմքեր. գրեթե բոլոր կառույցները սպասարկում են անձերի անհատական եւ խմբային շահերը, այդ իսկ պատճառով անձակենտրոնությունը դրսեւորվում է ոչ միայն որպես ազգային բնավորության գիծ, այլեւ Հայաստանի զարգացմանը խոչընդոտող գործոն»: Ի գիտություն էլ` «Կողմ եմ սահմանադրական բարեփոխումներին» էջը իրազեկում է.
«Խորհրդարանական կառավարման համակարգը հնարավորություն է ընձեռում երկրի կառավարումն իրագործել ոչ թե անձի կամ մի քանի անձերի կայացրած կամայական եւ սուբյեկտիվ որոշումների, այլ քաղաքական համախմբերի գործունեության արդյունքում ծնված կոլեկտիվ որոշումների հիման վրա, քանզի երկրում զգալիորեն աճում է ինչպես վարչապետի, այնպես էլ Ազգային ժողովի դերակատարությունը: Մենք համոզված ենք, որ սահմանադրական բարեփոխումները եւ խորհրդանական կառավարման մոդելը մեծապես կնպաստեն Հայաստանի զարգացմանը: 1995 եւ 2005 թվականների սահմանադրական բարեփոխումները, համապատասխանաբար խիստ նախագահական եւ կիսանախագահական կառավարման մոդելների կյանքի կոչմանը պետք է հաջորդի մյուս կարեւոր քայլը, որի իրագործումը որակական նոր հարթության կբարձրացնի եւ քաղաքական մշակույթի նոր ավանդույթներով կհարստացնի հայաստանյան քաղաքական համակարգը»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
