ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ. «ՇԱՏԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ՀԵՆՑ «ԱՐՏ ՖԵՍՏԻՑ»»
Արխիվ 12-16ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ. «ՇԱՏԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ՀԵՆՑ «ԱՐՏ ՖԵՍՏԻՑ»»

«Մեկ տանիքի ներքո» խորագրով «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնն այս տարի կանցկացվի մայիսի 11-ից հունիսի 11-ը: Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը` ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, ի տարբերություն նախորդ երկու տարիների` երկու շաբաթի փոխարեն շուրջ մեկ ամիս հանրությանը կներկայացնի արվեստի մի քանի ճյուղեր` թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, դիզայն եւ դեկորատիվ կիրառական արվեստ եւ երգարվեստ: «ԱՐՏ ՖԵՍՏ»-ն արդեն 3-րդ տարին է` 16-35 տարեկան երիտասարդ ստեղծագործողներին հնարավորություն է ընձեռում ինքնադրսեւորվելու, սեփական ստեղծագործությունները ներկայացնելու` ձեւավորելով համագործակցության հեռանկարային լայն շրջանակներ: Ցուցադրություններից հետո մասնագիտական հանձնախումբը արվեստի ամեն տեսակից որոշում է` ոսկե, արծաթե, բրոնզե մրցանակակիրներին: «Իրավունքի» հետ զրույցում փառատոնի հիմնադիր-տնօրեն ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ հավաստիացրեց, որ գրեթե 2 օր է` մեկնարկել է հայտերի ընդունումը, եւ արդեն նկատվում է յուրատեսակ աշխուժություն` երիտասարդների կողմից:
«ԱՐՎԵՍՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ` ՄԵԿ ՏԱՆԻՔԻ ՆԵՐՔՈ»
- Միակ երիտասարդական բազմաժանր փառատոնն այս տարի ինչո՞վ կառանձնանա նախորդ երկուսից:
- Այո՛, ազդարարվեց «ԱՐՏ ՖԵՍՏ 2015»-ի մասնակիցների հայտագրման մեկնարկը: Եվ քանի որ ունենք նորամուծություններ, այս տարի փառատոնը կիրականացվի մի ամբողջ ամիս` մայիսի 11-ից հունիսի 11-ը: Հաշվի առնելով «ԱՐՏ ՖԵՍՏ»-ի ձեւաչափը, որ նաեւ կարգախոս է` «Արվեստի տեսակները` մեկ տանիքի ներքո», նախորդ տարվա փառատոնի ավարտին մտադրվեցինք ընդլայնել մասնագիտական շրջանակը` ներմուծելով արվեստի նոր ճյուղեր: Հաշվի առնելով երիտասարդական ստեղծագործական խմբերի մի քանի առաջարկություններ, որոշում կայացվեց արդեն եղած վեց ճյուղերին (թատերական արվեստ, կինոարվեստ, գեղանկարչություն, քանդակագործություն, լուսանկարչություն, գրաֆիկա) ավելացնել երգարվեստը, դիզայնը եւ դեկորատիվ կիրառական արվեստը: Երգարվեստի ոլորտում փառատոնի մասնագիտական հանձնախումբն ընտրվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ղեկավարության հետ խորհրդակցության արդյունքում: Բարեկամության եւ պատրաստակամության համար խորին շնորհակալություն եմ հայտնում ԲՈՒՀ-ի ղեկավարությանը` հանձին ռեկտոր պարոն Շահինյանի:
«ՇՏԱՊԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»»
- Էրիկ, նախորդ տարիներին փառատոնին սփյուռքի մեր հայրենակիցները հնարավորություն չունեին մասնակցության հայտեր ուղարկելու, այս տարի նրանց հնարավորություն կընձեռվի՞, թե կրկին կան որոշակի բարդություններ:
- Այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ արդեն իսկ կատարվել են, եւ փառք Աստծու հաջողությամբ են պսակվել: Լիահույս եմ, որ սփյուռքի հետ տարվող բանակցությունների վերջնական արդյունքում մենք կիրագործենք նաեւ այդ նպատակը: Շտապելու անհրաժեշտություն չկա: Ես այն համոզման եմ, որ փառատոնի շրջանակում իրականացվող ցանկացած նորամուծություն պետք է լինի լավ մշակված բարեփոխում` հատկապես երբ գործ ունենք երիտասարդ ստեղծագործողների հետ, որոնցից շատերի առաջին քայլերը սկսում են հենց «ԱՐՏ ՖԵՍՏ»-ից:
«ԿԱՐԻՔ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ ՓԱՌԱՏՈՆԸ ԹԵՄԱՏԻԿ ՇՐՋԱՆԱԿԻ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ»
- «ԱՐՏ ՖԵՍՏ»-ն այս տարի անդրադարձ կկատարի՞ կամ որեւէ առնչություն
կունենա՞ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հետ:
- Խորապես համոզված եմ, որ հատկապես միջազգային հանրության ուշադրության սեւեռումը` Հայոց ցեղասպանության խնդրին, տարեթիվ չպետք է ճանաչի: 99-ամյակը, 100-ամյակն ու 101-ամյակը, միջազգային ճանաչման ու դատապարտման վերջնական նպատակին հասցնելու առումով, նույնացնում եմ: Հետեւաբար` կարիք չեմ տեսնում փառատոնը թեմատիկ շրջանակի մեջ դնելու, միաժամանակ վստահ լինելով, որ այս տարի Հայոց ցեղասպանության թեման բոլոր ոլորտներում կարմիր գծով է անցնելու: Իբրեւ քաղաքացի, ավելի շատ կարեւորում եմ պատմության դասի ընկալումը` հետագայում նույն ճակատագրին չբախվելու համար: Փառատոնը, ընդհանուր առմամբ, խրախուսում է ազգային մշակույթը: Օրինակ` երգարվեստի մասնակիցների կատարումներից մեկը պարտադիր պետք է լինի Կոմիտասի ստեղծագործություններից: Ասեմ նաեւ, որ հուրախություն մեզ, հայտագրման մեկնարկն ազդարարելուց ընդամենը մեկ օր անց փառատոնն արդեն ստացել է քսանից ավելի հայտ: Վստահ եմ` այս տարի նույնպես մայրաքաղաքային եւ մարզային ԲՈՒՀ-երից, մշակութային այլ կրթօջախներից «մեկ տանիքի ներքո» կհավաքվեն ստեղծագործական խմբեր ու անհատներ:
«ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՐԵՆ ԿԱՊԱՑՈՒՑԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
- Ղեկավարում եք Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոնը, խոսենք նաեւ թատրոնի առաջիկա անելիքների մասին:
- Վերջին շրջանում թատրոնում տեղի են ունեցել բարեփոխումներ: ԵԹԿՊԻ ռեկտոր պարոն Մուրադյանի առաջարկով «Ուսումնական թատրոնը» անվանափոխվեց «ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոն-լաբորատորիա»` ձեռք բերելով կազմակերպաիրավական նոր ձեւաչափ` ի նպաստ թատրոնի զարգացման եւ հետագա արդյունավետ գործունեության: Նոր կարգավիճակը, ըստ էության, ընձեռում է հիմնական խաղացանկային քաղաքականություն իրականացնելու լայն հնարավորություն, նպաստում է երիտասարդական նոր ուժերի հետ համագործակցությանը: Վստահ եմ, որ կարգավիճակի փոփոխությունը գործնականորեն կապացուցի արդյունավետությունը` նոր թափ հաղորդելով «Ուսանողական թատրոնի» առաջիկա աշխատանքներին: Ի դեպ, «ԱՐՏ ՖԵՍՏ»-ի բացումն այս տարի կազդարարի նաեւ «Ուսանողական թատրոնի» նոր խաղաշրջանի մեկնարկը` մեր ԲՈՒՀ-ի շրջանավարտ, ՀՀ գրողների միության անդամ Աստղիկ Սիմոնյանի «Մեկ թագավորի թատրոն» պիեսի բեմադրությամբ: Ինչպես ասում են` ԱՌԱՋ ԱՍՏՎԱԾ:
Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
