«ԵՏՄ-ՈՒՄ ՀԻՄԱ ԿԱՐԾԵՍ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՒԼՆ Է»
Արխիվ 12-16«ԵՏՄ-ՈՒՄ ՀԻՄԱ ԿԱՐԾԵՍ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՒԼՆ Է»
Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն , քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, «Ինտեգրում եւ զարգացում» հ/կ նախագահ, քաղաքագետ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ եւ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ լրագրողներին ներկայացրեցին իրենց առաջարկը` Հայաստանում «Երեւանյան եվրասիական ընթերցումներ» խորագրով համաժողով անցկացնելու մասին, որը կմիավորի ԵՏՄ մտավորական ներուժը:
Ըստ Գ. Հարությունյանի, նման հավաք կազմակերպելը ավելի քան հրատապ է. «Ներկայիս աշխարհի ըմբռնման կարողություն է պետք ունենանք, որովհետեւ այն շատ բարդացել է: Ամենակարեւորն այն է, որ դա չպետք է կրի ուղղակի միջոցառման տեսք, այլ պետք է լինի աշխատանքի սկիզբ: Մենք հետ ենք սովորել լավ աշխատելուն: Դա կարող է լինել շատ հետաքրքիր աշխատանքի հարթակ: Այս համատեքստում շատ կարեւոր է մտավորական-մշակութային կապիտալի խնդիրները: Մենք շատ ենք խոսում տնտեսությունից, որն, անշուշտ, շատ կարեւոր է, բայց ուշադրություն եմ հրավիրում առաջին հերթին մարդկային կապիտալի վրա, որն էապես իջեցրել է իր ռեսուրսներն ինչպես Հայաստանում, այնպես էլ ԵՏՄ այլ երկրներում»: Ապա ցիտելով Հանուն միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վալին` բանախոսը նշեց. «Չմոռանանք, որ Ղարաբաղյան պատերազմը մենք հաղթեցինք մեր մտավոր ռեսուրսների առավելության հաշվին»:
Համաձայնելով հնչեցված կարծիքի հետ` տնտեսագետ Թաթուլ Մանասարյանը նույնքան կարեւորեց նաեւ միջազգային նոր տնտեսակարգի ձեւավորման դերը. «Այսօր տեղի ունեցող փոփոխություններն ինձ հուշում են, որ նախ մենք ինքնաճանաչման պետք է հասնենք եւ հասկանանք, թե ինչ ռեսուրսների ենք տիրապետում, որոնցով կներկայանանք ցանկացած տարածաշրջանային, միջազգային հարթակներում եւ կձեւավորենք մեր դիրքը»: Միեւնույն ժամանակ շարունակելով Գ. Հարությունյանի տեսակետը` հավելեց. «Մտքի ոլորտում Հայաստանը կարող է ակնհայտ առաջատար լինել, եւ պատահական չեմ համարում հենց այդպիսի հարթակի ձեւավորումը Երեւանում: ԵՏՄ-ում հիմա կարծես խաղի կանոնների մշակման փուլն է, որին զուգահեռ Հայաստանը պետք է հստակ օրակարգ ձեւավորի, որպեսզի կարողանանք մեր մրցակցային առավելություններն էլ իրացնել ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ հայության շրջանում»:
Անդրադառնալով ԵՏՄ-ի մեջ ձեւավորվող տարբեր ենթակառուցվածքների, տարբեր ձեւաչափերի վերաբերյալ իրենց ուսումնասիրությանը, որոնցում ընթանում են տարբեր պաշտոնական եւ ոչ պաշտոնական միջոցառումներ, Ա. Սաֆարյանն էլ ընդգծեց, որ իրենք գտել են մի հարթակ, որը գործարկված չէ եւ հարմար է Հայաստանն ըստ արժանավույնս ներկայանալու համար. «Մենք առաջարկում են ամեն տարվա սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի սկզբին Երեւանում անցկացնել «Երեւանյան եվրասիական ընթերցումներ» խորագրով համաժողով, որտեղ կհավաքվեն Եվրասիական տնտեսական տարածքի կրեատիվ, ոչ ստանդարտ մտածողություն ունեցող, հետաքրքիր եւ նորարարական մոտեցումներով վերջին տարիներին աչքի ընկած գիտնականները, մտավորականները, լրագրողները, դիվանագետներն ու բիզնեսմենները եւ կքննարկեն եվրասիական ինտեգրման հեռանկարներին վերաբերող հարցեր: Մենք կարծում ենք, որ վերջին տարիներին Հայաստանի ունեցած մասնավորապես ինտելեկտուալ ներուժը մեզ իրավունք է տալիս ամբողջ եվրասիական տարածքի ինտելեկտուալ հանրությանը հրավիրել քննարկման»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
