Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՓՈՂԸ ՏՈ՛ՒՐ, ԴԻԱԿԴ ՏԱՄ. "ԲԱԶԱՐ"` ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՓՈՂԸ ՏՈ՛ՒՐ, ԴԻԱԿԴ ՏԱՄ. "ԲԱԶԱՐ"` ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆՈՒՄ


Օրերս ահազանգ ստացանք մի քաղաքացուց, ով վրդովված մեզ պատմեց, որ իր մտերիմներից մեկը հայտնվել է չափազանց տհաճ իրավիճակում: Պատմությունն իրոք արտառոց էր.

"ԴԻԱԿԸ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ"

"Ընկերոջս հայրը մահացել է, տարել են դիահերձարան: Նրանից միանգամից պահանջել են 85 հազար դրամ, իսկ չտալու դեպքում ասել են` ո՛չ կհերձեն, ո՛չ էլ դիակը հետ կտան",- ասաց մեր զրուցակցը: Ըստ նրաª դեպքը տեղի է ունեցել "Արմենիա" բժշկական կենտրոնի դիահերձարանում:
Ինչպես ասում են` մինչ թաղման արարողությունը կենտրոնը հասցրել է հորը կորցրած երիտասարդի վերքին աղ լցնել: Քաղաքացին նախ անակնկալի է եկել` չիմանալով, որ դիահերձումը Հայաստանում վճարովի է, ապա ասել է, որ ի վիճակի չէ այդքան գումար վճարել: Ի պատասխան` դիահերձարանի աշխատակիցը սկսել է սակարկել` 85.000-ի փոխարեն պահանջելով 75.000 դրամ: Վշտակորույս քաղաքացին ասել է, որ այդքանն էլ չի կարող վճարել, բայց խոստացել է, որ հենց ստանա հոր "մահվան գումարը", կվճարի: Դիահերձարանի աշխատակիցը չի համաձայնել: Ծնողին կորցրած երիտասարդն էլ ճարահատյալ պահանջել է հոր դիակը հետ վերադարձնել` այլ դիահերձարան տանելու նպատակով: Որքան էլ զարմանալի թվա, դիահերձարանի աշխատակիցը հրաժարվել է` ասելով. "Դիակը չենք կարող հետ վերադարձնել": Դրանից հետո պատկերացրեք քաղաքացու վիճակը: Դիահերձարանի աշխատակիցն էլ իր հերթին, վերջապես հասկանալով, որ քաղաքացին իրոք ի զորու չէ իր պահանջած գումարը տալ, շարունակել է "բազարը"ª փորձելով "նաղդ" հաճախորդին ձեռքից բաց չթողնել. այս անգամ պահանջել է 55.000 դրամ ու վերջ: Բայց միայն մեծ դժվարությամբ քաղաքացին կարողացել է այստեղից-այնտեղից հայթայթել ընդամենը 50.000 դրամ...

"ԵՐԲ ԿԼԻՆԻ ԴԻԱԿԸ, ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ԳՆԻ ՄԱՍԻՆ
ԿԽՈՍԵՆՔ"


Լավ, ենթադրենք, թե դիահերձարանն իրավունք ունի իր աշխատանքի դիմաց գումար պահանջել: Բայց այդ դեպքում անգամ ինչպե՞ս է ստացվում, որ 85.000-ից գինը կարող է նվազել մինչեւ 55.000 դրամ: Այսինքնª այդ 55.000-ը քաղաքացուն արված "լավությո՞ւն" պետք է հասկանալ, թե՞ այն 85.000-ն է խաբեություն. վճարեցինª լավ, չվճարեցինª "բազար" կանենք: Այս "հանելուկի" եւ տեղի ունեցածի առնչությամբ երկու օր շարունակ փորձում էինք պարզաբանում ստանալ դիահերձարանից, որը, ինչպես հետագայում հաստատվեց, պատկանում է "Արմենիա" հանրապետական հիվանդանոցին: Սակայնª "Տնօրենը տեղում չէ", "Մենք ձեզ կզանգահարենք"  արտահայտություններով դիահերձարանից խուսափում էին հստակ պատասխանել մեր հարցերին: Ավելին` անգամ դիահերձարանի տնօրենի անուն-ազգանունն էր գաղտնի պահվում: "Արմենիա" հանրապետական հիվանդանոցը եւս հրաժարվեց մեր հարցերին պատասխանել: "Տնօրինությունից ինձ հայտեցին, որ չեն կարող ձեր հարցերին պատասխանել",- հայտնեց  հիվանդանոցի աշխատակիցը: Մնաց մեկ տարբերակª այցելություն դիահերձարան. երբ Մուհամեդը չի գնում սարի մոտ, սարն է գնում Մուհամեդի մոտ...
Ֆորտ Բոյար ամրոցը հիշեցնող բժշկական այդ կառույցում առաջինը, ում հանդիպեցինք, "Արմենիա" հանրապետական բժշկական կենտրոնի ախտաբանա-անատոմիական բաժանմունքի վարիչ վարիչ Վարդան Դաբաղյանն էր, ով անմեղ ու անտեղյակ հայացքով ասաց, որ դիահերձարանի գնային քաղաքականությունը ինքը չի որոշում, այլ հիվանդանոցի երրորդ հարկում տեղակայված ադմինիստացիան` Քրմոյանի գլխավորությամբ: "Իսկ կասե՞ք` ինչ է եղել",- հետաքրքրվեց ախտաբանա-անատոմիական բաժանմունքի վարիչը:
Վարդան Դաբաղյանի հետ զրույցից հետո մեզ հաջողվեց հանդիպել դիահերձարանի տնօրենի ներկայացուցչի հետ: Ականջին ամրացված փիրսինգով աղջիկը նախ անակնկալի եկավ` տեսնելով մեզ, ապա հրաժարվեց մեր հարցերին հստակ պատասխանել: Ավելին` սկսեց հոխորտալ եւ մուննաթով ասել, թե ինչու ենք եկել` առանց իրենց տեղյակ պահելու: Մեր զրույցի ընթացքում փիրիսնգով աղջիկը պահանջում էր բողոքողի անուն-ազգանունը, որպեսզի, ըստ բողոքի, հասկանա խնդրի էությունը: Հիշեցրինք նրան` լրատվամիջոցը զբաղվում է երեւույթի ուսումնասիրությամբ, ոչ թե անուն-ազգանուններ հրապարակելով: Սա ավելի զայրացրեց մեր զրուցակցին, ով պարսպի նման փակեց մեր ճանապարհըª թույլ չտալով զրուցել տնօրենի, ավելի կոնկրետª դիահերձարանի մենեջերի` Արթուր Հովհաննիսյանի հետ. հենց նա էլ, որքան հասկացանք, զբաղվում է դիահերձարանի ֆինանսական հարցերով: Ինչպես ասում են` փողի տոպրակը հենց նրա տակ է:
Ի դեպ, մինչ ներկայացուցչին գտնելըª դիահերձարանի մուտքին փակցված դիահերձման վճարովի ծառայությունների ցուցակը նկատեցինք, որտեղ գրված է` դիահերձումն արժե 13.000 դրամ: Դե այդ դեպքում, ի վերջո, ի՞նչ արժե դիահերձումը "Արմենիա" հանրապետական բժշկական կենտրոնում` 13.000, 85.000, թե՞ 55.000 դրամ: "Երբ կլինի դիակը, այդ ժամանակ գնի մասին կխոսենք: Էստեղ հենց ընենց ոչ մեկից գումար չի վերցվում: Ամեն ծառայություն իր գինն ունի",- այսպես արձագանքեց տնօրենի ներկայացուցիչը:

"ՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՈՎ ՊԵՏՔ Է ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑՎԻ"

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Առողջապահության նախարարությունը, խնդրի լուծումն ինչպե՞ս է տեսնում: Նախարարության բժշկական քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը "Իրավունքի" հետ զրույցում ասաց, որ խնդրի առաջին պատասխանատուն "Արմենիա" հանրապետական բժշկական կենտրոնն է: Այնուամենայնիվ. "Մենք հարցում ենք արել, սպասում ենք իրենց պատասխանին, բայց միայն դրանով չենք բավարարվելու: Փորձում ենք հասկանալ` ինչ է կատարվում",- ասաց նախարարության ներկայացուցիչը:
Ինչ վերաբերում է դիահերձարանի տնօրենի լիազորված անձի` "Երբ կլինի դիակը, այդ ժամանակ գնի մասին կխոսենք" արտահայտությանը, ապա Ծաղիկ Վարդանյանն այդ պատասխանը համարեց հուզմունքի ու վախի արդյունք: "Դա ոչ իրատեսական պատասխան է",- ասաց մեր զրուցակիցը:
Իսկ եթե "Արմենիա" բժշկական կենտրոնը ոչ մի քայլ չձեռնարկի, ապա Ծ. Վարդանյանի խոսքով` հաջորդ քայլը Առողջապահության նախարարության կողմից վարույթ հարուցելն է: "Նման դեպքում նախարարի հանձնարարականով պետք է վարչական վարույթ հարուցվի, որով տվյալ կազմակերպությունը ենթարկվում է ֆինանսական ու վարչական պատասխանատվության, որն առաջին հերթին ներառում է տուգանք տվյալ կազմակերպությունը",- եզրափակեց նախարարության աշխատակիցը:
Իհարկեª դատելով դիահերձարանում ամրացված վճարովի ծառայությունների փաստաթղթում ֆիքսված գներից, մեզ դիմաց քաղաքացու բողոքից, ինչպես նաեւ բժշկական կենտրոնի կողմից անպատասխան մնացած մեր հարցերից` կարելի է եզրահանգել` վերոնշյալ բժշկական կենտրոնը դիակների հաշվին մեծ գումարներ է շորթում` բացահայտ թալանելով մեր քաղաքացիներին: Բայց դեռ սպասենք այս պատմության հետագա պաշտոնական ընթացքին:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ