ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՇԱՏ ԷՐ ՀԱՐԳՈՒՄ ՆԵՄՑՈՎԻՆ
Արխիվ 12-16ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՇԱՏ ԷՐ ՀԱՐԳՈՒՄ ՆԵՄՑՈՎԻՆ
ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ ռեկտորը մեծագույն ակնածանք էր տածում Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի նկատմամբ:
Նա իր ֆեյսբուքյան էջում Նեմցովին ձոնել է ռուսերեն էսսե "Ազատության գիտությունը" վերնագրի ներքո, ուր մասնավորապես ասված է. "Զիլ, Հանդուգն, Թափը տեղը, եւ միեւնույն ժամանակ` Խելացի, Ազնիվ, Անկեղծ քաղաքական գործիչ, որի հետ կարելի էր համաձայնել կամ ոչ, բայց չէր կարելի վիճարկել գլխավորը` այն, որ Ազատության եւ Արժանապատվության նվիրյալ էր: Ազատությանը չվարժված հանրությունների համար, ինչպիսին էին բոլոր հետխորհրդայինները, դա Հսկայական կորուստ է... Բորիսը մեկն էր նրանցից, ովքեր սովորեցնում էին, եւ դա անում էին հիմնավորապես, մեթոդաբար, հետեւողականորեն... Իհարկե, ահա արդեն քառորդ դար է անցել, ժամանակ, որը մեր հանրություններին տրամադրվել էր հենց այն բանի համար, որ սովորեն, եւ փաստում ենք մեր լիակատար ապաշնորհությունը` որպես աշակերտներ... Ազատության գիտությանը չտիրապետելը կամ տիրապետել չցանկանալն է, վերջնարդյունքում, հենց պատճառը այն ֆանտասմագորիայի, որը ծավալվում է, օրինակ` Հայաստանում քաղաքական գործընթացի անվան տակ, ինչը զարմանալի չէ. հիմա այլ "գիտություններ" են մոդայիկ...":
Պրն Դարբինյանը նաեւ խոստովանել է, որ Նեմցովի մահվան կապակցությամբ մեկ օր ավել է մնացել Մոսկվայում. "Չկարողացա չգնալ չարաբաստիկ Կամուրջ եւ հարգանքի տուրք չմատուցել Բորիս Նեմցովին":
Ի դեպ, ՌԴ Պետդուման հրաժարվել էր մեկ րոպե լռությամբ հարգել Բորիս Նեմցովի հիշատակը...
