"ԵԹԵ ԼԻՆԵԻ ԲՀԿ-ԻՑ, ԿՀՈՐԴՈՐԵԻ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԲՀԿ-ԻՑ, ԿՍՏԱՑՎԵՐ` "ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԵՆՔ"
Արխիվ 12-16
"Ազգային անվտանգություն" կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ "Իրավունք"-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր կուսակցության համագործակցությունը քաղաքական շարժմանը պայամանվորված է եղել միայն Գագիկ Ծառուկյանի անձով, եւ վերջին մեկուկես տարիների ընթացում տարբեր ձեւաչափով տեղի ունեցած հանդիպումների եւ քննարկումների ժամանակ նա բազմիցս ականատես է եղել, թե ինչպես են ԲՀԿ-ականները նախկինում հավատարմության երդում տվել ԲՀԿ նախկին առաջնորդին, բայց մարտի 5-ի դեպքերից առաջ բոլորը մի կողմ են քաշվել եւ Գագիկ Ծառուկյանին թողել են միայնակ` ամբողջ պատասխանատվությունը դնելով նրա վրա:
"Ես մտածում եմ, որ մարտի 5-ի համագումարին պետք է բոլորն ասեին` պարոն Ծառուկյան, կամ դուք մնում եք` որպես կուսակցության նախագահ, եւ մենք նույնպես մնում ենք, կամ եթե դուք դուրս եք գալիս, բոլորս ձեզ հետ դուրս ենք գալիս: Դա կլիներ աջակցություն",- ասում է Գ. Իսագուլյանը:
Հասկանալ, ընդունել, կարեկցել, կատարել նրա խնդրանք-պահանջը եւ նմանատիպ այլ էմոցիոնալ արտահայտությունները Իսագուլյանի խոսքով` իր համար ընդունելի չէ: Նրա կարծիքով` պետք է դուրս գային ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ կուսակցության ԱԺ խմբակցության բոլորը անդամները, կամ պետք է պահանջեին, որ նա մնա, քանի որ նույն այդ մարդիկ են կրակոտ ելույթներ ունեցել եւ դեմ եղել իշխանությունների հետ երկխոսելուն: Եթե նա լիներ ԲՀԿ-ի կամ կուսակցության խորհրդի անդամ, ապա բոլորին կհորդորեր դուրս գալ կուսակցությունից, քանի որ այդ պայմաններում բոլորը "Գագիկ Ծառուկյան են", եւ այն, ինչ ուղղված է Ծառուկյանի դեմ, ուղղված է նաեւ կուսակցության բոլոր անդամների դեմ: "Խոսքս բարոյական կողմի մասին է: Չի բացառվում, որ վաղը, մյուս օրը ԲՀԿ-ն նույնիսկ գա իշխանության, բայց սխալ է ասել, որ եթե չկա Գագիկ Ծառուկյան, չկա ԲՀԿ",-ասում է Իսագուլյանը:
Այն դիտարկմանը, թե ստացվում է, որ ԲՀԿ-ից դուրս եկածները իրենց հավատարմությունն են արտահայտել, իսկ ԲՀԿ-ում մնացածները դավաճանել են Գագիկ Ծառուկյանին, Իսագուլյանը խիստ է համարում, իսկ համագործակցությունը կուսակցության հետ չի բացառում. "Ես այնտեղ լավ ընկերներ ունեմ, եւ հետագան ցույց կտա, թե ԲՀԿ-ն իրեն հայտարարելով ընդդիմադիր` ինչքանով է իրականացնելու այն ծրագրերը, որ կար պարոն Ծառուկյանի օրոք",- ասում է Գ.Իսագուլյանը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
