ՈՎ Է 2017-ԻՆ ԴԱՌՆԱԼՈՒ ԹԻՎ 1 ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՈՎ Է 2017-ԻՆ ԴԱՌՆԱԼՈՒ ԹԻՎ 1 ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Արդեն սովորական է դարձել այն օրինաչափությունը, որ ՀՀ ներքաղաքական կայունությանը եւ Մայդան հրահրելու անհնարինությանը "քեռի Սեմը" պատասխանում է մազութային սուլթանատի ձեռքերով հրահրված հերթական "արտաքին Մայդանով"` դիվերսիայի տեսքով: Երեկ նույնպես հերթական բավականին խոշոր դիվերսիան եղավ, եւ երկու ժամ տեւած մարտում մեր զինվորները տալով 3 զոհ եւ 4 վիրավոր, ոչնչացրին առնվազն 14 ասկյար:
Ու դիվերսիաների հավանականությունը էլ ավելի է աճում, քանզի Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ` Հայաստանն արտաքին ճակատում գրանցում է Հայ դատին վերաբերող հաջողությունը հաջողության հետեւից: Թերեւս, բացի դիվերսիաներից, մեր կենսաբանական թշնամին` թուրքը, այլ փաստարկներ այլեւս չունի:
ԱՄԵՐԻԿԱՄԵՏ ՍԱԴՐԻՉ ՔԱՅԼԵՐ ՆԵՐՍԻՑ
ՈՒ ԴՐՍԻՑ
Ինչպես դիպուկ նկատեց Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով "Արարատի ստորոտին" համաժողովում, Թուրքիան հռչակելով հանդերձ "զրո խնդիրներ հարեւանների հետ" քաղաքականությունը, իրականում հասցրեց մի վիճակի, որը կարելի է կոչել զրո հարեւան եւ բազմաթիվ խնդիրներ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ՀՀ նախագահը բարձրացրեց կարեւոր խնդիր, որը կապ ունի եւ Ռուսաստանի հետ. "ՀՀ ԶՈՒ ստեղծումից ի վեր մենք երախտապարտ ենք եւ շնորհակալ մեր դաշնակցին` մեզ օժանդակելու համար: Իհարկե, այս հարաբերություններում մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն ելնելով տարբեր դրդապատճառներից` սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, եւ այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից: Սա է ամենաբարդ հանգամանքը, եւ սա է, որ մեր հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ":
"Տեւական ժամանակ` 250 տարվա ընթացքում, հայերը եւ ռուսներն ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր թշնամիներ, հակառակորդներ եւ իրենց երկրում արտադրված զենքերից իրար վրա չեն կրակել: Սա խնդիր է, պրոբլեմ, եւ այս պրոբլեմը պետք է լուծում ստանա":
ՀՀ նախագահը շատ ճիշտ շեշտադրում արեց հենց հոգեբանական պահի վրա, քանզի ներկայումս ամբողջ աշխարհում ընթանում են տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ, եւ հաճախ ռազմական միջադեպերը ծառայում են ոչ թե բուն ռազմական նպատակներին, այլ համապատասխան պատկերն են ստեղծում` հոգեբանական պատերազմում օգտագործելու համար: Պատահական չէ, որ "իսլամական պետությունը" ձեռք է բերել տեսախցիկով անօդաչու սարքեր, ու պարտադիր կարգով տեսագրում է բոլոր վայրագությունները` ինչպես մահապատիժներն ու խոշտանգումները, այնպես էլ բազմահազարամյա մշակութային կոթողների ոչնչացումը: Այդ ծայրահեղականները, իրականացնելով ռազմական առումով առանձնապես մեծ արժեք չունեցող գործողություններ, հիմնականում զբաղված են ամբողջ աշխարհին սարսափի մատնող հեռուստապատկերների արտադրությամբ...
Ադրբեջանական դիվերսիաներն էլ հիմնականում հենց հոգեբանական պատերազմին են ծառայում, առավել եւս հաշվի առնելով, որ մեր հանրությունը թանկ է գնահատում ամեն մի զինծառայողի կյանքը, իսկ մազութային սուլթանատը ընդհակառակը` թքած ունի սեփական ասկյարների կյանքի վրա: Ու ինչու հատկապես հիմա ՀՀ նախագահը հիշատակեց ասկյարների ձեռքում հայտնվող ռուսական զենքի բացասական հոգեբանական ներգործության հանգամանքը` այն պատճառով, որ ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին մշտապես օգտագործվել է Արեւմուտքին սպասարկող քարոզիչների կողմից, դրա միջոցով փորձում են ռուսներից կերտել թշնամու կերպար, ստեղծել անթիվ-անհամար դավադրությունների տեսություններ, եւ հատկապես հիմա քարոզչական այդ ուղղությունը ինտենսիվացել է:
Ակտիվացել են եւ 5-րդ շարասյուները: Ամերիկյան լրտեսի համբավ ունեցող Ռիչարդ Գիրագոսյանը պարզապես բլբուլ է կտրել, իսկ հիմա նրան միացել է այնպիսի արգահատելի կերպար, ինչպիսին ամերիկացի Ժիրայր Լիպարիտյանն է: ԼՏՊ-ի այդ գլխավոր խորհրդականը այժմ ձայնակցում է ծեր աղվեսին եւ խոսում Ցեղասպանության 100-ամյակի հռչակագրի իբր "վտանգավորության" մասին. "Ես պատրաստ չէի ընթերցելու մի փաստաթուղթ, որն ամրագրում է արտաքին քաղաքականության բնագավառում արդեն մի քանի տարի շարունակ ընթացող մեր անկախությանը սպառնացող վտանգավոր փոփոխությունները": Դրան ի՞նչ ասես` ժողովրդի խոսքով ասած` միայն դու էիր պակաս: Մեջ է ընկել նաեւ մեկ այլ ամերիկացի` "Հիմնադիր խորհրդարանում" առանցքային դերակատարություն ունեցող Կարո Եղնուկյանը: Առավել քան կասկածելի կենսագրություն ունեցող այդ կերպարանքը այժմ աշխարհով մեկ հավարը գցել է, որ, իբր թե, իշխանությունները զբաղված են սադրանքներ կազմակերպելով, որպեսզի մինչեւ ապրիլի 24-ը կալանավորեն Ժիրայր Սէֆիլյանի ամբողջ թիմը:
Մինչդեռ առավել քան սադրիչ է հենց "Հիմնադիր խորհրդարանի" գործունեությունը: Այլ կերպ, քան սադրանք, դժվար է բնութագրել կոչերը` ապրիլի 24-ին սկսել անհնազանդության գործողություններ, եւ այդ կոչերը տարածվում են ինչպես թռուցիկներով, այնպես էլ համացանցի միջոցով: Եվ նույն այդ "Հիմնադիր խորհրդարանի" կողմից "քաղաքացիական բանակ" հավաքելու գործընթացը ոչ այլ ինչ է, քան քաղաքացիական պատերազմի համար գրոհային ջոկատների նախապատրաստում:
Հիմա հարց է ծագում` ում առաջին հերթին կֆինանսավորեն ամերիկացիները: Իհարկե նրանց, ովքեր ապացուցել են, որ պատրաստ են ոտնակոխ անել ազգային հիմնական սրբությունները` Արցախը եւ Ապրիլի 24-ը: Իսկ գործնականում դա ապացուցել է նախեւառաջ "Հիմնադիր խորհրդարանը":
Ի դեպ, հրահրիչ քայլեր է իրեն թույլ տվել եւ Ուկրաինայի պատվիրակությունը Եվրանեսթի խորհրդաժողովի ընթացքում: Մասնավորապես` պատվիրակության ղեկավար Բորիս Տարասյուկը կեղտոտ հրապարակային առեւտուր սկսեց. "Եթե դուք ժխտում եք, որ Ռուսաստանը ագրեսիա է իրականացրել Ուկրաինայի հանդեպ, ինչո՞ւ եք պահանջում, որ ամբողջ միջազգային հանրությունը ճանաչի եւ դատապարտի Հայոց ցեղասպանությունը": Դե, ինչ ասես, այսպես կոչված, "ռուսական ագրեսիան" պաշտոնապես չի ճանաչել աշխարհի եւ ոչ մի պետություն, բացառությամբ Ուկրաինայի: Ի դեպ, Տարասյուկը իր կեղտոտ բերանը շաղ տվեց եւ Արցախի վրա. "Մենք ունեք հստակ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում` համարում ենք, որ այդ հակամարտության մեջ Հայաստանը սխալ է: Սա Ուկրաինայի պաշտոնական տեսակետն է": Դե, եթե հանկարծ պարզվի, որ դա իրոք Ուկրաինայի պաշտոնական տեսակետն է, մեզ կմնա միայն Ուկրաինային վերաբերվել ճիշտ այնպես, ինչպես Թուրքիային եւ Ադրբեջանին, առավել եւս, որ արցախյան պատերազմի տարիներին Կիեւը շատ գործուն աջակցություն է ցույց տվել Բաքվին:
ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ
Հուսանք, որ այնուամենայնիվ, օտարի շահը սպասարկող ուժերը չեն կարողանա հարամել ապրիլի 24-ը: Բայց, բնականաբար, բոլորի ուշքն ու միտքը մինչեւ 2017-ը հնարավորինս շատ ընտրազանգված ձեռք բերելն է:
ԲՀԿ-ի արտահերթ համագումարից հետո այդ քաղաքական ուժը զրկվեց ոչ միայն հակաիշխանական պայքար մղելու, այլեւ խոշոր խմբակցություն ունենալու հեռանկարից: Պարզ է, որ այժմ ԲՀԿ-ի ընտրազանգվածը դարձել է մրցակցության եւ գզվռտոցի առարկա: Եվ ընտրազանգվածի համար պայքարողները մի քանի խումբ են, ընդ որում` նրանցից գրեթե յուրաքանչյուրը ստվերային աջակցություն է ստանում իշխանության այս կան այն թեւից: Այդ թեւերը տարբեր պատկերացումներ ունեն, թե ինչպիսին պետք է լինի ապագա ընդդիմությունը ու ինչպես այն պետք է հիմա վերաֆորմատավորել:
Խմբերից մեկը ծայրահեղ արեւմտամետներն են: Բացի մի քանի մանր կուսակցությունից եւ այդ դաշտում աշխատող գրանտածիծ ՀԿ-ներից, այդտեղ "պայծառացող աստղ" պետք է համարել Նիկոլ Փաշինյանին եւ Զարուհի Փոստանջյանին: Նիկոլը բավականին մեծ հռետորական ձիրք ունի եւ անսահման ամբիցիաներ, իսկ Զառան, ըստ էության, մրցակցում է ոչ միայն "Ժառանգության" չափավոր թեւի հետ, այլեւ` ամբողջովին իրեն վարկաբեկած եւ ծիծաղի առարկա դարձած Րաֆֆի Հովհաննիսյանի: Այդ թեւի ընտրազանգվածն են ինչպես նրանք, ովքեր թունալից ատելությամբ են լցված ցանկացած իշխանության հանդեպ, այնպես էլ նրանք, ովքեր այս կամ այն անձնական դրդապատճառով պաշտում են Ամերիկան ու տարատեսակ կասկածելի "եվրաարժեքների" հետեւորդն են:
Հակառակ որակներ ունեցող ընտրազանգվածի հավակնորդը աստիճանաբար ԲՀԿ-ի հետ կապերը խզող Տիգրան Ուրիխանյանն է, ով այժմ սեփական քաղաքական նախաձեռնությունն է ստեղծում: Նա գլխանց աչքի էր ընկնում ԵՏՄ-ի հետեւողական կողմնակից լինելով, գումարած դրան նրա ոճին բնորոշ է բարեկրթությունը: Կարծում ենք, որ նրա ընտրազանգվածը կլինեն ռուսական կողմնորոշում ունեցող եւ միաժամանակ կիրթ մարդիկ:
Իսկ ընդհանուր շուրջ 600 հազար բողոքավոր ընտրողներից, եթե հանենք վերը նշված երկու կատեգորիաները, մնացյալի համար պայքարողները բավականին շատ են` ե՛ւ ՕԵԿ-ը, ե՛ւ ՀԱԿ-ը, ե՛ւ Նաիրա Զոհրաբյանին բաժին հասած ԲՀԿ-ն, ե՛ւ միգուցե ինչ-որ նոր քաղաքական ուժ գոյանա, ասենք, ազգայնական ուղղվածությամբ լուրջ կուսակցություն կամ շարժում:
Եթե ՀԱԿ-ը ու ԲՀԿ-ն, խոշոր հաշվով, լուծում են խորհրդարանական գոյատեւման խնդիր, որպեսզի 2017-ին կարողանան խորհրդարանում տեղեր ունենալ, ապա ՕԵԿ-ը փորձում է ընդլայնել իր ընտրազանգվածը: ՕԵԿ-ի համար այնքան էլ մեծ պրոբլեմ չէ անցումներ կատարել իշխանությունից ընդդիմություն, եւ հակառակը, նրանք այդ տեխնոլոգիային տիրապետում են: Արթուր Բաղդասարյանն էլ, ով ժամանակին արեւմտամետ դիրքորոշում ուներ, այժմ որդեգրել է միանգամայն ռուսամետ կեցվածք: Իհարկե աստիճանաբար սեփական ինտենսիվ փիառը արդյունքներ տալիս է, սակայն ՕԵԿ-ին խանգարող հանգամանքներ էլ կան: Դա, իհարկե, մրցակիցների հակաքարոզչությունն է, գումարած դրան ներսի որոշ մարդկանց գործողությունները: Ոմանք լինելով ֆանատ, ոմանք էլ ֆանատ ձեւանալով` արտաքին թերեւս վճարովի պատվերով, այնպիսի հիսթերիկ եւ ագրեսիվ քայլեր են իրենց թույլ տալիս այլ քաղաքական ուժերի հանդեպ, որ ստեղծում են ՕԵԿ-ը ավելորդ կոնֆլիկտների մեջ ներքաշելու ֆոն:
Ինչեւէ, թե ինչպես է լինելու վերջնական դասավորությունը 2017-ին, այս պահին այնքան էլ հեշտ չէ ասել: Մի բան պարզ է, որ ՀՀԿ-ն 2017-ի ԱԺ ընտրություններին ունենալու է ջախջախիչ մեծամասնություն, իսկ ընդդիմությունը բաղկացած է լինելու բազմաթիվ ոչ խոշոր խմբակցություններից: Անշուշտ, թիվ 1 ընդդիմադիր խմբակցություն ունենալու համար է այժմյան պայքարը, սակայն նա, ով կլինի այդ թիվ 1-ը, ինչպես մանդատների քանակով, այնպես էլ ունեցած ռեսուրսներով, չի կարողանալու համեմատվել երբեմնի հզոր ԲՀԿ խմբակցությանը: Եթե իհարկե, ֆորսմաժորային ինչ-որ երեւույթներ չլինեն:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
