«1915» ՖԻԼՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՌԸ ԷՋԵՐԸ
Արխիվ 12-16«1915» ՖԻԼՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՌԸ ԷՋԵՐԸ
«Իրավունքն» արդեն տեղեկացրել էր, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «1915» ֆիլմը համաշխարհային էկրաններին կհայտնվի ապրիլի 17-ից, իսկ հայաստանյան պրեմիերան` ապրիլի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում:
Հետարտադրական փուլում գտնվող հոգեբանական թրիլերը ներկայացնում է պատմության ամենասարսափելի իրադարձությունները՝ Հայոց ցեղասպանության դառը էջերը:
Ֆիլմը հետեւում է մի մարդու վիճելի առաքելությանը, որը փորձում է վերադարձնել ցեղասպանության մոռացված ուրվականներին: Կինոնկարի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը եւ Ալեք Մուհիբյանը:
«1915» ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը, Սեմ Փեյջը եւ Անժելա Սարաֆյանը: Կինոնկարի երաժշտությունը գրել է ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը:
Ֆիլմի պաշտոնական 1915 the movie.com կայքում նշված է, որ «1915» ֆիլմը կոչ է անում մեզնից յուրաքանչյուրին դադարեցնել ժխտողականությունը եւ խիզախությամբ հանդիպել անցյալի ուրվականներին: Այն հիշողության մասին ֆիլմ է, որը ներկայացնում է, թե ինչ է պատահում, երբ անցյալը մերժվում է եւ, երբ դրան ընդդիմանում են:
Ցեղասպանության տարելիցին նվիրված «1915» ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է համացանցում: Ներկայացված թրեյլերում ամփոփված են կինոնկարի ուշագրավ տեսարանները:
Ֆիլմի պաշտոնական՝ 1915the movie.com կայքում նշված է. «Այս ֆիլմը հիշողության մասին է: Մեկ դար անց՝ 2015 թվականի ապրիլին, միլիոնավոր հայեր կհիշեն
Հայոց ցեղասպանության մասին: Ցեղասպանություն, որը ժամանակակից պատմության առաջին ողբերգական դեպքն էր և հաջորդ ՝ Հոլոքոստի, Ռուանդայի, Կամբոջայի, Սուդանի ցեղասպանությունների ծրագիրը: Ֆիլմը ներկայացնում է, թե ինչ է պատահում, երբ անցյալը մերժվում է, թե ինչ է պատահում, երբ դրան ընդդիմանում են: Քանի որ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, «1915» ֆիլմը կոչ է անում մեզնից յուրաքանչյուրին դադարեցնել ժխտողականությունը և խիզախությամբ հանդիպել անցյալի ուրվականներին»:
Asbarez.com կայքի հետ զրույցում աշխարհահռչակ Սերժ Թանկյանը նշել է. «Ես կարծում եմ, որ «1915»-ն իսկապես շատ հետաքրքիր, եզակի դրամա է, վերաբերում է մի յուրահատուկ թեմայի, որը ֆիլմերում չի ներկայացվել: Ինձ համար ֆիլմն առնչվում է սփյուռքի վնասվածքի՝ կորստի հետ: Հնարավոր է, որ դա անձնական է, սակայն կորստի հաղորդագրությունը համաշխարհային է»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
