«ԱՄԵՆ ՄԱՐԴ ՈՒՆԻ ԻՐ ԳԾԱԾ ՍԱՀՄԱՆԸ, ՈՐԸ ԳԾԵԼ Է ՀԵՆՑ ՉՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ» (Ֆոտոշարք)
Արխիվ 12-16«ԱՄԵՆ ՄԱՐԴ ՈՒՆԻ ԻՐ ԳԾԱԾ ՍԱՀՄԱՆԸ, ՈՐԸ ԳԾԵԼ Է ՀԵՆՑ ՉՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ» (Ֆոտոշարք)
Նկարիչ, դիմահարդար, մոդել ՍԱՐՈ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ հայտնվելով լուսանկարիչ Արեգ Վարդանյանի ֆոտոխցիկի առաջ` հանրության ուշադրությանն է ներկայացրել իր թվով 6-րդ «SPORT BIKE» ֆոտոշարքը: Նոր ֆոտոշարքի, իր մոտոցիկլով կերպարի եւ առաջիկա ծրագրերի մասին էլ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» զրուցեց նրա հետ:

- Ինչպե՞ս ծնվեց հենց սպորտային ֆոտոշարք անելու գաղափարը:
- Գաղափարն ավելի շուտ էր ծնվել, քան իրականացվեց, ուղղակի ինձ խանգարում էին իմ մնացած գործերը: Հենց այն պատճառով, որ մոտոցիկլետ շատ էի սիրում, մտածեցի, որ մի անգամ էլ իմ ֆոտոշարքը կանեմ հենց մոտոյով: Գաղափարը այսքանով ավարտված չէ, մտածում եմ, որ կարելի է էլի օգտագործել մոտոցիկլը, բայց այս անգամ ոչ սպորտային կերպարով: Իսկ թե ինչ եւ ինչպես, պարզ կլինի իրականացնելուց հետո:

- Իրականում սիրո՞ւմ ես մոտոցիկլով շրջել քաղաքում, թե՞սա միայն հատուկ է ֆոտոշարքիդ հերոսին:
- Շատ եմ սիրում մոտո ու ոչ միայն կշրջեի քաղաքում, այլ նաեւ շատ հաճելի կլիներ ճանապարհորդելը մոտոցիկլետով, զգալ արագության ուժը, զգալ այն ադրենալինը, ինչը միայն մոտոն կարող է տալ:

- Ընդհանրապես սպորտն ի՞նչ տեղ է գրավում քո կյանքում:
- Թե որերորդ տեղում է իմ կյանքում սպորտը, չեմ կարող թվով ասել, բայց որ շատ կարեւոր է, դա փաստ է: Դեռեւս 3-րդ դասարանից զբաղվել եմ սպորտով ու մինչեւ այսօր էլ շարունակում եմ զբաղվել: Առաջին սպորտաձեւը, որով զբաղվել եմ, եղել է Կարատե Դո Շոտոկան, 5-րդ դասարանում` ազատ ոճի ըմբշամարտով եմ զբաղվել, միաժամանակ ամառային արձակուրդներին թեթեւ ատլետիկայով (Միխաիլ Սիմիոնիչի մոտ, ով իմ հորեղբայրն է ու աշխարհի ռեկորդակիր Ռոբերտ Եմյանի մարզիչը): Շատ եմ սիրում նաեւ ֆուտբոլ, որով նույն տարիքում զբաղվել եմ եւ մինչեւ օրս էլ խաղում եմ: Ներկա պահին սիրողական մակարդակով հետաքրքրվում եմ բոդիբիլդինգով:

- Կա՞ սահման, որը երբեք չես անցնի` կերտելով քո ֆոտոշարքերի հերոսներին:
- Յուրքանչյուր կերպարում ինձ տեսնում եմ, բայց, իհարկե, կա մի սահման, որը կարելի է չանցնել: Չեմ ուզում մանրամասն խոսել այդ մասին, բայց կարծում եմ` ամեն մարդ ունի իր գծած սահմանը, որ գծել է հենց չհատելու համար:

- Մոդելային կարիերային զուգահեռ երբեմն քեզ կարելի է տեսնել դերասանական ասպարեզում, որքանո՞վ այս երկու մասնագիտությունները կփորձես համատեղել հետագայում:
- Ինչպես այսօր, այնպես էլ հետագայում, այդ երկու մասնագիտությունները մոտ են իրականում, քանի որ պետք է մի քիչ էլ դերասան լինել մոդելային ասպարեզում` ֆոտոշարքերում եւ ցուցադրություններում կերպարը ճիշտ ստանալու համար: Այնպես որ, դրանք ոչ մի կերպ իրար չեն խանգարում: Զբաղվածությունս այնքան շատ չէ, որ մեկը մյուսին խանգարի: Բայց իրականում կուզեի, որ ծանրաբեռնված լինեի եւ երբեմն չիմանայի, որ առաջարկն ընդունեմ:

- Ի դեպ, կան բազմաթիվ միջազգային մոդելային մրցույթներ, մտադիր չե՞ս առաջիկայում մասնակցել դրանց, թե լուրջ չես վերաբերում նման մրցույթների:
- Եթե մի բանը լուրջ է, ինչպես կարելի է անլուրջ վերաբերել: Իհարկե, դեմ չեմ լինի մասնակցել մրցույթների, առավել եւս հեղինակություն ունեցող մրցույթների:

- Էլ ի՞նչ անակնկալներ սպասեն առաջիկայում քո մոդելային գործունեությանը հետեւող հանրությունը:
- Ես էլ հստակ չեմ կարող ասել ինչ նորությունների սպասեն, քանի որ առաջարկներն անսպասելի են լինում: Բայց իմ մասնակցությամբ ֆիլմ է սպասվում առաջիկայում, իսկ թե երբ կցուցադրվի, պարզ կլինի աշնանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
