«ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՅՍ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ՍԹԱՓԵՑՆՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ»
Արխիվ 12-16«ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՅՍ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ՍԹԱՓԵՑՆՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ»
ՀՀ արդարադատության նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ իր անձնական բլոգում հրապարակել է «Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածությունը» հարցման արդյունքները: Ըստ որի, հարցվածների ճնշող մեծամասնությունը համարում է, որ Հայաստանում, ընդհանուր առմամբ, մարդու իրավունքները պաշտպանված չեն. 62,2 տոկոսը կարծիք է հայտնել, որ մարդու իրավունքները պաշտպանված չեն, իսկ 27,2 տոկոսը՝ պաշտպանված են մասամբ: Յուրաքանչյուր 10-րդ հարցվող է միայն համարում, որ մարդու իրավունքները պաշտպանված են Հայաստանում: Այս մասին պարոն Հ. Մանուկյանը նշում է. «Այս տվյալներն իսկապես մտորելու առիթ են: Իհարկե, առնվազն միամտություն կլիներ կարծելը, որ նման արդյունքներն անսպասելի էին: Տվյալ պատկերին նպաստող որոշ հանգամանքներ իհարկե կան: Տարիներ առաջ համացանցի ու նորագույն տեխնոլոգիաների բացակայության ժամանակ, երբ նոր էին ժողովրդավարական արժեքներն ու ազատ խոսքի տարրերը մեր կյանք մտնում, մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցումներն առաջին հայացքից բավական հուսադրող էին: Ժամանակին նման հարցում իրականացրած կազմակերպություններից մեկի տվյալներով՝ ՀՀ-ում 1993 թվականին հարցվածների 70 տոկոսի կարծիքով մարդու իրավունքները հիմնականում պաշտպանված էին: Սակայն մասնագետներն այդ արդյունքներով չշտապեցին ուրախանալ: Վերլուծությունները հանգեցրին նրան, որ հարցման դրական արդյունքների հիմքում ընկած էր հարցի թերի ըմբռնումը, հարցման առարկայի վերաբերյալ խորքային պատկերացումների
բացակայությունը, եւ հաճախ մեկ բան մտածելն ու այլ բան ասելը: Մասնագետներն այդ դեպքում ճիշտ էին, քանի որ որոշ պարզաբանող հարցերից հետո կրկնակի հարցումների արդյունքներն այլ բան էին վկայում»: Վերադառնալով կայքի հարցումների արդյունքներին, ՀՀ արդարադատության նախարարը գտնում է. «Դրանց վերաբերյալ մասնագետների մեկնաբանություններն ավելի քան հետաքրքիր են: Այսօր շատ ենք խոսում ժողովրդի իրավագիտակցության բարձրացման, իրավունքների վերաբերյալ տարրական գիտելիքներ ունենալու հանրային անհրաժեշտության մասին: Այնուամենայնիվ, այս հարցումների արդյունքները վերլուծելիս՝ մասնագետները միակարծիք էին, որ մարդիկ փոխվել են: Փոխվել է ոչ վաղ անցյալում ունեցած մոտեցումը, մարդկանց մտածելակերպում ավելացել են որոշ արժեքներ, որոնք օգնում են երեւույթներին նայել առավել շրջահայացորեն եւ ընդգրկուն: Հետաքրքիրն այն է, որ որեւէ այլ՝ ժողովրդավարության ուղին նոր բռնած երկրում այսքան կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ հասնել մարդու իրավունքների պաշտպանվածության գիտակցման նման դրական արդյունքի: Կարծում եմ՝ այստեղ մեծ դեր ունի մեր ժողովրդի բնատուր քննադատական մտածողությունը, նորը արագ յուրացնելու, տեղայնացնելու նախանձելի հատկությունը, ինչպես նաեւ՝ անկաշկանդ ուղղախոսությունը: Ինչ խոսք, մեծ հաշվով հարցման արդյունքները գոհացուցիչ չեն. դրանք վկայում են մարդու իրավունքների պաշտպանության հարցում հսկայական անելիքների առկայության մասին: Դրանք փաստում են ոչ միայն մարդկանց մոտ պաշտպանվածության զգացողության պակասը, այլեւ հիշեցնում են սոցիալական խնդիրներից մինչեւ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության կարեւորությունը: Ամեն դեպքում, պետք է փաստել, որ ի զարմանս շատերի, հարցման արդյունքները դրական կողմ էլ ունեն: Դրանք ցույց են տալիս, որ մեր ժամանակներում մարդիկ ոչ միայն պասիվ բողոքող են, այլ գիտակցում են փոփոխության անհրաժեշտությունը եւ պատրաստ են դրանում ներդրումներ ունենալ: Նրանք այսօր ավելի քաջատեղյակ են իրենց իրավունքներից, քան՝ առաջ: Միաժամանակ, հանրության այս գնահատականները սթափեցնող ազդեցություն պետք է ունենան բոլորիս, հատկապես՝ մարդու իրավունքների երաշխավորման եւ ապահովման գործուն մեխանիզմներ ապահովելու պատասխանատվություն կրող պաշտոնյաների եւ ինստիտուտների համար: Մեր գործունեության արդյունավետության առավել բնորոշ չափանիշ չկա, քան իրավիճակի փոփոխությունն այս ոլորտում. դրանից ելնելով է վաղը որոշվելու մեր քաղաքական պատասխանատվությունը հասարակության առջեւ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
