«ԱՌՆՎԱԶՆ 28 ԿՐԱԿՈՑ ՀՆՉԵԼ Է ՀՈՒՆՎԱՐԻ 12-ԻՆ, ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ»
Արխիվ 12-16«ԱՌՆՎԱԶՆ 28 ԿՐԱԿՈՑ ՀՆՉԵԼ Է ՀՈՒՆՎԱՐԻ 12-ԻՆ,
ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ»
«Եթե աչք փակենք այս սպանության վրա, վաղը նոր հանցագործությունների կատարման համար պարարտ հող են ստեղծում համապատասխան մարմինները, որ ռազմաբազայի զինվորը շատ լավ հասկանում է, որ անպատժելիության մթնոլորտ է»,-iravunk.com-ի հետ զրույցում ասաց Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանդի հետեւանքով սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ տիկին Ջուլիետան:
Իսկ Ավետիսյանների ընտանիքի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը, անդրադառնալով դատակենսաբանական փորձաքննության եզրակացությանը, լրագրողների հետ հանդիպմանը ասաց. «Համաձայն՝ դեպքի վայրում հայտնաբերված հագուստի եւ Պերմյակովի քրտինքները խմբային պատկանելիությամբ համընկնում են։ Այդ հագուստը եղել է Պերմյակովի հագին, թե ոչ, կպարզի դատագենետիկական փորձաքննությունը: Դեպքի վայրում հայտնաբերվել են նաեւ բազմաթիվ պարկուճներ եւ գնդակներ։ Ավետիսյանների տանը հայտնաբերվել է 28 պարկուճ։ Սա նշանակում է, որ առնվազն այդքան կրակոց է հնչել հունվարի 12-ին»:
Իրավահաջորդների մեկ այլ ներկայացուցիչ փաստաբան Երվանդ Վարոսյան էլ հավելեց. «Դատագենետիկական փորձաքննությունը շատ հարցերի կպատասխանի, այդ թվում՝ Պերմյակովից բացի այլ անձ եղել է Ավետիսյանների տանը, թե ոչ»։
Ինչ վերաբերվում է Պերմյակովի հոգեկան առողջությանը, ապա փաստաբաններն այդ մասին տեղեկություններ չունեն, քանի որ այդ հարցը քննում է ռուսական կողմը։
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ուր յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
