Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՆԱՆՅԱՆ-ՀՈՎՆԱՆՅԱՆՆԵՐԻ ՄՈՌԱՑՎԱԾ ՈՏՆԱՀԵՏՔԵՐԸ

Արխիվ 12-16

ԱՆԱՆՅԱՆ-ՀՈՎՆԱՆՅԱՆՆԵՐԻ ՄՈՌԱՑՎԱԾ ՈՏՆԱՀԵՏՔԵՐԸ


Վրաստանի մայրաքաղաքում` Թբիլիսիում` «Հայարտանը», տեղի ունեցավ վերջերս լույս տեսած` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի «Անանյան-Հովնանյանների ոտնահետքերով» գրքի շնորհանդեսը: Միաժամանակ ներկայացվեցին նաեւ Թբիլիսիի հայկական կյանքի գիտակ Սարգիս Դարչինյանի «Թիֆլիս. հայկական ճեպանկարներ»գրքի ռուսերեն հրատարակությունը եւ «Կարծիք» ստեղծագործական խմբի պատրաստած «Անանյան-Հովնանյաններ. մոռացված ոտնահետքեր» տեսաֆիլմը:

Ի դեպ, նշենք, որ բարի ավանդույթ են դարձել «Լոռվա ձոր» հայրենակցական միության եւ Վիրահայոց թեմի կազմակերպած համատեղ միջոցառումները, որոնք առնչվում են վիրահայությանը եւ Լոռվա աշխարհին:

Շնորհանդեսը սկսվեց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնության եւ գնահատանքի խոսքով: Նա ընդգծեց, որ լույս տեսած  գրքերը եւ նկարահանված տեսաֆիլմը արժեքավոր են նախեւառաջ թիֆլիսահայ պատմության էջերը պեղելու եւ նոր, մեծ վաստակ ունեցող գործիչներին սերունդներին ներկայացնելու առումով: Նա նաեւ նշեց, որ հեղինակներին հաջողվել է մոռացությունից փրկել մի ամբողջ գերդաստանի պատմություն:

«Անանյան-Հովնանյանների գերդաստանն ինձ համար եւս հայտնություն է դարձել,-ասաց սրբազան հայրը,- հետաքրքիր է չէ՞, թե ինչպես Արեւմտյան Հայաստանից 18-րդ դարի վերջերին գաղթածի զավակն արդեն ոչ միայն կարողանում է իր մի կտոր հացին տեր դառնալ, այլ Մոսկվայում դառնալ ամենաճանաչված վաճառականներից մեկը, մի քիչ էլ ուշ` բարերարներից մեկը»:

Սրբազան հոր խոսքը յուրովի է շարունակում «Հայարտան» տնօրեն Լեւոն Չեդիլյանը` ասելով, որ Անանյան-Հովնանյանները կարող էին հաստատվել Մոսկվայում, Եվրոպայում, բայց Հովնանյանների եղբայրներ Ալեքսանդրը եւ Հովսեփը նախընտրեցին Թիֆլիսը` իրենց ուսյալ եւ կրթյալ զավակներով, Վրաստանում սկիզբ դնելով արդյունաբերական հողագործությանը, խաղողագործությանը, գինեգործությանը, կոնյակագործությանը, շամպայնագործությանը:

«Նրանք խիզախ մարդիկ էին,- իր ելույթը սկսեց «Կամուրջ» հանդեսի խմբագիր Անահիտ Բոստանջյանը,- որովհետեւ ամեն ինչ ստեղծում էին զրոյից, հոգ տանելով հասարակ ժողովրդի մասին` նրանց համար տներ, կացարաններ կառուցելով»:

«Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթը նշեց, որ Սերգո Երիցյանին հաջողվել է ստեղծել փաստավավերագրական, հանրամատչելի մի ինքնատիպ պատմություն` մի ամբողջ գերդաստանի մասին` ամենատարբեր զեղումներով: «Մի շնչով այդ գիրքը կարդացի,- ասաց նա,-ու հասկացա, որ մենք հենց այսպիսի գրքերի, ասել է թե, պատմությունների կարիք ունենք»:

Իսկ մշակութաբան Ռուբեն Նահատակյանն ասաց, որ իրեն զարմացրել է Անանյան-Հովնանյանների մշակույթին այդքան մոտ գտնվելը: «Հովհաննես Անանյան-Հովնանյանը մեկ օգնում է նկարիչներին, մյուս անգամ` թատրոնի գործիչներին, երրորդ դեպքում` երգիչներին» ,-ընդգծեց բանախոսը:

Քաղաքագետ Յուրի Մկրտումյանն էլ ընդգծեց. «Ժամանակն է, որ ճիշտ հասկանանք այս ազնվական մարդկանց դասերը` ազգապահպանության վերաբերյալ»:

Մյուս բանախոսները նշեցին, որ նրանք ստեղծող էին, արարող, անընդհատ ականջալուր  ազգային խնդիրներին: Մասնավորապես, եթե Հովհաննես Անանյան-Հովնանյանը ուրիշ բան չաներ, միայն ստեղծեր Թիֆլիսի Մարիամյան-Հովնանյան օրիորդաց վարժարանը, ապա կարելի էր նրան երախտիքի հուշարձան կանգնեցնել:

Ամփոփիչ խոսքի իրավունքը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանինն էր, ով ներկայացրեց գրքի եւ տեսաֆիլմի ստեղծման պատմությունը, եւ այն ճանապարհը, որով անցել են հեղինակները: Նա նաեւ ընդգծեց, որ այս գերդաստանի կյանքից կարելի է հրաշալի դասեր առնել եւ ճիշտ օգտագործել մեր ազնվականության կյանքն ու գործը` որպես փորձ:

«Անանյան-Հովնանյանների գերդաստանը, որը ծագումով Վանից էր, կարողացավ վերընձյուղվել, իր արմատները ձգել,- իր ելույթի ժամանակ ասաց Սերգո Երիցյանը,-նրանք կայացան որպես հայ ազնվականներ ու մինչեւ վերջ պահպանեցին ազգին ծառայելու, օգտակար լինելու իրենց առաքելությունը»:

Այնուհետեւ Սերգո Երիցյանը ներկայացրեց Սարգիս Դարչինյանի «Թիֆլիս. հայկական ճեպանկարներ» գրքի ռուսերեն տարբերակը` շեշտելով, որ հայերեն հրատարակությունից հետո, հասկանալի դարձավ ընթերցողին այն ռուսերեն ներկայացնելու անհրաժեշտությունը: «Սարգիս Դարչինյանը թիֆլիսյան հայկական կյանքի կորուսյալ կամ այդ ճանապարհին գտնվող մասունքներ է ներկայացրել  ու փոխանցել ընթերցողին: Բարեբախտաբար, նա հարուստ արխիվ է թողել, որը ժամանակի ընթացքում պետք է ընթերցողին ներկայացնել»,-իր խոսքը եզրափակեց Սերգո Երիցյանը:

Հանդիսույթի ավարտից հետո, հետաքրքիր էր մտերմիկ միջավայրում գրքերի ու տեսաֆիլմի հեղինակների շփումները լսարանի հետ: Այդ ընթացքում տրվում էին նրանց հետաքրքրող հարցերի պատասխանները:

ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ

Թիֆլիս-Երեւան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ