Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ԽՄՈՐՈՒՄՆԵՐ "ՆԵՄԵՍԻՍ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ" ԳՐՔԻ ՇՈՒՐՋ

Արխիվ 12-16

100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ԽՄՈՐՈՒՄՆԵՐ "ՆԵՄԵՍԻՍ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ" ԳՐՔԻ ՇՈՒՐՋ


Վերջերս լույս տեսավ Պաոլո Կոսսիի, Ժան-Բլեզ Ջիանի եւ Ժան Վարուժան Սիրապյանի "Նեմեսիս գործողությունը. Սողոմոն Թեհլերյան" գրքի հայերեն եւ ռուսերեն տարբերակները: Գիրքը տպագրվել է նաեւ Ֆրանսիայում` ֆրանսերեն եւ անգլերեն, եւ Հունաստանում` հունարեն: Պատկերապատումներով գիրքը ներկայացնում է "Նեմեսիս" գործողությունն ու Սողոմոն Թեհլերյանի կողմից Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշայի գնդակահարության պատմությունը: Գրքում կան նաեւ Հայոց ցեղասպանությունը փաստող ուշագրավ նյութեր, արժեքավոր քարտեզներ, ինչպես նաեւ Սողոմոն Թեհլերյանի կյանքն ու դատավարությունը: Գրքի լույսընծայումից հետո եղան տարաբնույթ կարծիքներ, թե գրքում կան տարեթվերի եւ անվանումների անճշտություններ: "Իրավունքի" հետ զրույցում գրքի հրատարակիչ "Արեգ" հրատարակչության տնօրեն ՍԱՄՎԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ հերքելով բոլոր կարծիքները` հերթականությամբ պարզաբանեց` ասելով, որ բոլոր 4 մեղադրանքներն էլ անհիմն են.

"ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻՑ ԼԱՎ ԱՂԲՅՈՒՐ ՈՒՆԵ՞Ն ԻՐԵՆՔ"

-Նախ, ասում են` ոչ թե պիտի Թեհլերյան գրվի, այլ Թեհլիրյան: Ես էլ ասում եմ` պիտի գրվի Թեհլերյան, որովհետեւ մեր հայկական հանրագիտարանում Թեհլերյան է գրված: Եվ հետո, 1990 թվականին լույս է տեսել Սողոմոն Թեհլերյանի դատավարության սղագրությունը, իսկ այնտեղ էլ գրված է Թեհլերյան: Հիմա չգիտեմ հանրագիտարանից ավելի լավ աղբյուր ունե՞ն իրենք, որ ասում են` պիտի գրվի Թեհլիրյան, իբրեւ մի մեծ հայտնագործություն է: Ես հարյուրավոր ազգանուններ կարող եմ ասել, որոնց մեջ հարցականներ կան: Միկոյան ազգանուն մենք չունենք, մերը Մկոյան է, բայց ռուսները ի-ն ավելացրել են, որպեսզի հեշտ արտասանեն: Այդպես Մկոյան ազգանունը դարձել է Միկոյան: Նույն  էլ հենց այդ "Նեմեսիս" գործողության ղեկավարը` մեր գրքում գրված է Արմեն Կարո, իսկ դրսում գրում են Արմեն Գարո, հիմա ո՞րն է ճիշտ, Կարո՞, թե՞ Գարո: Բա եղա՞վ, հիմա մենք ընկնենք այդ վեճերի մե՞ջ: Ես էլ ասեմ Դանթե գրվում է տ-ով, թե՞ թ-ով, դրանք ոչ մի տեղ տանող վեճեր են:

"ՀԻՄԱ ԵՍ ԻՐԵՆՑ ՀԱՎԱՏԱ՞Մ, ԹԵ ՍՈՂՈՄՈՆԻՆ"

-Պարոն Գասպարյան, նաեւ ասում են, որ Թեհլերյանի ծննդյան թվականի հետ կապված անճշտություններ կան գրքում:
- Այո, ասում են Սողոմոն Թեհլերյանը ծնվել է ոչ թե 1897 թվականին, ինչպես մենք ենք գրել, այլ 1896-ին: Ես էլ ասում եմ` կան այդպիսի տարբերակներ, բայց մենք առաջնորդվել ենք դատավարության սղագրությամբ: Եթե դատավորը Սողոմոնին հարցնում է, ստո՞ւյգ է, որ դուք ծնվել եք Բագառիճում` 1897 թվականի ապրիլի 2-ին, Սողոմոնն ասում է` այո: Հիմա ես դա եմ ընդունել հիմք, չգիտեմ` իրենք ինչն են հիմք ընդունում: Հերքում եմ իրենց տարբերակը, ես եմ ճիշտ, որովհետեւ Սողոմոնը ինքն իր բերանով դատավորին ասում է` այո: Հիմա ես իրենց հավատա՞մ, թե՞ Սողոմոնին: Պատկերացնո՞ւմ եք, 1897 թվականին ո՛չ ծննդական է եղել, ո՛չ էլ ինչ-որ փաստաթուղթ, ինչ-որ եկեղեցում ծխական մատյան է եղել, որտեղ գրանցել են ծնվածներին: Հիմա իրենք որտեղի՞ց են վերցրել ու ասում են պատմական անճշտություն, ես չեմ կարող ասել:

"ԱՅԴ ՄԵՂԱԴՐԱՆՔԻՑ 37 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ"


-Նշվում է, որ անճշտություն կա նաեւ գործողությունն իրականացնողների անունների հարցում:
- Նրանք ասում են, որ Ջեմալ փաշային ոչ թե սպանել է Ստեփան Ծաղիկյանը, այլ Արտաշես Գեւորգյանը: Սցենարի հեղինակն էլ ասում է` իմ ձեռքի տակ եղած բոլոր նյութերում գրված է, որ Ստեփան Ծաղիկյանն է սպանել, Արտաշես Գեւորգյանը մասնակցել է այդ սպանությանը: Մեր գրքում այդպես է գրված, իսկ իրենք ասում են` ոչ հենց ինքն է սպանել: Թե որտեղի՞ց են վերցրել, եւ այդ ի՞նչ ուսումնասիրություններ են, կամ այդ ի՞նչ մի կարեւոր բան է, չգիտեմ: Կա նաեւ 4-րդ մեղադրանքը, որը շատ ավելի վտանգավոր է, իմ կարծիքով: Ասում են` գրել եք հանցագործության վայրը եւ զենքը, եթե դուք ասում եք` հանցագործություն, ուրեմն նշանակում է, որ Սողոմոն Թեհլերյանը հանցագործություն է կատարել` սպանելով Թալեաթին, ուրեմն ինքը հանցագո՞րծ է: Այդ մեղադրանքից 37 թվականի հոտ է գալիս, ասում են` թուրքերի ջրաղացին ջուր եք լցնում, թուրքական քարոզչությունն եք անում: Ես էլ ասում եմ` լավ, հանցագործության վայրը եւ զենքը չգրեինք, գրքում քարտեզ կա` Հարդենբերգ քաղաքի քարտեզը, որտեղ կատարվել է այդ դեպքը: Հիմա ասեք` ես ի՞նչ ասեմ, դեպքն ինչպե՞ս անվանեմ` գործողությո՞ւն, սպանությո՞ւն, վրիժառությո՞ւն... Սպանությունն ինքն արդեն հանցագործություն է: Ենթադրենք, ես գրեցի սպանության վայրն ու զենքը, ի՞նչ է փոխվում դրանից: Եվ ամենակարեւորը` սպանել է չէ՞, մարդ է սպանել, հիմա Թալեաթն է, թե ինչ է, մարդ է ի վերջո սպանել: Ինձ համար կարեւորը ոչ թե հանցագործություն, սպանություն կամ վրիժառություն բառերն են, այլ այն, որը գրքում ներկայացված է փայլուն ձեւով, որ դատարանն ասում է` Սողոմոն Թեհլերյանը մարդ է սպանել, բայց ինքը մարդասպան չէ: Դա է կարեւորը, իսկ դուք կպել եք հանցագործություն բառից, բա ի՞նչ գրենք: Ես գրքի թարգմանիչն եմ, հանցագործություն բառը ֆրանսերենում "crime" բառն է, ես ուրիշ բան չէի կարող թարգմանել, եւ հետո, հանցագործություն է, բա ի՞նչ է:

"ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԳՐՔԻ ՎԱՃԱՌՔՆ ԱՎԵԼԻ Է
ԱՐԱԳԱՑԵԼ"


-Պարոն Գասպարյան, այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը. արժե՞ր արդյոք նման աղմուկ բարձրացնել այս թեմայի շուրջ:
- Դե, որ բարձրացնում են այս թեման, ես ինչ անեմ: Ես գիտեմ, թե ով է այս թեման բացել, նա "Նեմեսիս" գործողության մասին գիրք ունի հրատարակած եւ մտածել է, որ այս գիրքը խանգարում է իր գրքի վաճառքին, ու հարձակվել է այս գրքի վրա: Ի դեպ, ասեմ, որ այդ խոսակցություններից հետո գրքի վաճառքն ավելի է արագացել, ինձ համար ավելի լավ գովազդ է անում: Ի վերջո, չի կարելի ստվեր գցել մի այնպիսի գրքի վրա, որտեղ բավականին լուրջ աշխատանք է կատարվել: Գիրքը նկարազարդել է Եվրոպայում կոմիքսների շատ հայտնի նկարիչ, իտալացի Պաոլո Կոսսին: Սցենարի հեղինակներից մեկը նույնպես իտալացի է, իսկ գրքի սցենարի հեղինակներից մեկը` Ժան Վարուժանը, Փարիզի Արշակ Չոպանյան ինստիտուտի եւ "Sijest" հրատարակչության տնօրենը, ում հրատարակած գրքերի գերակշիռ մասն ուղղված է թուրքերի դեմ: Պարզապես անհեթեթություն է նրա հրատարակած այս գրքում թուրքերի ջրաղացին ջուր լցնել կամ թուրքական քարոզչություն տեսնել:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ