ՌԴ-ՈՒՄ ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ԱԶԱՏԱՎԱԾ ԵՆ ԼԵԶՎԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Արխիվ 12-16ԱԶԱՏԱՎԱԾ ԵՆ ԼԵԶՎԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Թեեւ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո պաշտոնապես շատ խոսվեց, որ հայ միգրանտներն այսուհետեւ Ռուսաստանում ստանում են մի շարք առավելություններ, սակայն բողոքներ դեռ պարբերաբար հնչում են: Մասնավորապես, որ հայերը պետք է, ասենք, ռուսաց լեզվի քննություն հանձնեն մյուս բոլոր ազգերի միգրանտներին հավասար: Բայց ահա Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, ի պատասխան մեր հարցմանը, փաստեց, որ գոնե օրենսդրորեն եւ համապատասխան պայմանագրերով դա չի կարող լինել.
-Ռուսաստանի տարածքում գտվող ՀՀ քաղաքացիները ազատվում են ռուսաց լեզվի, պատմության եւ իրավագիտության քննություններ հանձնելու պարտավորությունից: Նրանք պարտավոր չեն ներկայացնել նաեւ բժշկական եւ ապահովագրական տեղեկանքներ: Այլ պետությունների քաղաքացիները` օրինակ տաջիկները, ուզբեկները, պարտավոր են:
Հայ աշխատանքային միգրանտները Ռուսաստան մուտք գործելիս` միգրացիոն քարտում` իբրեւ այցի նպատակ, պետք է նշեն "աշխատանքը": Ռուսաստան մեկնողները աշխատանքային պայմանագրերով պետք է ներկայանան ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տարածքային բաժանմունք եւ աշխատանքի արտոնագիր ստանան: Եվ նրանց միգրացիոն քարտի վրա արդեն կնշվի, որ նրանք Ռուսաստանում գտնվում են օրինական հիմունքներով: Եթե հայ աշխատանքային միգրանտը Ռուսաստանի տարածքում պետք է աշխատի 30 օր, ապա միգրացիոն ծառայություններում հաշվառվելու կարիք չկա: Այլ երկրների քաղաքացիների համար այս ժամկետը 7 օր է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
