"ԵԹԵ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ, ՄԵՆՔ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ"
Արխիվ 12-16Գաղտնիք չէ, որ վերջին օրերին հերթական անգամ սահմաններին իրավիճակը լարվել էր, ունեցանք նոր դիվերսիաներ, զոհեր: Խոսելով այս իրավիճակի եւ դրա հնարավոր հետեւանքների մասին` ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ ԱՌԱՔԵԼ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց.
-Թշնամին թշնամի է, եւ իր թշնամությունն է անում է: Ուղղակի, վերջին ժամանակաշրջանում շատ ավելի կատարալագործել է իր ստոր քայլերը: Բայց հավատացած եղեք, որ մենք ունենք ուժեղ եւ կանգուն բանակ, եւ թշնամու ցանկացած սադրանք ստանում է իրեն համապատասխան, լիարժեք պատասխան: Երբեւիցե չի արձանագրվել մի դեպք, որ թեկուզ մի փոքր քայլով նահանջեն. միշտ էլ ցանկացած սադրիչ գործողություններից հետո իրենք են մի երկու անգամ ավել զոհեր տալիս: Գիտեք, որ հիմա` հենց այս պահին, սահմաններին Ադրբեջանի կողմից չհայտարարված պատերազմ է գնում, նրանք ցանկացած ստոր փորձեր արել ու շարունակում են անել` շատ լավ գիտակցելով, որ նրանց մոտ ոչինչ չի չստացվի: Այնպես որª վաղ թե ուշ, կարծում եմ, իրենք կհասկանան, որ հայ զինվորը կյանքը կտա, բայց չի նահանջի թուրքի դեմ: Կարծում եմª կհասկանան ու կլռեն: Իսկ եթե իսկական պատերազմ են ուզում, մենք միշտ պատրաստ ենք:
Թշնամու ակտիվությունը կապված է նաեւ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հետ: Բայց, ամեն դեպքում, թող թուրքն իր թրքությունն անի, իսկ մեր բանակն էլ կմնա իր տեղում, իր գործը կշարունակի, մենք էլ կզբաղվենք Ցեղասպանության ճանաչման գործընթացով: Ինչքան հնարավորություններ ունենք, պետք է օգտագործենք, մեր բոլոր ուժերը պետք է ներդնենք, մարդաշատ լինենք, որովհետեւ հատկապես այս ժամանակահատվածում մենք պետք է, ինչպես երբեւէ, զբաղվենք Ցեղասպանության ճանաչման հարցով:
- Ամեն դեպքում, տեսնո՞ւմ եք պատերազմի վերսկսման տարբերակ:
- Մենք միշտ պետք է պատրաստ լինենք, բայց չեմ կարծում, որ այսքան համարժեք պատասխաններ ստանալուց հետո, իրենք կգնան բացահայտ պատերազմի: Մենք պարզապես միշտ պետք է պատրաստ եւ համախմբված լինենք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
