"ԵՍ ՉԳԻՏԵՄ` ՇԱ՞Տ ՄԱՐԴ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ԲՀԿ-ԻՑ"
Արխիվ 12-16Երեկ ԲՀԿ խմբակցությունը նիստ է գումարել Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, որին սակայն չի մասնակցել ԲՀԿ գործարար պատգամավոր ԱՐՇԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ (Բռիլյանտի Արշակ): "Իրավունքի" հետ զրույցում ԲՀԿ պատգամավորն ասաց, որ նիստին չի մասնակցել` հիվանդ լինելու պատճառով: Մարտի 5-ին կայանալիք ԲՀԿ համագումարի ու կուսակցության հետ կապված մի քանի հարց ուղղեցինք գործարար պատգամավորին:
–Պրն Մխիթարյան, ի՞նչ է սպասվում ԲՀԿ համագումարին` մարտի հինգին, ո՞վ է լինելու ԲՀԿ-ի առաջնորդը:
– Դեռ տեղյակ չեմ, համագումարին կընտրենք, կիմանանք:
– ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի անունն է շրջանառվում կուսակցության ղեկավարի պաշտոնում: Կցանկանա՞ք իրեն տեսնել այդ պաշտոնում:
– Այո, ինչու չէ, կուզեմ:
– Ըստ Ձեզ` հնարավո՞ր է ԲՀԿ-ից դուրս եկածները հետ վերադառնան, եթե Նաիրա Զոհրաբյանը դառնա կուսակցության առաջնորդ:
– Բայց ես չգիտեմ` շա՞տ մարդ է դուրս եկել ԲՀԿ-ից, թե` ոչ:
– 36 հոգանոց խմբակցությունից 8 պատգամավոր արդեն դուրս է եկել:
– Դե, ինչ կա որ: Կարող է մի մասը ետ վերադառնա ԲՀԿ:
– Ձեր կարծիքով` ինչո՞ւ են հենց գործարարները լքում ԲՀԿ-ն:
– Գործարարնե՞ր: Ովքե՞ր են գործարարներ:
– Օրինակ` Արագած Ախոյանը…
– Իրենց հարցրեք, չեմ կարող ասել:
– Դուք մնալո՞ւ եք ԲՀԿ խմբակցությունում:
– Այդ մասին մի քանի անգամ գրվել է:
– Ցանկանում ենք եւս մեկ անգամ հստակեցնել` մնալո՞ւ եք ԲՀԿ-ում, թե`ոչ:
– Այո:
– ԲՀԿ-ի հետագա քաղաքական կուրսը ինչպե՞ս եք պատկերացնում, ո՞ր դաշտում է գործելու ԲՀԿ-ն:
– Կարծում եմ` ընդդիմադիր դաշտում:
– Եվ դուք քաղաքական այդ կուրսին համաձա՞յն կլինեք:
– Ինչի չէ:
– Իսկ ծայրահե՞ղ, թե կառուցողական ընդդիմություն կլինի ԲՀԿ-ն:
– Կյանքը ցույց կտա:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
