Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին

«ԱՆԳԱՄ ԲԱՑ ՏԵՍԱՐԱՆ ԿՈՉՎԱԾԸ ՉԷՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՆԿԱՐԱԳՐՎԱԾ ՍԻՐՈՒՆ»

Արխիվ 12-16

«ԱՆԳԱՄ ԲԱՑ ՏԵՍԱՐԱՆ ԿՈՉՎԱԾԸ

ՉԷՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՆԿԱՐԱԳՐՎԱԾ ՍԻՐՈՒՆ»


2006 թվականին Երեւան-Սոչի ողբերգական չվերթի 113 զոհերին նվիրված  «Անավարտթռիչք» ֆիլմ-մելոդրաման դեռ մեծ էկրաններ չբարձրացած` արդեն հասցրել է հասարակության կողմից քննադատությունների առիթ հանդիսանալ: Այս անգամ կիզակետում գլխավոր հերոսուհին է` ՏԱԹԵՎ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ, ում համար «Անավարտ թռիչքը»  դեբյուտային է: «Իրավունքի» հետ զրույցում դերասանուհին ասաց, որ չնայած իր մարմնավորած կերպարի դժվարություններին, այն հոգեհարազատ է իրեն:

«ՍՑԵՆԱՐԻՍՏԸ ԿԱՐԾԵՍ ԻՄ ՆԵՐԱՇԽԱՐՀԻՑ ԷՐ ՊՈԿԵԼ»

- Տաթեւ, «Անավարտ թռիչքը» Ձեր դեբյուտն է ֆիլմում, դժվար չէ՞ մուտք գործել բարդ կերպարով:
- Իհարկե դժվար է, անգամ դժվար է գտնել բառեր` դժվարությունը մեկնաբանելու համար: Բայց կողքիս կային մարդիկ, ովքեր հավատում էին ինձ, գլխավորապես ռեժիսոր Ելենա Արշակյանը: Մենք հաղթահարեցինք ճանապարհը, որը բարդ էր, որը պահանջում էր անքուն գիշերներ եւ հասանք ճանապարհի վերջին:


- Ֆիլմը դեռ էկրաններ դուրս չեկած` արդեն սկսել են «հոշոտել» Ձեզ, իբրեւ թե, մի քանի բաց տեսարանների համար: Արդյո՞ք ֆիլմում կան այդ բաց տեսարանները, թե դա հասարակության երեւակայության արդյունքն է ու հեքիաթի ժանրից վերցված:
- Այս հարցի պատասխանն ավելի երկար կլինի: Երբ ընդունվեցի Թատերական ինստիտուտ, սկսեցի կրթվել այդ միջավայրում եւ ստեղծագործել, համբերությամբ սպասելով ֆիլմի այն սցենարին, երբ ինքս ինձ կասեմ` քոնն է, եւ անմնացորդ կտրվեմ գործիս` ինչպես թատրոնում: Եվ ահա մի օր ստանում եմ հրավեր, կարդում եմ Անահիտ Մխիթարյանի սցենարը եւ զարմանում, որ իմ ձեռքում երկար սպասված սցենարն է` գրված գեղեցիկ, էսթետիկ, սերը ներկայացված այնքան աննյութական, որ անգամ բաց տեսարան կոչվածը, չէր համապատասխանում այդ նկարագրված սիրուն, այդ տեսարանը դիտում էի որպես նույն գեղեցիկ սիրո յուրօրինակ շարունակություն: Իմ ձեռքում կերպար էր, որ կարծես սցենարիստը իմ ներաշխարհից էր պոկել: Ինձ բացարձակ չանհանգստացրեցին նման հարցերը: Քանի որ սցենարի գեղեցիկ նկարագրությունը վստահաբար գիտեի, որ նույն կերպ էսթետիկ եւ գեղեցիկ նկարելու է ֆիլմի ռեժիսոր Ելենա Արշակյանը, ում հետ բարդ օրեր ենք ունեցել  նկարահանումներին, բայց իրար հավատալով` հաղթահարել ենք: Իրականում, նկարահանումներից առաջ եւ ընթացքում ինձ մտահոգել է միայն մեկ բան` որպես դերասանուհի` կերպարիս ու հույզերիս ճիշտ մատուցումը, որ կարողանամ ավելորդ հույզերը վանել կերպարիցս: Իսկ թե ինչպիսին է արդյունքը, երբեք ինքս չեմ ունենա դրա պատասխանը: Այդ պատասխանները կտա հանդիսատեսը` փետրվարի 20-ից հետո:

«ՄԵՐ ՏԱՆԸ ԻՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԱՄԵՆԱԹԵԺ ՔՆՆԱՐԿՎՈՂ
ԹԵՄԱՆԵՐԻՑ Է ԵՂԵԼ»


-Իսկ Ձեր ծնողներն ինչպե՞ս են ընդունում այդ քննադատությունները, եւ արդյո՞ք նրանք էլ դեմ չեն եղել, որ նման կերպարով հանդես գաք:
- Նրանք իմ ծնողները լինելուց բացի, իմ ամենալավ ընկերներն են, խորհրդատուները, քննադատները: Մեր տանը իմ աշխատանքը միշտ ամենաթեժ քննարկվող թեմաներից է եղել, ինչ է պետք անել, ինչը` չանել: Բայց ծնողներս երբեք դեմ չեն եղել իմ հստակ կայացրած որոշումներին: Ֆիլմում նկարահանվելը այդ որոշումներից մեկն էր: Իսկ քննադատությունները նրանք ընդունում են նույնքան առողջ, որքան դրական կարծիքները:

«ԵՐԲ ԿԵՐՊԱՐԴ ԻՐԱԿԱՆ Է ՈՒ ԱՊՐՈՒՄ Է ԿՈՂՔԻԴ»



-Ելենա Արշակյանն ասում է, որ անասելի ապրումներ է ունեցել թե՛ օդանավում, թե՛ արդեն Սոչիում` նկարահանումների պահին: Այդ անհանգստությունը փոխանցվե՞լ է նաեւ Ձեզ, եւ Դուք ի՞նչ ապրումներ ունեիք` նման ճակատագրի արժանացած հերոսների կերպարը մարմնավորելիս:
- Երբ մարմնավորում ես կերպար, որը հորինված է, երեւակայել եւ ստեղծել կերպարդ` իր բարդությունն ունի, իսկ երբ կերպարդ իրական է ու ապրում է կողքիդ, դա մեկ այլ բարդություն է: Փորձում էի չհորինել, այս դեպքում զգալ` ինչ է զգացել իրական հերոսուհին, փորձում էի սեփական մաշկիս վրա զգալ կորուստը: Սոչիում նկարահանումներն իրոք բարդ էին: Հոգեբանորեն բարդ էր ե՛ւ թռիչքը, ե՛ւ վայրէջքը: Կարծում եմ` ես եւ Ելենան իրար լուռ հասկանում էինք:

«ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՈՒՀՈՒ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ԻՄ ՄԻՋՈՑՈՎ ԿԶԳԱՔ ԷԿՐԱՆՆԵՐԻՆ»


-Որքան գիտեմ, իրական հերոսուհին, ում մարմնավորել եք, օգնել է սցենարային հարցում, իսկ Դուք խորհրդակցե՞լ կամ շփվե՞լ եք նրա հետ, որպեսզի ավելի լավ կերտեիք կերպարը:
- Այո, իրական հերոսուհին օգնել է սցենարի հարցում, շատ է օգնել նաեւ ինձ: Բայց հանդիպման մանրամասները ուզում եմ մնա միայն ինձ: Հուսով եմ` իրական հերոսուհու ներկայությունը իմ միջոցով կզգաք էկրաներին:

«2006 ԹՎԱԿԱՆԻՆ ԲՈԼՈՐՍ ՈՒՆԵՑԱՆՔ ԿՈՐՈՒՍՏ...»

-Իսկ սցենարում Ձեզ համար կայի՞ն հարազատ պահեր:
- Սերը, հույզերը... Յուրաքանչյուրս ունենք անավարտ թողած զգացմունքներ: Հերոսները անավարտ պատմություն են թողնում` դժբախտ պատահարի հետեւանքով: Ինձ հարազատ են ճակատագրական պատահականությունները: Եվ, առհասարակ, կարծում եմ, ֆիլմի թեման հարազատ է բոլորին, որովհետեւ 2006 թվականին բոլորս ունեցանք կորուստ` կորցրինք մեր կողքին ապրող մարդկանց:


«ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԿԱՐԾԵՍ ԸՆՏԱՆԻՔ ԼԻՆԵԻՆՔ»


- Նկարահանման հրապարակում հարաբերություններն ինչպե՞ս էին` արդեն կայացած դերասանների` Լուիզա Ղամբարյանի եւ Սերժ Ավետիքյանի հետ: Ի՞նչ խորհուրդներ եք լսել նրանցից:

- Նկարահանման հրապարակում կարծես ընտանիք լինեինք: Ժլատ կգտնվեմ եւ չեմ բացահայտի շատ արժեքավոր խորհուրդներ, որ տվել են նրանք: Միայն կասեմ, որ շատ են օգնել ու ուժ տվել, եւ որ ամենակարեւորն է` նրանք դա այնքան աննկատ էին անում, որ հավատայիր, թե ինքդ արեցիր, իրենք չօգնեցին: Ինչպես երեխային հավատացնում են, որ քայլում է ինքնուրույն` մինչեւ իրոք սկսում է քայլել:


«ԵՐԿՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԷԼ ԵՐԲԵՔ ՊԱՏՃԱՌ ՉԵՄ ՈՒՆԵՆԱ ԲԱՐԴՈՒՅԹԱՎՈՐՎԵԼՈՒ»


- Տաթեւ, այս ընթացքում միակ դրական բանը, որ լսել եմ ֆիլմի մասին` դա Ձեր ու Լուիզա Ղամբարյանի նմանության մասին է եղել, որ ճիշտ ընտրություն է կատարվել, դրանից, կարծում եմ, չեք բարդույթավորվում, քանի որ նախկինում էլ Ձեզ նմանեցնում էին նաեւ Նազենի Հովհաննիսյանին:

- Երկու դեպքում էլ երբեք պատճառ չեմ ունենա բարդույթավորվելու: Գեղեցկուհի երկու կին, կարծում եմ, դա հաճոյախոսություն է: Չնայած, չեմ գտնում ոչ մի նմանություն Նազենիի հետ: Իսկ Լուիզայի դեպքում, գովելի է ռեժիսորի սուր աչքը` մայր, դուստր: Ելենան իր գործում միշտ հեռատես է:

- Դուք մինչ այս, ներկայացումներով էիք հանդես գալիս, իսկ այս ֆիլմից հետո ո՞րն է դարձել հոգեհարազատ` կինո՞ն, թե՞ թատրոնը:

- Մենք խոսում ենք երկու տարբեր աշխարհների մասին, եւ երկուսն էլ ինձ շատ հոգեհարազատ: Նկարահանումներից հետո անմիջապես վերադարձա թատրոն, հիմա կարոտում եմ կինոն, պարադոքս է: Երկու տեղում էլ կուզեի լինել միաժամանակ:


«ԿՓՈՐՁԵՄ ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼ ԲՈԼՈՐ ԹՌԻՉՔՆԵՐՍ»


- Իսկ Ձեր կյանքում կա՞ որեւէ անավարտ թռիչք, որ մի օր հաստատ ավարտին կհասցնեք:

- Մեկ թռիչք չէ, որ կյանքումս մնացել է անավարտ: Բայց սպասում են իրենց ավարտին: Կփորձեմ ավարտին հասցնել բոլոր թռիչքներս, միշտ հիշելով, որ յուրաքանչյուր թռիչք ունի իր անկումը եւ յուրաքանչյուր անկում` իր թռիչքը:


 

Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ