"ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԴՐՍԻՑ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ՃԵՂՔ ԲԱՑԵԼ, ՎՍՏԱՀԱԲԱՐ ՉԻ ՀԱՋՈՂՎԻ"
Արխիվ 12-16
Օրերս "Հիմնադիր խորհրդարան" քաղաքացիական նախաձեռնության "ջրերն ընկած" ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի 24 ներկայացուցիչ հայտարարություն էին տարածել, թե խոր ափսոսանքով փաստում են, որ ՀՅԴ-ն ամբողջությամբ շեղվել է իր առաքելությունից եւ վերածվել ապազգային ու անգործունակ կառույցի: Ապա նշել. "Հայտարարում ենք այդ կուսակցությանը մեր անդամությունը դադարեցնելու մասին եւ միանում ենք ազգային-ազատագրական շարժման դրոշ պարզած Հիմնադիր խորհրդարանին": 24 ՀՅԴ-ականների նման պահվածքի մասին, "Իրավունքը" զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:
-Բացարձակ աբսուրդի կեցվածք է, որն իրականության հետ որեւէ առնչություն չունի, արդեն մեր ընկերները` պատասխանատուները, անդրադարձել են այդ հարցին: Ավելացնելու ոչինչ չկա այդտեղ, առավել եւս, որ սուտն ու կեղծիքը չի կարող ուղղակի հետեւողական մեկնաբանման անհրաժեշտություն դառնալ: Իսկ ստի ոտքը կարճ է, ինչպես այս դեպքում:
- Պարոն Մինասյան, ամեն դեպքում սրա հետեւում կանգնած ինչ-որ ուժեր տեսնո՞ւմ եք, թե՞ սա պարզապես ներկուսակցական կոնֆլիկտ է:
- Որեւէ ներկուսակցական կոնֆլիկտի մասին խոսք չի կարող լինել: Դաշնակցությունը, առավել եւս դաշնակցականը շատ լավ գիտի կուսակցության ներսում իր անհամաձայնությունը արտահայտելու մեխանիզմները, ձեւերը: Որ որեւէ դեպքում որեւէ առանձին կառույց նման հայտարարություն անի, Դաշնակցության կանոնագրքից չի բխում: Հետեւաբար, խոսել կուսակցության ներսում կոնֆլիկտի մասին ոչ միայն տեղին չէ, այլ ընդհանրապես որեւէ տրամաբանական հիմք չունի: Իսկ ինչ վերաբերում է այլ մարդկանց մղումներով փորձել Դաշնակցության մեջ խլրտում գցել, դա էլ չի հաջողվի, որովհետեւ Դաշնակցությունը հենց հայտնի է իր կազմակերպական հզոր կառուցվածքով եւ տրամաբանական համակարգով: Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր փորձում են դրսից Դաշնակցության ներսում ճեղք բացել, վստահաբար չի հաջողվի:
- Գուցե որոշ ուժերի դուր չի գալիս այն, որ ՀՅԴ-ն իշխանությունների հետ համակարծի՞ք է` սահմանադրական բարեփոխումների հարցում...
- Որեւէ քաղաքական ուժի մենք չենք պաշտպանում, մենք պաշտպանում ենք մեր գաղափարները, մեր համոզումները, մեր մոտեցումները: Եվ գտնում ենք, որ սահմանադրական փոփոխություններով հնարավոր է ստեղծել իրավիճակ, որպեսզի Սահմանադրության երկրորդ անփոփոխելի հոդվածը` այն է` ժողովրդի կողմից ձեւավորել իշխանություն, սկսի գործել ու իրական կյանք դառնալ կամ, ինչպես կասեր պարոն Գագիկ Հարությունյանը, դառնա ապրող իրողություն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
