Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով

"ՍՆՎԵՔ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՔԱՂՑԱԾ ԵՔ"

Արխիվ 12-16

"ՍՆՎԵՔ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՔԱՂՑԱԾ ԵՔ"



- Տոնական օրերից հետո, երբ անխուսափելի են դառնում զանազան կերակրատեսակների համտեսումը, սովորաբար խորհուրդ են տալիս կատարել բեռնաթափում, կարելի՞ է: Ո՞ր հիվանդությունների դեպքում է այն անթույլատրելի, ի՞նչ վտանգներով է հղի:

 

 

 

Հարցին պատասխանել է "Շտապբուժօգնություն" ՓԲԸ կենտրոն ենթակայանի բժիշկ ՄԻՇԱ ՊԱՐՈՆՅԱՆԸ.

-Ճիշտ եւ չափավոր սնվելու դեպքում կարիք չի լինի բեռնաթափում անելու եւ սթրեսի  ենթարկելու օրգանիզմը: Բայց եթե եղածն արդեն եղած է, ապա բեռնաթափումը կլինի օգնություն ձեր օրգանիզմին: Բեռնաթափման տարբերակները շատ են, բայց նախընտրելի է կատարել այն միայն ջրով. օրվա ընթացքում խմել մոտ 3 լիտր ջուր:
Խորհուրդ չի տրվում բեռնաթափում կատարել այն մարդկանց, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ` կապված տարբեր օրգան-համակարգերի հետ, օրինակ` սիրտանոթային, ստամոքսաղիքային, նյարդային եւ այլն, քանի որ բեռնաթափումը ոչ միայն օգտակար, այլեւ սթրեսային վիճակ է:
Բեռնաթափումը կարող է ուղեկցվել մի շարք անցանկալի երեւույթներով` զարկերակային ճնշման անկում, ընդհուպ գիտակցության կորուստ, ստամոքս-աղիքային համակարգի  խանգարումներ (հատկապես խոցային, ռեֆլյուքս էզոֆագիտ, քրոնիկական կոլիտ եւ այլ հիվանդություններով տառապողների մոտ), նյարդային համակարգի խանգարումներ` ագրեսիա, դյուրագրգռություն եւ այլն:
Սնվեք միայն այն ժամանակ, երբ քաղցած եք, եւ ընդունեք այնքան սնունդ, ինչքան հարկավոր է, եւ ոչ մի գրամ ավելի:

Հարցին պատասխանել է նաեւ թիվ 2 բուժմիավորման թերապեւտ ՔՐԻՍՏԻՆԵ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ.


-Այսօր մեր բնակչության զգալի մասը հիմնականում սնվում է ոչ ճիշտ եւ անկանոն, որը ավելի է բարդացնում հատկապես քրոնիկական հիվանդությունների ընթացքը: Ցանկանում եմ առանձնացնել մի քանի օրգան-համակարգերի հիվանդություններ, որոնց ժամանակ ցանկալի է հետեւել սննդակարգին: Առաջնային եմ համարում ՍԻՐՏԱՆՈԹԱՅԻՆ համակարգի հիվանդությունները, հատկապես զարկերակային գերճնշումը, որը այսօրվա դրությամբ համարվում է դարի հիվանդություն: Այս հիվանդության ժամանակ պետք է սահմանափակել աղի եւ հեղուկի քանակը, օգտագործել բանջարեղեն, մրգեր (բանան, ցիտրուսներ), սահմանափակել խաղողը, մսի եւ ձկան ոչ յուղալի տեսակները, սերուցքային կարագը փոխարինել բուսական յուղով: Այս ամենի հետ զուգահեռ` վարել առողջ ապրելակերպ` հաճախակի լինել մաքուր օդում, զբաղվել սպորտով, չծխել, քիչ օգտագործել ալկոհոլ, սուրճ, հեռու մնալ սթրեսային իրավիճակներից:
ՍՏԱՄՈՔՍԱՂԻՔԱՅԻՆ համակարգի հիվանդությունների ժամանակ պետք է սնունդն ընդունել փոքր չափաբաժնով, բայց հաճախակի: Սնունդը պետք է լինի լիարժեք, սպիտակուցի, ճարպերի եւ թարմ բանջարեղենի բավարար, իսկ կարագի եւ բուսական յուղի քանակությունը` սահմանափակ: Միսը, ձուկը օգտագործեք եփած կամ շոգեխաշած վիճակում: Խորհուրդ չի տրվում ուտել սոխ, սպանախ, կծու եւ գրգռիչ սնունդ: Ենթաստամոքսային գեղձի քրոնիկական բորբոքման ժամանակ խորհուրդ չի տրվում օգտագործել ընդեղեն եւ սպիտակագլուխ կաղամբ, քանի որ դրանք առաջացնում են խմորում եւ ուժեղ գազեր: Կարելի է օգտագործել տարբեր շիլաներ, կաթնաշոռ: Կտրականապես հակացուցված է ճարպոտ` մսի, ձկան, սնկի արգանակներ, ոչխարի, խոզի միս, պահածոներ, հատկապես մարինացված մթերք, հրուշակեղեն, շոկոլադ: Չարժե խմել գազավորված ըմպելիքներ եւ սուրճ:
ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ համակարգի հիվանդություններից կարող եմ առանձնացնել ցիստիտը, որը լայն տարածում ունի բնակչության մեջ: Ցիստիտի ժամանակ խորհուրդ է տրվում բացառել կծու, թթու, աղի եւ յուղային սննդի օգտագործումը, ինչպես նաեւ թունդ սուրճը եւ ալկոհոլը: Այս ամենի անհրաժեշտությունը ցիստիտի ժամանակ բացատրվում է նրանով, որ յուրաքանչյուր գրգռիչ սնունդ ազդում է միզապարկի լորձաթաղանթի վրա, բերելով հիվանդության սրացմանը: Հիվանդներին խորհուրդ է տրվում կաթնամթերք, բանջարեղեն, մրգեր եւ շատ հեղուկներ:
Բոլոր վերը նշված հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում նաեւ օգտագործել խոտաբույսերով թեյեր, որոնք մաքրում են օրգանիզմը, հանգստացնում նյարդային համակարգը` հանելով լարվածությունը, կարգավորում ներքին օրգանների աշխատանքը: Այդ խոտաբույսերի շարքին են պատկանում` երիցուկի, անանուխի, ալոճենու, հաղարջի հիմքով պատրաստված թեյերը, ինչպես նաեւ կանաչ թեյը:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ