Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ)

ԱՐԱՄՈՆ ՁՄԵՌ ՊԱՊԻԿ ՉԻ ԴԱՌՆԱ, ԻՍԿ ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆՆ ԷԼ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿԱՄՈՒՍՆԱՆԱ

Արխիվ 12-16

ԱՐԱՄՈՆ ՁՄԵՌ ՊԱՊԻԿ ՉԻ ԴԱՌՆԱ,
ԻՍԿ ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆՆ ԷԼ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿԱՄՈՒՍՆԱՆԱ


Անկախ վերջին թանկացումներից, տոնական եռուզեռն արդեն սկսված է: Նախորդ տարիների փորձից արդեն ենթադրելի է` խոզի ազդրն անպակաս է իրեն հարգող յուրաքանչյուր հայի, առանց այդ էլ ճոխ սեղանից: Բայց մեկ անգամ չէ, որ ապացուցվել է` ոչ թե լի սեղաններով, այլ լի սրտերով է պետք դիմավորել Նոր տարին: Իսկ մինչ այդ, յուրաքանչյուրն իր մտքում փորձում է վերլուծել անցնող տարին ու նոր ակնկալիքներ ունենալ` ոչ միայն Ձմեռ պապիկից, այլ նաեւ նոր սկսվող տարվանից:

"ՄԱՐԴ ԿԱ ԽՈԶԻ ԲՈՒԴ Է ԴՆՈՒՄ ՍԵՂԱՆԻՆ, ՄԱՐԴ ԷԼ ԿԱ`
ԸՆՁՈՒՂՏ, ԿՈԿՈՐԴԻԼՈՍ, ԳԵՏԱՁԻ..."


Երգիչ, դերասան ԱՐԱՄՈՆ եկող` Խոյի տարվա հետ շատ պլաններ ունի, ըստ նրա` տարին կլինի անակնկալներով ու հաջողություններով լի: Չնայած` դժգոհ չէ նաեւ այս տարվա խորհրդանիշ ձիուց. "Ձիու տարին ստեղծագործական շրջան էր ինձ համար. շատ ներկայացումներ, ֆիլմեր, նկարահանումներ ունեցա",- "Իրավունքի" հետ զրույցում փաստեց Արամոն եւ ասաց, որ այդքան էլ նշանակություն չի տալիս տարվա կենդանակերպի նշաններին. "Հետո, տարին` կլինի այծի, ձիու կամ կապիկի, ուշադրություն չեմ դարձնում: Մեկն ասում է` ձին աշխատասեր կենդանի է, մյուսը` այծիկը բնավորության այս գիծն ունի, այն մյուսն էլ, թե ճագարը քնում է... Դրանով չէ ամեն ինչ որոշվում, ուղղակի, մարդ պետք է աշխատասեր լինի, որքան նպատակ ունի, դնի իր առաջ ու իրականացնի":
Անդրադառնալով խոզի ազդրերով զարդարված տոնական սեղաններին` Արամոն ասաց. "Տարբեր ընտանիքներ տաբեր կերպ են սիրում դիմավորել Նոր տարին. մարդ կա խոզի բուդ է դնում սեղանին, մարդ էլ կա` ընձուղտ, կոկորդիլոս, գետաձի, ճանճ... Ես նյութականին այդքան ուշադրություն չեմ դարձնում, քանի որ հոգեւորն ավելի բարձր եմ համարում":

"ՄԱՐԴ ԿԱ ՄԵՆԱԿ Է ԴԻՄԱՎՈՐՈՒՄ, ՄԱՐԴ ԷԼ ԿԱ`
ՍԻՐՈՒՀԻՆԵՐԻ ԿԱՄ ԷԼ` ՍԻՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ"


Ամանորը դրսում դիմավորելու մարդկանց ցանկությունները երգիչ-դերասանի համար ընդունելի է այն պատճառով, որ որքան մարդ` այնքան ցանկություն. "Ես տանն եմ դիմավորելու, իսկ ովքեր ցանկություն ունեն ինչ-որ տեղ դիմավորել Նոր տարին, դա իրենց խնդիրն է ու ցանկությունը: Կուզեն` անտառում դիմավորել, բակում կամ էլ` Հավայան կղզիներում: Յուրաքանչյուրն ինքն է տնօրինում իր ֆինանսական բյուջեն, մտքերը, եւ ես երբեւիցե վատ չեմ նայել, որ դրսում են դիմավորում: Կան, որ ընկերներով հավաքվում եւ ընտանիքներով գնում են ու դրսում դիմավորում: Տարբեր մարդիկ տարբեր ձեւ են սիրում դիմավորել Նոր տարին, մարդ կա մենակ է դիմավորում, ընկերական շրջապատում, մարդ էլ կա` սիրուհիների կամ էլ սիրեկանների հետ: Տասը միլիարդ մարդ, ու այդքան էլ բնավորություն, ամեն մեկը յուրովի է տեսնում ու ընկալում Նոր տարին":
Արամոն չցանկացավ ստանձնել Ձմեռ պապիկի դերը` այն զուտ պարտավորված աշխատանք համարելով, սակայն փոխարենը բարեմաղթանքներ շռայլեց. "Իհարկե` Ձմեռ պապիկի դերը չեմ ստանձնի, որովհետեւ դա շատ պարտավորված աշխատանք է: Ցանկանում եմ, որ Ձմեռ պապիկը մեր ձագուկներին ամենագլխավորը` խաղաղություն ու երջանկություն բերի, այդ փոքրիկների բոլոր ցանկություններն ի կատար ածի, որ հունվարի 1-ի առավոտյան տոնածառի կամ բարձի տակ տեսնեն Ձմեռ պապիկի բերած սիրելի նվերը, որոնք մինչ այդ նամակով գրել էին: Իսկ ընդհանրապես, շնորհավորելով բոլորիս գալիք Ամանորը` ամենագլխավորը խաղաղություն եմ մաղթում մեր երկրին, հաջողություն ու առողջություն մեր ժողովրդին":

"ՁԻՈՒ ՏԱՐՈՒՑ ԱՎԵԼԻՆ ԷԻ ՍՊԱՍՈՒՄ"


Անցնող տարին երգչուհի ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ համար ունեցել է բացասական եւ դրական կողմեր. "Վատ տարի էր, որովհետեւ շատ արվեստագետների ու սահմանը պաշտպանող զինվորների կորուստներ ունեցանք, ինչն ինձ համար մեծ ցավ է: Թող սահմաններում խաղաղ լինի, որ մենք էլ այստեղ հանգիստ ու ապահով լինենք, դրա համար խոնարհվում եմ նրանց առջեւ, բոլորս պարտական ենք նրանց: Կաղոթեմ, որ խաղաղություն լինի, ու երբեք կորուստներ չլինեն, բոլորը լինեն առողջ ու անփորձանք",- մաղթեց Սոնան ու անդրադարձ կատարելով իր աշխատանքային հաջողություններին` գոհունակությամբ ասաց. "Աշխատանքային առումով` ինձ համար լավ տարի էր, ամեն տարվա նման շատ աշխատեցի: Աշխատանքն ինձ համար գլոբալ հասկացողություն է, այն չի սահմանափակվում միայն տեսահոլովակներով ու երգերով: Չնայած, Ձիու տարուց ավելին էի սպասում, ընդհանրապես այդ կենդանուն շատ եմ սիրում, բայց կարծում եմ, որ եկող տարին բոլորիս համար էլ լավ տարի է լինելու: Տարին ինձ համար դեռ չի ավարտվել, մի քանի օրից նկարահանելու եմ նոր տեսահոլովակ, որը հանդիսատեսի դատին կհանձնվի  2015 թվականին: Այս տարի ունեցա 2 տեսահոլովակ, եկող տարվա ընթացքում էլի կունենամ նոր աշխատանքներ, բայց ամեն ինչ թողնում եմ Աստծո կամքին, չեմ սիրում պլանավորել, սիրում եմ ասածս իրականացնել":

"ԼԱՎ ՏԱՐԻ ԷՐ, ՔԱՆԻ ՈՐ ԳՏԵԼ ԵՄ ԻՄ ՄՈՒՐԱԶԻՆ"

Անդրադառնալով անցնող Ձիու` մուրազի տարուն, Սոնան եւս ունեցել է մուրազ, որն արդեն իրականացած է համարում. "Այո, այդ առումով լավ տարի էր, քանի որ գտել եմ իմ մուրազին, ունեմ սիրած անձնավորություն: Չեմ սիրում շատ բարձրաձայնել իմ անձնականի մասին, քանի որ ամեն ինչ դեռ առջեւում է: Կարծում եմ` կյանքս կդասավորվի իմ ուզած ձեւով եւ ընդհանրապես, իմ ընտրյալը շատ համապատասխան է ինձ: Ի դեպ, մի քանի օր առաջ հարսանիքի էի մասնակցում ու հարսի ծաղկեփունջը ես եմ բռնել: Բնականաբար, ամեն ինչն իրար հետ կապ ունի, կարեւորը` լավ ընտանիք ունենալն է, երջանկությունը, սերն ու առողջությունը":

"ԱՅՍ ՏԱՐԻ ՄԵԶ ԿՄԻԱՆԱ ՆԱԵՎ ԻՄ ՍԻՐԱԾ
ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ"

Իսկ թե որտե՞ղ, ինչպե՞ս եւ ի՞նչ պայմաններում է դիմավորելու եւ անցկացնելու Ամանորը Սոնան, նախ խորհուրդ տվեց, ապա նաեւ պատմեց իր օրինակը. "Կարեւոր չէ, թե ինչ է դրված սեղանին, կարեւորը` ուրախ սրտով դիմավորես Նոր տարին: Չես կարող մեղադրել այն մարդկանց, ովքեր արտերկրում են դիմավորում Ամանորը: Ես էլ, եղել է տարի, որ արտերկրում եմ նշել, բայց ամեն տարի տարբեր է եղել ու հետաքրքիր: Ընդհանրապես, միշտ իմ ընտանիքի հետ եմ դիմավորում Նոր տարին, իսկ այս տարի մեզ կմիանա նաեւ իմ սիրած անձնավորությունը: Ուղղակի, դիմավորելուց հետո այս տարի եւս աշխատանքի բերումով քիչ կլինեմ տանը` մի քանի տեղ հրավիրված եմ երգելու":
Իսկ ի՞նչ Նոր տարի` առանց Ձմեռ պապիկից նվեր ակնկալելու, Սոնան եւս հետ չմնաց. "Ձմեռ պապիկից այս տարի ակնկալում եմ խաղաղություն, առողջություն եւ բերքաբեր տարի: Կարծում եմ` Խոյի տարին լավ տարի կլինի բոլորիս համար":

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ