ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ԳԵՆԴԵՐԱՍՏՆԵՐԻՆ
Արխիվ 12-16"Հայազն" կուսակցության վարչությունը տարածել է հետեւյալ հայտարարությունը. "Օրերս ԶԼՄ-ներում տարածվեց հայտարարություն, որում մասնավորապես ասվում էր. "Ազգայնական "Հայազն" կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը` ԵՄ դրոշով ակցիային մասնակցելու առաջարկությամբ հանդես գալու համար` լրագրող, հասարակական ակտիվիստ Գայանե Առուստամյանի հասցեին նախ սեռական բռնության սպառնալիք եւ հայհոյանքներ է հնչեցրել, այնուհետեւ տեղից վեր է կացել եւ հարձակվել նրա վրա: Գայանե Առուստամյանը հարկադրված է եղել դիմել ինքնապաշտպանության, իսկ Արմեն Հովհաննիսյանը եւ նրա կուսակիցները դուրս են հրավիրվել տարածքից":
"Հայազն" կուսակցության վարչությունը համակողմանի ուսումնասիրելով միջադեպը` հայտարարում է, որ կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանի մասնակցությամբ տեղի ունեցածի մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:
Մասնավորապես, վեճն առաջացել է ոչ թե ԵՄ, այլ ԼԳՏԲ դրոշի մասին առաջարկությունից հետո, որին հաջորդել են Առուստամյանի վիրավորանքները: Այնուհետեւ Առուստամյանն ինքն է ֆիզիկական հարձակման ենթարկել Արմեն Հովհաննիսյանին: Վարչությունը հանդիպել է նաեւ ներկաներից շատերին, վերլուծել իրավիճակն ու որոշել. Հայտարարության նախաձեռնողի ու հայտարարության տակ ստորագրող կազմակերպությունների ու անհատների գործունեությունն իրավական առումով կարելի է բնութագրել միմիայն որպես զրպարտություն:
Պատահական չէ, որ սույն հավաքի 14 մասնակիցներից եւ ոչ մեկը չի միացել Գայանե Առուստամյանի նախաձեռնած ստորագրահավաքին: Ուստի, "Հայազն" կուսակցության իրավաբանները զրպարտության մեղադրանքով քաղաքացիական հայց են պատրաստում` ընդդեմ Գայանե Առուստամյանի ու մյուս ստորագրողների":
Նշենք, որ "Հայազնը" նույնպես դեմ էր Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանը, սակայն ԱԺ-ի մոտ բողոքի ակցիաների մասնակցությունը` համասեռամոլության եւ ֆեմինիզմի լոբբիստների հետ, համարել էր անընդունելի: Իսկ Արմեն Հովհաննիսյանի դեմ հայտարարություն ստորագրողների կազմը համարյա մեկին մեկ համընկնում է այն ՀԿ-ների կազմի հետ, որոնք անասելի վայնասուն էին բարձրացրել այն բանից հետո, որ դատարանը, պաշտպանելով խոսքի ազատության հիմնարար արժեքը` մերժել էր համասեռամոլության 16 լոբբիստների հայցն ընդդեմ "Իրավունքի": Հիշեցնենք նաեւ, որ անցյալ տարի հակապուտինյան ակցիաների ժամանակ "Հայազնի" ներկայացուցիչները ընդհարում էին ունեցել ծիրանագույն համասեռամոլական դրոշը փողոց հանած "ակտիվիստների" հետ:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ