"ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՆՀԻՄՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱՀՈ՞ՒՆՉ ԵՆ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻՆ"
Արխիվ 12-16Երեկ ՀՀ կառավարության նիստին, մինչ օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՏՄՊՊՀ նախագահ ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԻՑ հետաքրքրվեց, թե ինչո՞վ են պայմանավորված շուկայական դիրքի չարաշահումներն ու անհիմն թանկացումները: Ըստ ՏՄՊՊՀ նախագահի. "Մեր ուսումնասիրության նպատակով առանձնացրել ենք այն ապրանքային շուկաները, որոնք գտնվում են հանձնաժողովի տեսադաշտում: Դրանք այն ապրանքային շուկաներն են, որտեղ գործունեություն են ծավալում խոշոր ընկերությունները, եւ հանձնաժողովը հետեւում է խոշոր ընկերությունների վարքագծին, որպեսզի թույլ չտա խոշոր ընկերությունների կողմից հակամրցակցային գործողություններ: Հանձնաժողովն ուսումնասիրել է թվով 16 ապրանք, որոնք կենսական նշանակություն ունեն, ինչպես շաքարավազ, կարագ, սուրճ, հավի միս, հավի ձու, ձեթ, ալյուր եւ այլն": Ա. Շաբոյանի պնդմամբ` ուսումնասիրությունը կատարվել է նոյեմբերի սկզբից մինչեւ դեկտեմբերի 10-ը. "Այս ժամանակահատվածում հայկական դրամի փոխարժեքը արժեզրկվել է շուրջ 13%-ով` 411-ից հասնելով 463 դրամի, արժեզրկումն իր անմիջական ազդեցությունն է թողել ներմուծված ապրանքների գների վրա, որոնց գինը սկսել է բարձրանալ նոյեմբերի 20-ից սկսած: Բնականաբար, փոխարժեքը կարող է իր ազդեցությունը թողնել կաթնամթերքի գների բարձրացման վրա, քանի որ կաթնամթերքի ինքնարժեքի մեջ մտնող որոշ բաղադրիչներ ներմուծվում են: Բացի այդ, ձմռան ամիսներին` տվյալ ժամանակահատվածում, ՀՀ-ում կաթնամթերքի արտադրության ծավալները կտրուկ նվազում են, ինչն էլ իր ազդեցություն է թողնում կաթնամթերքի գների վրա": Ապա "մխիթարեց". "Այնուհանդերձ, այն ապրանքատեսակները, որոնց գծով ուսումնասիրություն է կատարվել, դրանց գնային փոփոխությունները տատանվում են 2-12, 13%-ի միջակայքում, այն դեպքում, երբ փոխարժեքի արժեզրկումը կազմել է 13%: Կարելի է ասել, որ մեծ հաշվով գնային տատանումները համահունչ են փոխարժեքի տատանումներին":
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ