Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՍՐԲԱԴԱՍՈՒՄԸ ՀՈԳԵՎՈՐ ՆՈՐՈԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԲԵՐԵԼՈՒ»

Արխիվ 12-16

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՍՐԲԱԴԱՍՈՒՄԸ ՀՈԳԵՎՈՐ ՆՈՐՈԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԲԵՐԵԼՈՒ»

 

Նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ եւ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, գումարվեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց հերթական ժողովը: Ժողովին մասնակցող Հայ Եկեղեցու 61 արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոսներ ամփոփելով եռօրյա քննարկումները` միասնական հայտարարությամբ են հանդես եկել.

«Գոհություն ենք մատուցում Սուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, որ շնորհը պարգևեց` 2014 թ. նոյեմբերի 11-13-ին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Եպիսկոպոսաց ժողով գումարելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, և քննարկելու մեր Եկեղեցուն ու ժողովրդին հուզող հարցեր:

Աղոթքով ենք հիշում Հայոց Ցեղասպանության բյուրավոր զոհերին, ովքեր նահատակվեցին վասն հավատո և վասն հայրենյաց: Հավատում ենք, որ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասումը հոգևոր նորոգություն և մխիթարություն է բերելու մեր ժողովրդի զավակներին: Հորդորում ենք մեր ժողովրդի աշխարհասփյուռ զավակներին գործուն մասնակցություն բերել 100-ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումներին և անմեղ զոհերի սրբադասմանը` հիշատակի նվիրական արարողությունները դարձնելով քաջալերանք հավատքի ամրության, հոգևոր կյանքի նորոգության և հայ ինքնության պահպանության:

Եպիսկոպոսաց ժողովը հրավեր է ուղղում քրիստոնյա ողջ աշխարհին աղոթքով միանալու 2015 թ. Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի արարողություններին` հայցելով նաև Տիրոջ օրհնությունը աշխարհում արդարության, խաղաղության ու համերաշխության հաստատման և մարդկային կյանքը փոթորկող բազում տագնապների ու մարտահրավերների հաղթահարման համար:

Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը` վճռականորեն շարունակելու Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված` 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը: Կոչ ենք ուղղում նաև Թուրքիայի Հանրապետությանը` ճանաչելու հայ ժողովրդի դեմ գործված Ցեղասպանությունը և վերահաստատելու մեր ժողովրդի արդար իրավունքները:

Աղոթում ենք առ Աստված մեր նորօրյա նահատակների` Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված հայորդիների հոգիների հանգստության համար: Դատապարտում ենք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների սահմաններին մինչ օրս ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունները, որոնց ցավալի վերջին դրսևորումը եղավ նաև եպիսկոպոսաց ժողովի գումարման օրերին հայկական ուղղաթիռի խոցումը և հայորդիների ողբերգական կորուստը: Աղոթք ենք բարձրացնում զոհված հայորդիների հոգիների հանգստության համար` բերելով մեր ցավակցությունն ու զորակցությունը հայրենիքի համար զոհված քաջարի մեր մարտիկների ընտանիքներին: Մեր ժողովրդի արդար իրավունքների և պահանջատիրության իրականացման ճանապարհին կարևոր հանգրվան պիտի լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի և խաղաղ կարգավորումը, համաձայն միջազգային նորմերի` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ:

Եպիսկոպոսաց ժողովը նաև իր մտահոգությունն է հայտնում աշխարհի տարբեր կողմերում` մասնավորաբար Միջին Արևելքում` Սիրիայում և Իրաքում, ինչպես նաև Ուկրաինայում չդադարող հակամարտությունների առիթով, որ պատճառ են դառնում մարդկային բազմաթիվ զոհերի և ավերածությունների: Մեր զորակցությունն ենք բերում հակամարտության գոտիներում բնակվող խաղաղ բնակիչներին` այդ թվում և մեր ժողովրդի զավակներին, աղոթելով ռազմական գործողությունների շուտափույթ դադարի և աշխարհում համընդհանուր ու տևական խաղաղության հաստատման համար:

«Քրիստոս է մեր Աստուած, և մեք յուսամք ի նաե վստահությամբ ու Հայոց Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի առջև պարտքի գիտակցումով` եպիսկոպոսաց ժողովը վերանորոգում է իր սրբազան ուխտը շարունակելու իր նվիրական առաքելությունը՝ հանուն Հայ Եկեղեցու պայծառության, ազգային միասնականության, մեր երկրի զորացման ու աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության:

Թող Ամենազորն Աստված պահապան լինի մեր Եկեղեցուն, Հայրենիքին և Ազգին Հայոց այսօր և հավիտյանս, Ամեն»:

Հավելենք, որ Եպիսկոպոսաց հաջորդ ժողովը կգումարվի 2016 թվականին:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ