ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻՆ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԵՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՇՏԱԲՆԵՐԸ
Արխիվ 12-16Խորհրդարանում կայացավ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ու Ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվեց "ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին" ՀՀ օրենքի նախագիծը: Իր զեկույցում Արագածոտնի մարզպետ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ նշեց, որ իրենց մարզում, ի տարբերություն մյուս մարզերի, գործազրկությունը անհամեմատ ավելի ցածր է, ավելին` նույնիսկ աղքատության ցուցանիշն է ցածր: Այսքան "պոզիտիվ" ելույթից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ ասաց, թե այս զեկույցից հետո ուզում է պլանները փոխել եւ տեղափոխվել Արագածոտնի մարզ: Մ. Մելքումյանի մտադրության եւ ոչ իշխանական եռյակի իշխանափոխության շտաբներ ստեղծելու գաղափարի մասին "Իրավունքը" զրուցեց Արագածոտնի մարզպետի հետ:
-Պարոն մարզպետ, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մ.Մելքումյանն ուզում է Ձեր մարզ տեղափոխվել: Կընդունե՞ք նրան:
- Ես ասացի` եթե ցանկություն ունեք ապրել մեր մարզում, մենք կքննարկենք այդ հարցը:
- Ի դեպ, ոչ իշխանական "եռյակը" իր վերջին հանրահավաքի ժամանակ նշեց, որ իշխանափոխության շտաբներ են ձեւավորվելու մարզերում: Կոնկրետ Ձեր մարզում ի՞նչ ակտիվություն կա այս առումով:
- Չեմ տեսել որեւէ ակտիվություն, ու ինձ բացարձակապես չի հետաքրքրում դա:
- Իսկ մարզի բնակչությանը հետաքրքրո՞ւմ է:
- Չեմ կարծում: Մի բան կարող եմ ասել. մեկ տարի առաջ եղավ ՀՀ նախագահի ընտրություն: Մարզի բնակչության 74 տոկոսը ձայնը տվեց երկրի նախագահին, քանի որ հավատաց նախագահի ծրագրերին, նրա կատարած աշխատանքներին: Այսինքն` այս մեկ տարվա մեջ ի՞նչ պիտի փոխվեր, որ մեր մարզի բնակչության կարծիքն էլ փոխվեր: Այսօր մեր մարզը 90 համայնքում ծրագրեր է իրականացնում: Դա մեր նախագահի միջամտությունն է, օժանդակությունն է, բարի կամքի դրսեւորումն է, որ այդքան ներդրումներ են կատարվում: Այնպես որ, մենք մտահոգություն չունենք, ու բացարձակ դա մեզ հետաքրքիր չէ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
