Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՀՊՖՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԵՐԵՎԱՆՅԱՆ 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Արխիվ 12-16

ՀՊՖՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԵՐԵՎԱՆՅԱՆ 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

 

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, վերադառնալով Ավստրիայում և Գերմանիայում ունեցած հյուրախաղերից, ամփոփում է Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որով մեկնարկել էր իր 2014-2015թթ. համերգաշրջանը: ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող փառատոնը կայանում է ՀՀ Նախագահի Տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր  Չաուշյանը:

Հոկտեմբերի 4-11-ը նվագախումբը հյուրախաղային երկու համերգ Է ունեցել Ավստրիայում և մեկ համերգ Գերմանիայում: Առաջինը տեղի է ունեցել  Լինց քաղաքում` հոկտեմբերի 5-ին Բրուքներհաուս լեգենդար համերգասրահում, որտեղ Հայաստանի Ֆիլհարմոնիկին վստահվել է ներկայացնել մեծագույն կոմպոզիտոր Բրուքների անունը կրող շատ հեղինակավոր փառատոնի հանդիսավոր փակման համերգը: Իսկ հաջորդ օրը նվագախումբը հյուրընկալվել է Կլագենֆուրտի Մյուզիքվերեյն Կառնտեն համերգասրահում:  Հյուրախաղային վերջին ելույթը Լյուբեկե քաղաքի Շտադհալե սրահում էր հոկտեմբերի 10-ին, երբ Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել գերմանացի հայտնի դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը: Ավստրո-գերմանական այս հյուրախաղերի ընթացքում ներկայացվեցին Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիան, Շոստակովիչի Ջութակի թիվ 1 կոնցերտը, Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և սյուիտը Սպարտակ բալետից, Մուսորգսկու  «Գիշերը լերկ լեռան վրա» և Միրզոյանի «Շուշանիկ» սիմֆոնիկ պոեմները: Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես է  եկել նաև ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը: Շնորհիվ հյուրախաղային այս շրջայցի  ՀՊՖՆ-ը ձեռք բերեց 2016-ին և 2017-ին արտերկրում համերգներով հանդես գալու նոր հնարավորություններ:

Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 24-ը ընթացող ամենամյա փառատոնի ծրագիրը ներառեց 9 համերգ: Նվագախմբի հետ հանդես են եկել  այնպիսի անուններ, ինչպիսիք են Բորիս Բրովցինը, ջութակ (Մեծ Բրիտանիա),  Էշլի Վոսը, դաշնամուր (Մեծ Բրիտանիա),  Սերգեյ Կրիլովը, ջութակ (Ռուսաստան), Կիրիլ Գերշտեյնը, դաշնամուր (ԱՄՆ/Ռուսաստան) և ուրիշներ: Կամերային համերգների շրջանակներում հանդես են  եկել նաև Ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտներ Յանա Դարյանը (ալտ) և Կարեն Խաչատրյանը (կոնտրաբաս): Այս տարի հայ երիտասարդ երաժիշտներին վարպետության դասեր են  տվել Էշլի Վոսը, Բորիս Բրովցինը, Ալեքսանդր Չաուշյանը, Վահրամ Սարաջյանը, Դիմուտ Պոպպենը և Սիմոն Տրպչեսկին:

Փառատոնի եզրափակիչ հանդիսավոր համերգը կկայանա հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Երեկոն իրենց ելույթներով կնշանավորեն դաշնակահար Սիմոն Տրպչեսկին (Մակեդոնիա) և մեծ ճանաչում ունեցող բրազիլացի կիթառահար Ֆաբիո Զանոնը:

Հայտնենք նաև, որ համերգից առաջ նախասրահում կլինի լուսանկարիչ Սոնա Անդրեասյանի «Երաժշտության կադր» խորագրով ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն վերջին երկու տարիների Ֆիլհարմոնիկյան համերգների լավագույն ակնթարթները:

Համերգաշրջանի գլխավոր հովանավորն է ՎիվաՍելլ ՄՏՍ ընկերությունը:

Ֆաբիո Զանոն, կիթառ

Ծնվել է Բրազիլիայում: Կիթառ սկսել է պարապել հոր ղեկավարությամբ և ուսումը շարունակել Անտոնիո Գուեդեսի և Էնրիկե Պինտոյի մոտ: Ավարտել  է Սան Պաուլոյի համալսարանը (նաև որպես կոմպոզիտոր և դիրիժոր): Կատարելագործվել է Մայքլ Լեվինի ղեկավարությամբ Լոնդոնի Royal Academy of Music-ում: Մասնակցել է Ջուլիան Բրիմի վարպետության դասընթացներին և ստացել Լոնդոնի համալսարանի մագիստրոսի աստիճան: 1995-ին հաջողությամբ կայացել է նրա մենահամերգը Լոնդոնի Wigmore Hall-ում:

Ֆաբիո Զանոնի լայն ճանաչումն սկսվել է 1996-ից, երբ նա Առաջին մրցանակներ շահեց Իսպանիայի և Ամերիկայի կիթառահարների միջազգային մրցույթներում: Դրան հաջորդեցին 56 համերգներ ԱՄՆ-ում և Կանադայում և առաջին երեք CD-ների թողարկումը, որոնք նշանավորեցին կիթառահարի մուտքը միջազգային ասպարեզ: Gramophone ամսագիրը լավագույնը համարեց Զանոնի` Վիլա-Լոբոսի գործերի ձայնագրությունը Naxos ֆիրմայում: Նրա նվագախմբային բեմելը կայացավ 1998-ին Լոնդոն Ֆիլհարմոնիկի հետ` Պիացոլայի Կիթառի կոնցերտի  կատարմամբ:

Ֆաբիո Զանոնի նվագացանկը ներառում է կիթառի համար գրված ավելի քան 20 կոնցերտներ: Նրա մանկավարժական գործունեությունը կապված է հեղինակավոր համալսարանների, կոնսերվատորիաների և փառատոնների վարպետության դասընթացների հետ (Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա և Բրազիլիա):

Ներկայումս նախատեսված են Զանոնի ելույթները ԱՄՆ-ում, Կանադայում, Անգլիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Իտալիայում, Իռլանդիայում, Չեխիայում և Միջին Արևելքի երկրներում:

Սիմոն Տրպչեսկի, դաշնամուր (Մակեդոնիա)

Ծնվել է 1979-ին Մակեդոնիայում: Ավարտել է Սկոպիայի համալսարանի երաժշտական բաժինը (պրոֆ.Բորիս Ռոմանովի դասարան): Միջազգային մրցույթների դափնեկիր է (Մեծ Բրիտանիա, Իտալիա, Չեխիա): Եղել է  BBC New Generation Scheme ծրագրի անդամ (2001-2003): Արժանացել է Թագավորական ֆիլհարմոնիկ կազմակերպության Young Artist մրցանակին, ինչպես նաև Մակեդոնիայի Նախագահի մրցանակին: 2011-ին նրան շնորհվել է Մակեդոնիայի Ազգային արտիստի կոչում:

Ելույթներ է ունեցել  London Symphony, City of Birmingham Symphony, Philharmonia, Halle, Royal Liverpool Philharmonic, London Philharmonic, Royal Concertgebouw, Ռուսական ազգային, Մեծ թատրոնի, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, Բեռլինի Deutsches Symphonie-Orchester, Համբուրգի NDR Sinfonieorchester, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Ֆիլադելֆիայի, Քլիվլենդի, Բոստոնի, Ճապոնիայի, Կորեայի, Հոնգ Կոնգի ֆիլհարմոնիկ, Սիդնեյի և Մելբուրնի  սիմֆոնիկ և այլ հայտնի նվագախմբերի հետ  (դիրիժորներ` Մարին Էլսըփ, Վլադիմիր Աշկենազի, Լայընել Բրինգուիեր, Լորին Մաազել, Վասիլի Պետրենկո, Յան Պասկալ Տորտելիե, Ջանանդրեա Նոզեդա և ուրիշներ):

Մենահամերգներ է ունեցել Եվրոպայի և Ամերիկայի հեղինակավոր համերգասրահներում, ձայնագրություններ կատարել Classic FM, “Wigmore Hall Live”, EMI, Avie և այլ ֆիրմաներում` արժանանալով տարբեր մրցանակների (ձայնագրությունների թվում` Չայկովսկու, Ռախմանինովի,Սկրյաբինի, Ստրավինսկու, Պրոկոֆևի, Դեբյուսիի և այլ կոմպոզիտորների գործեր):

Մակեդոնիայի Մշակույթի նախարարության, Kultur Op առաջատար մշակութային կազմակերպության աջակցությամբ Սիմոն Տրպչեսկին մշտական աշխատանք է տանում Մակեդոնիայի երիտասարդ կատարողների նոր սերնդի դաստիարակման ուղղությամբ: 2014-ից համարվում է Լիվերպուլ ֆիլհարմոնիկի Artist in Residence-ը: Այստեղ նա  հանդես է գալու կամերային երաժշտության ծրագրերով, մասնավորապես նվագելով և ղեկավարելով Շոստակովիչի թիվ 1 կոնցերտը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ