ՙՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՄԵՂԱԴՐԱՆՔ
Արխիվ 12-16ՙԻրավունքի՚ աղբյուրների փոխանցմամբ` Սյունիքի մարզպետարանը Սիսիանի քաղաքապետարանում իրականացրած վարչական հսկողության արդյունքում բացահայտել էր մի շարք խախտումներ: Նույն ուսումնասիրության արդյունքներով` 2014թ. մայիս-հունիս ամիսներին ՙխոշոր չափի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, խարդախություններ կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու՚ հիմքով քրեական գործ է հարուցվել լրատվական գործունեություն իրականացնելու նպատակով Սիսիանի քաղաքապետարանի հիմնադրած ՙՍիսիանի լրատու՚ ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Հովակիմյանի եւ ընկերության ֆինանսական պատասխանատու Հասմիկ Եսայանի նկատմամբ:
Ըստ նույն խոսակցությունների` սույն գործում, որպես մեղադրյալներ, ներգրավված են նաեւ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանը եւ համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Աշոտ Գրիգորյանը: Ընդ որում, ըստ նախաքննության, վերջիններիս արարքը գնահատելիս նշվում է, որ պատշաճ չի կատարվել ծառայողական պարտականությունները, որի արդյունքում համայնքին անզգուշությամբ պատճառվել է էական գույքային վնաս, իսկ ՙՍիսիանի լրատու՚ ՍՊԸ-ի աշխատակիցների դեմ քրեական գործը հարուցված է այն հիմքով, որ կեղծվել է պաշտոնական փաստաթուղթ եւ այն օգտագործելով` խարդախությամբ հափշտակվել է խոշոր չափի` 1 մլն 260 հազար դրամ գումար:
Վերոնշյալ տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, սակայն, հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ` ասելով.
- Սեպտեմբերի 23-ին կկայանա առաջին դատական նիստը, այդ ժամանակ էլ կխոսեմ, հիմա ոչինչ չունեմ ասելու:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
