ՙՙԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է` ՎԵՐՑՆԵԼ ԳԵՐԻ, ԱՊԱ ԽՈՇՏԱՆԳԵԼ ԿԱՄ ՍՊԱՆԵԼ
Արխիվ 12-16ՙԹշնամու գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակը մինչ օրս չի հանձնվել հայկական կողմին, որը մեկ անգամ եւս փաստում է, որ այստեղ տարօրինակ շատ բան կա՚,- մեզ հետ զրույցում անդրադառնալով գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակի հանձնմանը ասաց ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ:
-Կարեն Պետրոսյանի դեպքից հետո, առաջինը, որ մենք պետք է անենք, սահմանամերձ շրջանները խիստ մոնիտորինգի տակ պահելն է, որտեղից անընդհատ մարդիկ մոլորվում են: Որից հետո պետք է միջազգային ատյաններին ցույց տալ, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունն է` քաղաքացիական անձանց վերցնել գերի, որից հետո կամ խոշտանգված հետ հանձնել կամ սպանել: Նույն խոշտանգումների արդյունքում` տասնութ ամիս ադրբեջանական գերության մեջ հայտնված Արթուր Բադալյանը այսօր հոգեկան առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Եվ այս առումով նա միակ դեպքն է, որ կենդանի հետ է հանձնվել Հայաստան: Այսինքն` անհրաժեշտ է միջազգային ատյաններին ցույց տալ, որ Ադրբեջանը հստակ քաղաքականություն է վարում, որը կարող է դառնալ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների շարք, պետք է միջազգային քրեական իրավունքի հարց բարձրացնենք:
Ադրբեջանական այս բոլոր գազանություններից հետո նույնիսկ տարօրինակ է թվում, որ համանման իրավիճակում հայկական ուժերի մոտ սեպտեմբերի 5-ին գերության մեջ հայտնված 1999թ. ծնված ադրբեջանցի Ջավիդ Սամիրօղլու Մուզաֆարզադեին ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել վերադարձնել ադրբեջանական կողմին: Չնայած նկատենք, որ քաղաքական տեսանկյունից այդ որոշումը միանգամայն արդարացված է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
