Հայ-ռուսական «Որսորդը» 20-րդ անգամ կմասնակցի աշխարհահռչակ կինոփառատոնի
ՄշակութայինՀայ-ռուսական համատեղ արտադրության «Որսորդը» ֆիլմը, որի ռեժիսորն է Արա Առուշը, իսկ պրոդյուսերն է դերասան Արմեն Գրիգորյանը, միանգամից ընդգրկվել է երեք կինոփառատոնների հատուկ ծրագրում` «Քաշմիր» հնդկական կինոփառատոնում, որը տեղի կունենա օգոստոսի 7-23-ը, «Korti in Kortile» իտալական կինոփառատոնում, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-7 քաղաք Կատանիայում, ինչպես նաեւ ֆիլմը ընդգրկվել է էստոնական «Matsalu» կինոփառատոնի հատուկ ծրագրում, որը տեղի կունենա սեպտեմբերի 17-21-ը: Նշենք, որ սա կլինի 20-րդ կինոփառատոնը, որին մասնակցում է «Որսորդը» ֆիլմը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ֆիլմի պրոդյուսեր, դերասան ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ. « «Որսորդը» ֆիլմը առաջին հայկական ֆիլմն է կարճամետրաժ ժանրում, որը մասնակցել է այսպիսի քանակով կինոփառատոնների»:
Հիշեցնենք, որ ֆիլմն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում «Լավագույն դերասան» անվանակարգին է արժանացել Բարսելոնայում «Բադալոնա» կինոփառատոնի ժամանակ, Նյու Յորքում արժանացել է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգին «Մանհեթեն» կինոփառատոնի ժամանակ, իսկ Ֆլորիդայում «Tally» կարճամետրաժ կինոփառատոնի ժամանակ արժանացել է «Ֆավորիտ երկրորդ ֆիլմ» անվանակարգին եւ այլն: Բացի այդ մինչեւ տարվա վերջ ֆիլմը բազմաթիվ կինոփառատոնների մասնակցելու հրավերներ է ստացել մի շարք երկրներից: Այնպես որ, մեզ մնում է հուսալ եւ հավատալ, որ այս ֆիլմով դեռ շատ կինոփառատոններում կհնչի Հայաստանի անունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
