ՀԱՂԹԱՆԱԿԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ
Արխիվ 12-16ՀԱՂԹԱՆԱԿԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ
Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում օգոստոսի 2-ին կմեկնարկի շախմատի Համաշխարհային օլիմպիադան: Այս օրերին Հայաստանի շախմատի հավաքականը նախապատրաստական փուլի վերջին շրջանում փորձում է շտկել թերություններն ու գործող չեմպիոնին վայել խաղ ցուցադրել: Մեր տղամարդկանց եւ կանանց հավաքականների վիճակին ծանոթացել, վերջին մարզումներին ներկա է գտնվել նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:Օլիմպիադային Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմասնակցի հետեւյալ կազմով` Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Հովսեփյան, Վլադիմիր Հակոբյան, Տիգրան Քոթանջյան: Իսկ կանանց հավաքականը կներկայանա այս կազմով` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Մարիա Կուրսովա, Լիլիթ Գալոյան եւ Շուշան Սարգսյան: Շախմատային այս գլխավոր իրադարձություններից սպասելիքները շատ են` հաշվի առնելով մեր հավաքականի ներուժը: Մինչ օլիմպիադան, երկու հավաքականներն էլ մասնակցել են տարբեր միջազգային մրցաշարերի, մարզավիճակի խնդիր մեր մարզիկները չունեն: Թեեւ տարվա ընթացքում անհատական խաղերում փայլուն խաղի ցուցադրում հիմնականում չեղավ, բայց բոլոր կարեւոր մրցաշարերում հայ շախմատիստները ցուցադրեցին իրենց որակները: Չմոռանանք նաեւ, որ մեր շախմատիստները հատկապես լավ խաղ են ցուցադրում թիմային եւ պատասխանատու մրցաշարերում:
Խոսելով տղամարդկանց հավաքականի առաջին համարի մասին, պետք է նշել, որ Լեւոն Արոնյանի անունն այսօր շախմատի ամենաազդեցիկ անուններից մեկն է, ու թեեւ Արոնյանը վերջին հանդիպումներում զիջել է նորվեգացի Կարլսեն, բայց հուսանք, որ դա միայն կօգնի կենտրոնացնել ուժերը եւ այս օլիմպիադան կկարողանա դարձնել հաղթական:
Տիգրան Քոթանջյանի համար սա լավ հնարավորություն է` ներկայանալ լավագույն որակներով: Գաբրիել Սարգսյանից սպասելիքները մեծ են` հաշվի առնելով, որ տարվա ընթացքում անհատական մրցաշարերում լավագույն արդյունքները ցուցադրել է հենց նա:
Կանանց հավաքականից, իհարկե, հաղթանակի մեծ ակնկալիքներ չկան: Բայց հուսանք, որ նախկին օլիմպիադաների տխուր ՙավանդույթները՚ մեր կանայք այս անգամ կկարողանան փոխել:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
