Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՀԱՐՍԻ ՎԱՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԹՈՇԱԿԱՌՈՒ ԿԻՆԸ ԳԻՇԵՐԵԼ Է ՓՈՂՈՑՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՀԱՐՍԻ ՎԱՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԹՈՇԱԿԱՌՈՒ ԿԻՆԸ  ԳԻՇԵՐԵԼ Է ՓՈՂՈՑՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


«Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամը մեկն է այն կառույցներից, որը, 2011 թ-ից սկսած, ապաստան է տրամադրում չափահաս տարիքի անօթևաններին: Եթե մինչև 2014 թ-ը կացարանն ուներ 40 անօթևան, այս տարվանից 40 դարձել է 100, քանի որ փակվել է 4-րդ գյուղում գտնվող անօթևանների կենտրոնը և այնտեղ գտնվող 60 անօթևան տեղափոխվել է Վարդաշեն, 9-րդ փողոց, 70 շենքում տեղակայված անօթևանների կացարան:

«Իրավունքի» հետ զրույցում հիմնադրամի հոգեբան Համլետ Հովհաննիսյանն ասաց, որ յուրաքանչյուր տարի պետությունից ստանում են 56 մլն դրամ աջակցություն, իսկ Դանիայից 15.000 եվրո: Թեև  հիմնադրամի  հիմնական առաքելությունը ապաստան տրամադրելն է միայն առողջ անօթևաններին, սակայն կենտրոնում գտնվողների մի մասը`40-50 տոկոսը, հաշմանդամներ են ( նրանց մի մասը նաև հոգեկան հիվանդներ են), մոտ 30 տոկոսը քրեակատարողական  հիմնարկներում իրենց պատիժը կրած և արդեն ազատության մեջ գտնվող անօթևաններ, 20 տոկոսն էլ աշխատելու  կարողություն ունեցողներ: Կենտրոնի գործունեության շնորհիվ 18 անօթևան աշխատանք է գտել և վերադարձել ինքնուրույն կյանքի, 24 անօթևան աշխատում է, լուծվել է 19 հոգու անձնագրեր ստանալու խնդիրը:

Թեև «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի ծրագրի շրջանակներում  նախատեսված է անօթևաններին պահել 3 ամիս, սակայն ինչպես մեզ հետ զրույցում ասաց հիմնադրամի ներկայացուցիչը, մինչև անօթևանների խնդիրները` անձնագիր ստանալը, գրանցման, աշխատանքի տեղավորման, առողջական հարցերը վերջնական չլուծվեն, ոչ մի անօթևան 3 ամսից հետո փողոցում չի հայտնվում:

Ինչպես արդեն ասացինք, անօթևանների կացարանում  բնակվում են նաև նախկինում ազատարկվածներ: Հիմնականում նրանք 30-50 տարեկան անձինք են, որոնց  մեծ մասը մի քանի անգամ դատապարտված է եղել:

Հոգեբանի խոսքով` ամեն կերպ կենտրոնը փորձում է  գտնել անօթևան մարդկանց հարազատներին, հաշտեցնել նրանց ու տուն վերադարձնել: «Որոշ դեպքում դա հաջողվում է, որոշ դեպքում ոչ»,- անկեղծանում է հոգեբանը:

Անօթևանները կենտրոնում անգործ չեն մնում. ըստ ծրագրի` նրանք պետք է կատարեն և կատարում են  հասարակական աշխատանքներ: Օրինակ, նորոգում են վարչական մասի աշխատասենյակները, խնամում հիվանդ ու հաշմանդամ անօթևաններին:

Չնայած կատարվող մեծ աշխատանքին, այնուամենայնիվ, ծրագիրն ավելի արդյունավետ կլինի, եթե ըստ հոգեբանի, Հայաստանում ստեղծվեն անօթևան  հաշմանդամների, հոգեկան հիվանդների կենտրոն: Երկրորդ` ցանկալի է, որ անօթևանների փաստաթղթերի հարցը արագ լուծվի:

Երրորդ առաջարկը, որն ավելի շատ խնդրանքի է նման, հետևյալն է` այն մարդիկ, ովքեր  կարող են հիգիենայի պարագաներով, հագուստով  (թեկուզ հագած) աջակցեն հիմնադրամին:

Անօթևաններին գտնելու հարցում կենտրոնը համագործակցում է ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների և տեղամասը սպասարկող համայնքային ոստիկան Գրիգոր Ավագյանի հետ:

Կենտրոնում գտնվող անօթևաններից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի`լի ձեռքբերումներով, բացթողումներով, հիասթափություններով:

«Իրավունքն» առաջիկայում կներկայացնի 2 անօթևանի պատմություն, որոնք  մասնակցել են Արցախյան ազատամարտին, սակայն այսօր ինչ-ինչ պատճառներով հայտնվել են փողոցում:

Իսկ այսօր կներկայացնենք անօթևանների կենտրոնում գտնվող 75-ամյա թոշակառու տիկին Վարդանուշի կյանքի պատմությունը: Երկար տարիներ  տիկին Վարդանուշն աշխատել է առևտրի ոլորտում, վատ չի ապրել: Ինչպես ինքն է ասում, իր բնակարանը վաճառել է, գումարը տվել  իր հարսին: Վերջինս այդ գումարով իր հայրական բնակարանն է  վերանորոգել` խոստանալով սկեսուրին իր տանը պահել ու խնամել: Սակայն եղել է հակառակը: «Ընտանիքում ինձ չգնահատեցին, հարսս ինձ վատ էր վերաբերվում: Երբ տղաս տանը չէր լինում, ինձ ասում էր`թոփալ, վեր կաց գնա իմ տնից, որտեղ ուզում ես մնա: 3-4 տարի դիմացել եմ, բայց էլ չեմ կարողանում այդ ամենը կուլ  տալ: Անցյալ տարի երկու օր  գիշերել եմ փողոցում»,- արցունքոտված ասաց թոշակառու կինը, ապա հավելեց. «Չեմ ցանկանա, որ որևէ մեկը հայտնվի իմ վիճակում: Որ տուն ունենայի, ցամաք չոր հացը կուտեի, բայց փողոցում չէի մնա»:

Մանրամասները` տեսանյութում

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ