ՙՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՂԱՎԱՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԵԿ-Ը ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ ՏԱՐԱԾՔ Է ԽԼՈՒՄ
Արխիվ 12-16Հայաստանի Ագրարային համալսարանի հարակից տարածքում ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունն իրականացնում է շինարարություն, որը հարուցել է թե° բուհի դասախոսների, թե° ուսանողների, թե° ղեկավարության դժգոհությունը: ՙԻրավունքի՚ հետ զրույցում համալսարանի պրոռեկտոր ՊԱՐՈՒՅՐ ԷՖԵՆԴՅԱՆԸ ներկայացրեց խնդրի էությունը:
1994 թ.-ին նախկին Գյուղինստիտուտը վերանվանելով Հայաստանի ազգային ագրարային համալսարան` ժառանգել է Գյուղինստիտուտի ողջ գույքը: Երկու տարի առաջ այն դարձավ ՊՈԱԿ, եւ կառավարության համապատասխան որոշման համաձայն` ամբողջ շինությունները պետության կողմից անհատույց օգտագործման իրավունքով տրվեցին բուհին: ՕԵԿ-ի եւ Ագրարարային համալսարանի համար կռվախնձոր դարձած տարածքը բուհի նախկին ավտոսպասարկման կետն էր, որը եւս համարվում է համալսարանի սեփականություն:
2004-ին ՕԵԿ-ը դիմել էր կառավարություն` խնդրելով բուհի տարածքից իրեն տրամադրել 520 քառակուսի մետր տարածք, բուհը տվել էր համաձայնություն, որից հետո կառուցվել էր ՕԵԿ-ի շենքը: Այդ ընթացքում կառուցվեց նաեւ Արթուր Բաղդասարյանի համար ավտոտակ ու ջերմատուն: ՙԱվտոտնակը 2006-ին քաղաքապետարանի կողմից ճանաչվեց ինքնակամ կառույց եւ պետական սեփականություն, իսկ 2007-ին կառավարությունը այն անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով տվեց մեզ, որը կադաստրում ստացավ պետական գրանցում՚:
Այս տարվա մայիսի 23-ին, սակայն բուհին պատկանող ավտոտնակը սկսեցին քանդել: Հիմնավորումը, որը ներկայացրել է կուսակցությունը համալսարանի ղեկավարությանը, մեկն է` դա իրենց տարածքն է, որի քանդման համար իրենք ունեն թույլտվություն, եւ այն անձամբ պրոռեկտորը տեսել է. ՙԻրենք ունեն ե°ւ քանդելու թույլտվություն, ե°ւ դրան կից ճարտարապետանախագծային հանձնարարություն՚:
Այդ վիճելի տարածքը համալսարանի համար կարեւոր է այնքանով, որ, ինչպես տեղեկացրեց համալսարանի պրոռեկտորը, նախատեսվում է այդտեղ տեղայակել մեծ քանակով գյուղտեխնիկա:
Պարույր Էֆենդյանի խոսքով` շրջանառվող լուրերի համաձայն` ՕԵԿ-ը ցանկանում է այնտեղ ՙԵրեւան TV՚ հեռուստաընկերության համար տաղավար սարքել (հեռուստաընկերությունը վերջերս գնել է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը-խմբ.):
Ագրարային համալսարանը դիմել է ոստիկանություն ու քաղաքապետարան եւ կարողացել ժամանակավորապես դադարեցնել շինարարությունը, բայց համալսարանի ղեկավարությունը դիմելու է դատարան` իրավական ճանապարհով խնդիրը լուծելու համար:
Խնդրի առնչությամբ փորձեցինք կապ հաստատել նաեւ ՕԵԿ անդամների հետ, սակայն հեռախոսազանգերը մնացին անպատասխան:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
