Պետությունը պիտի մոր պես գրկի ու սիրի իր երկրի նվիրյալին. Նարինե Ալեքսանյան
ՄշակութայինՎերջերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի խաղացանկը համալրվեց նոր ներկայացմամբ, հանդիսատեսի դատին հանձնվեց Բ. Նուշիչի «Տիկին մինիստրուհին»` հրավիրված ռեժիսոր Վահե Շահվերդյանի բեմադրությամբ: Ներկայացման մեջ գլխավոր հերոսուհուն` Ժիվկային մարմնավորում է դերասանուհի ՆԱՐԻՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ:
«Իրավունքի» հետ զրույցում դերասանուհին չժխտեց այն, որ մոտ հարյուր տարի առաջ գրված պիեսն այսօր էլ շատ ակտուալ է.
- Երբ սեղանի շուրջ կարդում էինք պիեսը, բաներ կային, զգում էինք, որ այսօր հնչեղություն կունենա: Հետո մի կետի հասանք. կապ չունի հայկական իրականություն է, թե սերբական, այն համամարդկային խնդիր է: Իսկ արդեն ներկայացման փորձերի ընթացքում այլեւս չէիր մտածում` այն ակտուալ է, թե ոչ: Երբ գրեթե պատրաստ էր ներկայացումը, շատ համեմատականներ գտա ներկայացման եւ իրականության մեջ. մուրացկանների վիճակը, նույնիսկ մարդկային վախկոտությունը, կործանվողին շատ արագ կործանելը` ոչ թե ձեռք մեկնելը, չափի զգացողություն կորցնելու հասկացողությունը... Այսինքն` կոնկրետ կերպարները դարձան շատ որոշակի: Զգացի, որ շնչառությունը ճիշտ է` ձեռքը զարկերակի վրա: Նույնիսկ մեր իրականության մեջ մի դեպք տեղի ունեցավ, եւ մենք սկսեցինք զուգահեռներ անցկացնել մեր ներկայացման հետ: Այդ փաստից ելնելով մտածեցի` ինչ լավ կլինի, որ իսկապես խոսքդ տեղ հասնի: Ցավալի փաստ կա, որ 100 տարի առաջ գրվածը այսօր էլի արդիական է ու ցավոտ հարցերի շուրջ է պտտվում:
- Ներկայացման մեջ Ձեր կերպարի այն նախադասությունը, թե պետությունը ոչինչ երբեք չի վերադարձնում, լավ արձագանք ունեցավ, հատկապես դահլիճում ներկա պաշտոնյաների կանանց կողմից:
- Այդ ասելու ժամանակ կոնկրետ ենթատեքստ ունեմ, նկատի ունեմ այդ պարտադիր կուտակային համակարգը: Իմ բնույթով լավատես եմ ու վատի մեջ փորձում եմ անպայման լավը գտնել: Բայց հիմա սարսափով եմ ասում` փառք ու պատիվ մեր թատրոնի դերասաններին, որ 45 հազար դրամով աշխատում են, նվիրյալներ են, ստանում են 70, պահումներով` 45-50 հազար: Բարեկեցիկ երկրում, բարեկեցիկ ապագա ակնկալելու դեպքում ոչ ոք այդ մանրուքներին ուշադրություն չի դարձնի, բայց երբ ցավ կա, վերք կա, վերքի վրա էլ` մի նոր սպի է ավելանում, հուզում է քեզ: Ես տղա ունեմ 16 տարեկան ու կարծում եմ` նա էլ վաղը կմտնի այդ համակարգի մեջ, ես այլեւս ոչ միայն ինձ` այլեւ իմ երեխաների ու ընդհանրապես իմ վաղվա լավ օրվա համար եմ կռիվ տալու: Իհարկե կուզեմ, որ պետությունն անպայման իր պարտքերը վերադարձնի, որովհետեւ երկրի նվիրյալները շատ են բոլոր բնագավառներում, ուղղակի պիտի պետությունը մոր պես գրկի ու սիրի իր երկրի նվիրյալին: Բայց որ պետությունը չի վերադարձնի` դա ցավալի փաստ է: Երջանիկ կլինեմ, եթե այս կետում սխալվեմ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:
