⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

«ՄԵԶ ՄՈՏ «ԽԾԲ» ՏԱՐԲԵՐԱԿ ՉԻ ԳՈՐԾԵԼՈԻ»

Արխիվ 12-16

 

«ՄԵԶ ՄՈՏ «ԽԾԲ» ՏԱՐԲԵՐԱԿ ՉԻ ԳՈՐԾԵԼՈԻ»


Հունիսի 18-19-ը Երեւանում միջազգային փառատոների կովկասյան ասոցիացիան առաջին անգամ կանցկացնի «Կովկասի առաջնություն-2014» երգի եւ պարի միջազգային մրցույթ-փառատոն` մեծ մասշտաբներով: Այդ մասին երեկ «Ազդակ» լրագրողական ակումբում հայտնեցին մրցույթի կազմակերպիչներ` ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ՈՒ ԿԱՐԵՆ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:
Ա. Ղուկասյանի փոխանցմամբ` երեւանյան մրցույթին մասնակցում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ` Սլովենիայից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Հայաստանից, ինչպես նաեւ ազգային փոքրամասնություններ:


ԱՆԳԼԻԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԴԵՖԻԼԵ

«Մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու հունիսի 18-ին` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Սակայն մինչ բացման արարողությունը Անգլիական այգում կանցկացվի դեֆիլե»,- տեղեկացրեց Ա. Ղուկասյանը: Կազմակերպիչների խոսքերով` մոտ 200 հայտ են ստացել, սակայն միայն 70-ն է  իրավունք ստացել մասնակցելու մրցույթ-փառատոնին: Սոցիալական կայքերի միջոցով հայտարարվել եւ անցկացվել է քաստինգ. մասնակիցները փառատոնի կազմակերպիչներին ներկայացրել են տեսագրություններ:

Ա. Ղուկասյանը լրագրողներին ասաց, որ մրցույթ-փառատոնին մասնակցության ցանկություն են հայտնել ինչպես անհատ մասնակիցներ, զույգեր, այնպես էլ մեծ եւ փոքր խմբեր` սկսած 9 տարեկանից: Ի դեպ, մասնակիցները մրցելու են պարի եւ երգի ամենատարբեր ժանրերում:

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆ ԿԵՐԳԵՆ

«Ցավոք, չհասցրեցինք, որ մրցույթ-փառատոնին մասնակցող արտերկրյա հյուրերը հայերեն որեւէ ստեղծագործություն ներկայացնեն: Բանն այն է, որ նրանք դժվարությամբ են սովորում հայ երգը. արտաբերման հետ խնդիրներ են ունենում: Հետագայում պարտադիր նախապայման կլինի` մրցույթին հայերեն որեւէ ստեղծագործություն ներկայացնելը»,- ընդգծեց Կ. Զոհրաբյանը:
Փառատոնի կազմակերպիչները խոստացան, որ հյուրերի համար կկազմակերպվեն էքսկուրսիաներ Հայաստանի տեսարժան վայրերով:

ԿԱՐԵՎՈՐԸ ՈՐԱԿՆ Է

«Իրավունքի» հարցին, թե ինչ հստակ չափորոշիչներ են գործել մրցույթի մասնակիցների համար, նկատի ունենք նախնական փուլը, բանախոսները հետեւյալ կերպ արձագանքեցին. «Մեզ համար կարեւոր էր որակը»:
Խոսելով մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմի մասին, կազմակերպիչները ասացին, որ ժյուրիի կազմը համալրել են ինչպես հայ, այնպես էլ` արտերկրյա հյուրեր: Բանախոսները շեշտեցին, որ ցանկանում են արդար մրցույթ անցկացնել, որտեղ չկան բոլորին հայտնի «ԽԾԲ» տարբերակներ: Ասուլիսի մասնակիցների խոսքերով` բոլոր անվանակարգերում կլինի մեկ գլխավոր (Գրան պրի) մրցանակ, ինչպես նաեւ առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակային տեղեր: Բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության պատվոգրեր` անկախ զբաղեցրած տեղերից: Մրցույթ-փառատոնի ամփոփումը գալա համերգը կանցկացվի Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում:

ԱՅՆՔԱՆ ԷԼ ԻՐԱԶԵԿՎԱԾ ՉԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Բանախոսները ասացին, որ մրցույթում լավագույնս դրսեւորած մասնակիցները հնարավորություն կունենան անվճար մասնակցելու արտերկրյա նմանատիպ մրցույթ-փառատոների, ինչը լավ հնարավորություն է` ներկայացնելու Հայաստանը: Փառատոնի կազմակերպիչներին մտահոգում է, որ եվրոպական փառատոների որոշ կազմակերպիչներ այնքան էլ լավ չեն իրազեկված Հայաստանի մասին: Երեւանյան փառատոնի մասին, որը կանցկացվի հունիսի 18-19-ը  նրանք անպայման կտեղեկանան: Համոզված են կազմակերպիչները:   
Կ. Զոհրաբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ փառատոն-մրցույթի ամբողջ ընթացքը` սկսած հյուրերի ժամանումից` տեսագրվելու է. «Այդ բոլոր տեսագրություններն արվելու են ֆիլմի համար»:
Նշենք, որ մրցույթ-փառատոնը որեւէ կոմերցիոն նպատակ չի հետապնդում:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ