ՙՊԵՏՔ Է ԼԻՆԵՆՔ ՍԱՌՆԱՍԻՐՏ ԵՎ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ՈՒ ՈՐԵՎԷ ԷՄՈՑԻԱՆԵՐԻ ՉՏՐՎԵՆՔ՚
Արխիվ 12-16
Երեկ Ազգային ժողովը սկսեց հերթական քառօրյան, եւ վարման կարգով ձայնի իրավունք ստանալով նախ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ապա ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեկը մյուսին ձեն-ձենի տված առաջարկեցին խորհրդարան հրավիրել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, որպեսզի մի շարք հարցերի պատասխաններ տա: Վերջիններս մտահոգված են, որ հայ- ադրբեջանական սահմանին տիրող անհանգիստ իրավիճակը կապ ունի Աստանայում տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես Ղազախստանի նախագահի, մեղմ ասած, հայերիս նկատմամբ ոչ բարյացակամ հայտարարությունների հետ:
Թե որքանով է այս պահին նպատակահարմար հարց ու պատասխան պահանջել ԱԳ նախարարից, երբ Հայաստանի` Մաքսային միության անդամակցության գործընթացը չի ավարտվել, ու շատ հարցեր կարող են վնասել հենց մեզ, ՙԻրավունքը՚ փորձեց պարզել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻՑ.-Որքանով տեղյակ եմ, ԱԳ նախարարը հարցերին գրավոր պատասխանել է արդեն: Ազգային ժողովը միշտ էլ իրավունք ունի հրավիրել կառավարության ներկայացուցիչներին` տարբեր քննարկումների, բայց, իհարկե, դրանք պետք է լինեն փոխադարձ համաձայնեցված եւ հնարավոր ժամկետներում: Կարծում եմ, որ մենք այս փուլում պետք է լինենք սառնասիրտ եւ համբերատար եւ որեւէ էմոցիաների չտրվենք, մնացած ամեն ինչը լավ կլինի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
