⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

«ՍՊԱՅԻ ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ԶԵՆՔԸ ԽՈՍՔՆ Է»

Արխիվ 12-16

«ՍՊԱՅԻ ԱՄԵՆԱՈՒԺԵՂ  ԶԵՆՔԸ  ԽՈՍՔՆ Է»


Բանակում սպայական կազմը ամեն օր պատասխանատվություն կրելով հարյուրավոր զինվորների համար, մշտապես պատրաստ լինելով կյանքը զոհել հանուն հայրենիքի` հաճախ ստիպված է լինում հանդուրժել հանրության, մեղմ ասած, բացասական կարծիքը: Մինչդեռ այդ նույն սպան երեկվա շարքային զինվորներից մեկն է, ու նրա մայրն էլ է ամեն օր աղոթում որդու անփորձանք ծառայության համար: «Իրավունքը» շարունակելով Պաշտպանության նախարարության հետ համագործակցության շրջանակում ուսումնասիրել Հայոց բանակի ներքին խոհանոցն ու մերօրյա քաջամարտիկների ռազմական փորձը, այս անգամ այցելեց N զորամաս, որտեղ էլ զրույցի բռնվեց զորամասի ամենաերիտասարդ սպայի` լեյտենանտ ՎԻԳԵՆ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆԻ հետ:


«ԵԹԵ ԿԱՐԳԱՊԱՀ ՉԵՍ, ԱՊԱ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԴ»


-Ձեր ծնունդից մինչեւ զինվորական կոչում ի՞նչ ճանապարհ եք անցել:
- Ծնվել եմ 1991 թվականին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: Ապա բնակվել եմ ՌԴ-ում: Հետո ցանկություն է առաջացել գալ հայրենիք եւ բնակվել այստեղ: Եկել եմ ու սկսել զինվորականի մասնագիտությամբ զբաղվել: Գերազանցությամբ ավարտել եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը:
- Փաստորեն, բավական երկար ժամանակ ապրել եք օտար, բայց հզոր երկրում, ինչո՞ւ վերադարձաք Հայաստան:
- Ես մտածում եմ այսպես. եթե մարդ ծնվել է, ուրեմն` պետք է ապրի ինչ-որ բանի համար, իսկ ամենաճիշտ ապրելու միջոցը հայրենիքում ու ծնողների կողքին ապրելն է: Իմ ծնողների ապահով լինելու համար, ես պետք է ռազմական գործով զբաղվեմ, որպեսզի էլ ավելի ապահով լինեն: Իսկ այդ ապահովությունը առաջին հերթին բանակն է տալիս` սպաներն ու զինվորները:
- Ռազմական ինստիտուտում անցկացրած չորս տարին Ռուսաստանից նոր եկած երիտասարդի համար շա՞տ դժվար էր:
- Կային դժվարություններ, բայց այդ դժվարությունները գիտակցում ես ու հասկանում, թե ինչի համար ես եկել: Դժվարությունները շատ արագ վերանում են այն ժամանակ, երբ արդեն գիտակցաբար ես մոտենում դրանց, եւ այն դառնում է նույնիսկ հաճելի: Շատ հետաքրքրություններ կան այս մասնագիտության մեջ, որոնք մյուս մասնագիտությունների մեջ չկան:
- Սովետական բանակում ասում էին, թե սպային ամենաքիչը 12 տարի է պետք, որպեսզի իր գործում կայանա որպես սպա, իսկ Հայոց բանակում կայացած սպա դառնալու համար որքա՞ն ժամանակ է հարկավոր:
- Հիմա մի քիչ ավելի շուտ ես ադապտացվում այս ամենին, որովհետեւ հայրենիքի պահանջը  օգնում է, որպեսզի կայանաս որպես սպա: Դա կարող է լինել մի տարի, երկու տարի, ծայրահեղ դեպքում երեք տարի, բայց եթե այդ ընթացքում չես կայացել որպես սպա, ուրեմն` ավելի լավ է զբաղվես ուրիշ մասնագիտությամբ եւ գիտակցես, որ սխալ ուղի ես ընտրել:
- Իսկ սպա լինելու համար ի՞նչ հատկություններ են պետք:
- Ամենաառաջին ու կարեւոր հատկությունն ինձ համար հայրենասիրությունն է, հետո նոր կարգապահությունը: Եթե դու լինես կարգապահ եւ հայրենասեր, ուրեմն` կարող ես պահանջել քո ենթականերից կարգապահություն եւ հայրենասիրություն: Իսկ ամեն ինչ ծնում է կարգապահությունը, եթե կարգապահ չես, ապա չես կարող պաշտպանել հայրենիքդ:
- Որպես սպա, ով գրեթե հասակակից է զինվորների հետ, ինչպիսի՞ մեթոդներով եք փորձում դաստիարակչական կամ բացատրական բնույթի աշխատանքներ տանել Ձեր ենթակաների հետ:
- Արդեն ութ ամիս է` անձնական օրինակի մեթոդով եմ ծառայում ու կշարունակեմ ծառայել այնքան, ինչքան պետք լինի եւ ինչքան կկարողանամ: Ընդհանրապես, անձնական օրինակի մեթոդը ամենաարդյունավետն է:
- Նորակոչիկի եւ արդեն մի քանի ամիս ծառայած զինվորի միջեւ այսօր տարբերությունը շա՞տ մեծ է:
- Տարբերությունը ամիսների մեջ չէ: Նույնիսկ կարող եմ ասել, երբ բարձրանում ենք մարտական դիրքեր, հետո վերադառնում ենք զորամաս` մշտական տեղակայման վայր, արդեն փոփոխությունը զգացվում է բոլոր զինծառայողների մոտ:

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ Է»


-Դժվար դաստիարակվող զինվոր ունեցե՞լ եք:
- Այսօր «չեպեիշնիկ» զինվորներ չկան, կան զինվորներ, որոնց պետք է բացատրել, թե ինչի համար են եկել բանակ ու հիշեցնել իրենց պարտականությունների մասին: Եթե զինվորին հիշեցնես, որ եկել է ծառայելու ու պետք է պարտականությունները կատարի, անպայման կկատարի: Մի քիչ լավ, թե մի քիչ վատ` կկատարի, դա էլ արդեն մարդուց է գալիս:
-Իսկ այդ հիշեցման տարբերակը ո՞րն է:
-Պահից է կախված. եթե ինքը շարքում սխալ է կանգնել, խոսքով հիշեցնում ես, որ շարքում զինվորը պետք է այսպես կամ այնպես կանգնած լինի: Սպայի ամենաուժեղ զենքը խոսքն է, եթե սպան կարողացավ արտահայտվել, խոսել, ուրեմն` իր մոտ, իմ կարծիքով, կստացվի շատ բաներ:
- Մի հետաքրքիր երեւույթ կա բանակում, Շիրակի մարզի զինվորները մշտապես աչքի են ընկնում ու հաճախ  ոչ կարգապահությամբ, այլ «հեղինակությամբ» զինվորների շրջանում: Որպես շիրակցի սպա` գուցե այդ գաղտնիքը բացահայտե՞ք, թե ինչով է պայմանավորված:
- 10 տարի Հայաստանի Հանրապետությունում չեմ եղել եւ վերադառնալով այստեղ` տեսել եմ մի ուրիշ վարքուբարք, ինչը այնտեղ ընդհանրապես չեմ տեսել: Կամաց-կամաց մերվել եմ այդ ամենի հետ ու շփվելով մյուս մարզի ներկայացուցիչների հետ` հասկացել եմ, որ Շիրակի մարզի ներկայացուցիչները տարբերվում են: Երեւի թե, իրենց մտածելակերպը, ավանդույթներն ու սովորույթներն են մի քիչ տարբեր, քան մյուս տեղերում: Դե բնական է, լավն էլ կլինի, վատն էլ:
- Խոսեցիք մտածելակերպի մասին, իսկ հետաքրքիր է, ըստ Ձեզ, կգա՞ մի օր, որ սպա-զինվոր հարաբերությունը, իրոք, այլ` բարեկամական հարթության վրա կդիտվի:
- Ես իմ կարճ` ութ ամսվա փորձից կարող եմ վստահաբար ասել, որ եթե սպաները ցանկանան, կփոխվի: Հանրության կարծիքն էլ, իհարկե, սպաների մասին այդքան էլ լավ չէ: Օրինակ, ովքեր իմացել են, որ ես սպա եմ, ասել են` շատ դժվար է, ինչո±ւ ես գնացել ծառայության, բա քո ընտանի՞քը…
- Իսկ ինչպե՞ս եք  պայքարում այս կարծիքի դեմ:
- Ես եկել եմ ծառայության այն գիտակցումով, որ սպաները մի առանձնահատուկ խմբի մարդիկ են, ովքեր ծառայում են հանուն հայրենիքի: Բոլոր մասնագիտություններն էլ պետք են, բայց սպայի` հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը, ամենակարեւորն է: Իսկ թե ինչու է մեր հանրության կողմից ավելի բացասական ընդունվում, քան դրական, այդ հարցի պատասխանն իմ մեջ երբեք չեմ գտել:
- Մինչդեռ այդ հարցի շահարկումները հաճախ տեղ են գտնում մամուլում, երբ բանակում տեղի ունեցած ինչ-որ արտակարգ պատահարի շուրջ բարձրացվում է հիստերիա ու ամերիկյան գումարներով սնվող ինչ-որ մարդիկ բանակի մասին ձեւավորում են շատ բացասական կարծիք` իբր բանակը «սպանդանոց»  է, սպաներն էլ «մարդակեր» են:
- Ինչու են միշտ քարկոծում սպային: Եթե սպան պատասխանատու է, չի նշանակում, որ ամեն մի կատարվածի մեղավորը սպան է: Բայց ես նման տեսակետ արտահայտողներին փորձում եմ իմ գործերով ապացուցել հակառակը, որ սպաներն անում են ամեն ինչ, որ մեր բանակն ավելի լավը դառնա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ