ՀԱՄԲՈՒՅՐԸ` ՀԵՐՊԵՍԻ ՊԱՏՃԱ՞Ռ
Արխիվ 12-16ՀԱՄԲՈՒՅՐԸ` ՀԵՐՊԵՍԻ ՊԱՏՃԱ՞Ռ
- Ի՞նչ է հերպեսը: Այն վարակի՞չ է: Ամուսնուս շուրթերը ախտահարվել էին, սակայն նա հրաժարվում է ընդունել որեւէ դեղորայք: Մենք սկսեցինք օգտագործել վիտամիններով հարուստ սնունդ` մրգեր, բանջարեղեն. կարդացել եմ համացանցում: Ցանն անհետացավ: Հնարավո՞ր է` կրկնվի: Ինձ նաեւ հետաքրքրում է` հերպեսով նորածինները հիվանդանո՞ւմ են:
Հարցին պատասխանում է թիվ 2 բուժմիավորման մաշկավեներաբան ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ:
- Հերպեսը (տենդաբշտիկ) աշխարհի ամենատարածված վիրուսային հիվանդություններից մեկն է: Սովորական հերպեսով վարակված է աշխարհի բնակչության մոտ 90 տոկոսը: Մորից երեխային պասիվ փոխանցվում են հումորալ հակամարմիններ, որոնք սովորաբար 3 տարեկանում անհետանումեն եւ երեխան դառնում է վիրուսի նկատմամբ ընկալունակ: Սովորաբար 80-90% երեխաների մոտ առաջնային վարակն անցնում է աննկատ, առանց կլինիկական արտահայտությունների, իսկ որոշ դեպքերում արտահայտված կլինիկական նշաններով (սուր խոցային ստոմատիտ (բերանաբորբ), կոնյուկտիվիտ (շաղկապենաբորբ), մենինգոէնցեֆալիտ եւ այլն), այսպես կոչված, առաջնային հերպես:
Հերպեսի հաճախակի կրկնումների պատճառ կարող են դառնալ` սթրեսային իրավիճակները, եղանակի կտրուկ փոփոխությունը, ալկոհոլի չարաշահումը, ինչպես նաեւ հատուկ սննդակարգը:
Հասարակ հերպեսը երկու տիպի է լինում` հերպես 1 եւ 2: Նախկինում գտնում էին, որ հերպեսի երկրորդ տեսակը ախտահարում է սեռական օրգանները, իսկ առաջինը` շրթունքները: Սակայն տարիների ընթացքում լաբորատոր անալիզները ցույց տվեցին, որ հստակ սահմանազատում այսօր գոյություն չունի:
Վարակվելու համար պետք է սերտ շփում լինի ախտահարված հատվածի հետ կամ արտադրության հետ: Հերպեսը հնարավոր է փոխանցել, օրինակ, թքի հետ սերտ շփվելիս, համբուրվելիս: Սա այն դեպքում, եթե բերանի խոռոչում կա հերպետիկ ցանավորում: Սեռական հարաբերության ժամանակ էլ հերպեսը կարող է փոխանցվել սեռական արտազատուկի միջոցով: Ընդհանուր օգտագործման պարագաներից, սպասքից վարակվելու հավանականությունը, թեպետ, չի բացառվում, բայց քիչ է:
Հերպեսի ժամանակ առաջանում է վերքային մակերես` մանր բշտիկներով, որոնք վերածվում են մանր վերքերի եւ արագ լավանում են: Հասարակ հերպեսը տեւում է 7-10 օր: Ի դեպ, միշտ չէ, որ հերպեսը ունենում է կլինիկա (արտահայտման ձեւ): Հնարավոր է, որ մարդ ունենա վիրուս եւ իր ամբողջ կյանքի ընթացքում այդպես էլ չիմանա դրա առկայության մասին:
Վիրուսը կարող է ակտիվանալ բարձր ջերմություն ունեցող տենդային հիվանդությունների, վիրահատությունների, նեյրովիրաբուժական միջամտությունների ժամանակ, ինչպես նաեւ ընդհանուր հյուծվածության եւ վիտամինային բալանսի խախտման դեպքերում, երբ թուլանում է օրգանիզմի իմունային համակարգը: Եթե օրգանիզմն առողջ է, հերպեսը կարող է արտահայտվել տեղային երեւույթներով` քոր, ցավ, ծակծկոցի, դիսկոմֆորտի զգացողությունով:
Եթե հիվանդի մոտ չի ավելանում ստաֆիլակոկային ախտահարումը, ապա նա շուտափույթ կարող է ապաքինվել:
Ամսվա մեջ մի քանի անգամ հերպեսը կրկնվելու դեպքում խորհուրդ է տրվում ստանալ հակավիրուսային բուժում, օգտագործել վիտամիններով հարուստ սնունդ: Տարվա մեջ մեկ-երկու անգամ հերպեսի կրկնվելու դեպքում անհանգստանալու որեւէ կարիք չկա: Կարելի է օգտվել արտաքին օգտագործման հակավիրուսային քսուքներից:
Հերպեսը ախտորոշելու համար կարելի է հանձնել արյան անալիզ`որոշելու արյան մեջ առկա հակամարմինները, սակայն, եթե կա հերպետիկ ցան, ապա տարբերակիչ ախտորոշում հազվադեպ է նշանակվում:

Հարցին պատասխանել է նաեւ Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ ՊԱՎԵԼ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ.
- Այո, նորածինները հերպեսով հիվանդանում են: Հայտնի է, որ մինչեւ 3 տարեկան երեխաների շրջանում հերպեսն արտահայտվում է հերպետիկ ստոմատիտի (բերանաբորբի) ձեւով:
Սովորական հերպեսի վիրուսները լինում են 2 տիպի` 1 եւ 2: 1 տիպը ախտահարում է հիմնականում մաշկը, լորձաթաղանթները եւ աչքերը: 2 տիպը գենիտալ հերպեսն է, որն էլ հանդիսանում է բնածին նորածնային հերպեսի հիմնական պատճառ: Այն փոխանցվում է նորածնին 2 եղանակով` տրանսպլացենտար (ընկերքի միջոցով) եւ սեռական ուղիներով անցնելիս: Նորածնային հերպեսը արտահայտվում է համակարգայն ինֆեկցիայի ձեւով` մենինգոէնցեֆալիտ, կերատոկոնյուկտիվիտ, մաշկային ախտահարումներ:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ