Բրիտանական հակահետախուզությունը զգուշացրել է պաշտպանական ընկերություններին ռուսական դիվերսիաների սպառնալիքի մասին. Bloomberg ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը       

ՙ«ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԾԽԱՄՈՐՃԸ, ՄԿՐԱՏՆ ՈՒ ՈՒՂԵԳՈՐԳԸ ՆՎԻՐԱԲԵՐՎԵԼ Է ԹԱՆԳԱՐԱՆԻՆ»

Արխիվ 12-16

«ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԾԽԱՄՈՐՃԸ, ՄԿՐԱՏՆ
ՈՒ ՈՒՂԵԳՈՐԳԸ ՆՎԻՐԱԲԵՐՎԵԼ Է ԹԱՆԳԱՐԱՆԻՆ»


1995 թվականին, երբ նշվում էր հայոց մեծ զորավար ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆԻ ծննդյան 130-ամյակը, Արշակունյաց 3 հասցեում բացվեց զորավարի անունը կրող թանգարան, որը  որոշ ժամանակ անց փակվեց: Սակայն թանգարանի հիմնադիրը` տնտեսագետ, գրող, հրապարակախոս ԻԼՅԻՉ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ, իր առջեւ հստակ նպատակ էր դրել`  վերաբացել թանգարանը եւ սերունդներին ցույց տալ հայազգի նվիրյալ զորավար Անդրանիկին պատկանող իրերը: Բազմաթիվ խնդիրներ լուծելուց հետո, 2006 թվականի սեպտեմբերի 16-ից թանգարանը կրկին իր այցելուների առջեւ վերաբացեց դռները: Թանգարանում պահվում են ոչ միայն Անդրանիկի, այլեւ հայ նշանավոր ֆիդայիներին պատկանող իրեր, նրանց կյանքը եւ գործունեությունը ներկայացնող 300 հազարից ավելի ցուցանմուշներ: Վերաբացվելու հետ թանգարանում բացվեց երկրորդ ցուցադրությունը:


Թանգարան հիմնելու գաղափարը հիմնադրի մոտ առաջացել է դեռ ուսանողության տարիներին եւ այդ ժամանակվանից էլ Ի. Բեգլարյանը սկսել է հավաքել Անդրանիկին պատկանող իրեր: Մինչ կստեղծվեր թանգարանը, այդ նմուշները նա մասունքի նման պահել է իր մոտ, որոնք էլ տարիների ընթացքում համալրվել են: Այդ ամենի արդյունքում այժմ թանգարանի ցուցասրահները գերհագեցած են նմուշներով:
Թանգարանի ներկա վիճակի եւ խնդիրների մասին «Իրավունքը» զրուցեց թանգարանի տնօրեն ԺՈՐԺԵՏԱ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ հետ:

 

«ՈՒՇԱՑԱԾ, ԲԱՅՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷՐ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ»

 

-Յոթ տարի առաջ, երբ վերսկսեցինք թանգարանի վերաբացման աշխատանքները, բնավ կասկած չունեինք, որ թանգարաններով հարուստ Հայաստան աշխարհին եւ հատկապես Երեւանին անհրաժեշտ է նաեւ հայ ազգային-ազատագրական շարժման պատմությունը եւ նրա գործիչների սխրանքը ներկայացնող այսպիսի մի օջախ: Դատելով մեր այցելուների թվից, համոզվում ենք, որ ուշացած, բայց, անհրաժեշտ էր թանգարանի ստեղծումը: Հպարտորեն կարող ենք ասել, որ թանգարանի ստեղծման նախաշեմին իրենց խորհուրդներով աջակել են մեր օջախի բարեկամները` Սիլվա Կապուտիկյանը, Գեւորգ Էմինը, Գոհար Գասպարյանը, Ֆադեյ Սարգսյանը, ով մեր գիտխորհրդի առաջին նախագահն է եղել: Այս մարդիկ մեզ ոչ միայն ոգեւորում, այլեւ իրենց անձնական արխիվներում պահվող անդրանիկյան նյութերով հարստացնում էին մեր ցուցադրությունները: Մեր նպատակն է` հայ հերոսների անձնական մասունքների ցուցադրումով կրկին վերհիշել հայ ազգի ազատության եւ անկախության համար պայքարի ելած ընտրյալների կյանքը եւ գործունեությունը:

«ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՄԻՇՏ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ Է
ԱՆԴՐԱՆԻԿԻ ԹՈՒՐԸ»


-Թանգարանն ունի երկու ցուցասրահ, առաջինում ներկայացված են մանրակերտներ` զորավար Անդրանիկի ծննդավայրը` Շապին-Գարահիսար գյուղաքաղաքը, Անդրանիկի տունը, որտեղ նա ապրել է: Մեզ մոտ Անդրանիկին պատկանող ցուցանմուշները բազմազան են, որոնք բերվել են Վառնայում գտնվող նրա բնակարանից: Անձնական իրերի հետ միասին կան նաեւ գյուղատնտեսական գործիքներ, որոնցով մշակել է իր այգին: Թանգարանն այսօր էլ համալրվում է ցուցանմուշներով: Վերջերս ԱՄՆ-ի Լինքոլն քաղաքից Արա Ղազարյանցը ամերիկահայ քույրեր Իդա եւ Վեռոնիկ Աղայանների խնդրով, թանգարանին նվիրաբերեց զորավարի ծխամորճը: Այն քույրերի մոտ է հայտնվել նրանց մորական պապիկի` բժիշկ Տեր-Ստեփանյանցի միջոցով, վերջինս եղել է Անդրանիկի բժիշկը: Թանգարանի ցուցանմուշները համալրվեցին նաեւ Անդրանիկի անձնական մկրատով, ուղեգորգով, որը ֆիդայիները օգտագործել են ճանապարհներին հանգստանալու համար: Ցուցանմուշներից ոչ բոլորն են ցուցադրվում, սակայն մենք այնպես ենք անում, որ դրանք պարբերաբար ցուցադրվեն: Մեր առաքելությունը համարում ենք կատարված, երբ յուրաքանչյուր այցելուի աչքերում տեսնում ենք առկայծող կրակ: Մեր այցելուներին միշտ հետաքրքրել է Անդրանիկի թուրը, որի վրա բարձր դասարանցիները երդվում են մինչ զինվորական ծառայության մեկնելը:

«ԹԱՆԳԱՐԱՆԸ ՈԳԵԿՈՉՈՒՄ Է ՄԱՏԱՂ ՍԵՐՆԴԻՆ`
ՍԻՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ»


-Թանգարանում պահվում են նշանավոր ֆիդայիներին պատկանող իրեր, նրանցից մեկը Մախլուտոն է (Սմբատ Բորոյան): Այստեղ է գտնվում նրա անձնական սունդուկը, որի մեջ հայտնաբերել ենք պատեֆոն, սկավառակի վրա Սմբատ Շահազիզի «Երազ» բանաստեղծությունն է` վերածված երգի` Հայկանուշ Դանիելյանի կատարմամբ: Նրան պատկանող սունդուկում եղել են նաեւ ձիու սմբակներ, լամպ: Աշխարհի տարբեր ծայրից եկած այցելուները ակնածանքով եւ խոնարհումով են մուտք գործում թանգարան, քանի որ ամեն անգամ տեսնում են մեր պատմության հերոսական դրվագներից մեկը եւ այդ դրվագները կերտող անձանց իրերը: Թանգարանը երբեք այցելուների պակաս չի ունենում, հիմնական այցելուները աշակերտներն ու ուսանողներն են, չնայած` սփյուռքահայերը եւ օտարերկրացիները նույնպես շատ են: Ուրախալի է, որ ունենում ենք նաեւ շրջաններից այցելուներ: Թանգարան այցելող աշակերտները, դպրոցի գրադարանները ամեն այցելության ժամանակ ստանում են թանգարանի հիմնադրի կողմից հրատարակված գրքեր, որոնք կրկին պատմում են հայդուկների եւ նրանց գործունեության մասին: Այս թանգարանը ոգեկոչում է մեր մատաղ սերնդին` սիրել Հայրենիքը, լծվել նրա հարստացման եւ հզորացման գործին:

ԱՆԴՐԱՆԻԿԻ 100-ԱՄՅԱԿԸ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ


-Այս տարի «Թանգարանային գիշեր» միջոցառմանը թանգարանը կներկայանա «Զորավար Անդրանիկը եւ Առաջին համաշխարհային պատերազմը» թեմայով զեկույցով, հանդես կգա Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը: Կլինի նաեւ համերգային ծրագիր, որտեղ կհնչեն միայն ազգային-ազատագրական երգեր, հանդես կգան պարային խմբեր, որոնք նույնպես կկատարեն մեր ավանդական պարերը: Քանի որ 2015 թվականին լրանում է Անդրանիկի 150-ամյակը եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ուստի թանգարանը նախապատրաստվում է իրականացնել ծրագրեր` կապված այդ նշանավոր իրադարձությունների հետ: Այս երկու տարելիցների կապակցությամբ նախատեսված է հրատարակել գիրք: Թանգարանում կա հատուկ անկյուն նվիրված Ցեղասպանությանը` գրքեր, արձանագրություններ եւ այլ նյութեր:
Նշենք, որ թանգարանին կից գործում է նաեւ փոքրիկ  այգի, որտեղ տեղադրված են Անդրանիկի, սեւքարեցի Սաքոյի եւ այլ հայդուկների քանդակներ, որոնք կերտել  եւ թանգարանին են նվիրել հայտնի քանդակագործներ Արա Շիրազը, Տարիել Հակոբյանը, Ռուբեն Նալբանդյանը եւ այլք:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ