ՙՙՆՄԱՆ ՊԱՀԵՐԻՆ ԹՎՈՒՄ Է` ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐՆ ԵՆ՚
Արխիվ 12-16ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐՆ ԵՆ՚
Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք գյուղերը նախօրեին կրկին ադրբեջանական կողմի կրակահերթերի տակ են եղել: Մոտ չորս ժամ տեւած կրակոցները, բարեբախտաբար, մարդկանց չեն վնասել, բայց դրանց հետեւանքով գազի խողովակն է պայթել, տների եւ մանկապարտեզի պատուհաններ են կոտրվել, տանիք է ծակվել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Մովսես գյուղի գյուղապետ ԱՐԱՐԱՏ ԱՎԱԼՅԱՆԸ:
-Հիմա, փառք Աստծո, ոչինչ չկա, հանգիստ է: Մարդիկ ավելի շուտ ոչ թե խուճապի մեջ են, ինչպես գրում են, այլ հոգեբանորեն ծանր վիճակում են: Լավ է, որ մարդկանց չեն վնասել:
Իսկ Այգեպարի գյուղապետ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՅԴԻՆՅԱՆՆ այսպես ներկայացրեց.
- Մարդիկ հոգեբանական ծանր վիճակում են, երբեմն նման պահերին թվում է` պատերազմական տարիներն են:
Երեկվա այդ մի քանի ժամ տեւած կրակոցները տպավորություն էին ստեղծում, որ ոնց որ 90-ական թվականները լինեն: Նկուղներում ենք գիշերներն անցկացնում, հերթապահում ենք, որ հանկարծ հրդեհ բռնկվի, ինչ-որ բան չլինի, ժամանակին նկատենք: Վտանգը մոտ է, բայց այգեպարցու համար գյուղը լքելը խնդրի լուծում չէ: Գյուղից դուրս եկող մարդ չկա, մեր տունն ա, ոչ մի տեղ էլ չենք գնալու: Ուղղակի, էս կրակոցները շատ են ազդում էրեխեքի ու տարեց մարդկանց վրա:
Կարմիրաղբյուրի գյուղապետ ՄԱՆՎԵԼ ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆՆ էլ ասաց.
- Վնասված շինությունների մասին ոչ ոք չի մտածում, մարդիկ միայն երազում են, որ իրենց երեխաներն էլ սարսափի մեջ չապրեն: Մարդիկ խաղաղ քնած են իրենց ընտանիքներով, հանկարծ կրակում են: Ոնց որ հրավառության ժամանակ գյուղը լուսավորվում է, էդպես է լինում: Հետո ասում եք` ի±նչ վնաս են տվել: Մարդկանց էրեխեքը վախից շաքար են ստանում 15 տարի: Էլ չեն դիմանում. իրենք դիմանում են, բայց իրենց սիրտը, առողջությունը, չի դիմանում:
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ անդրադառնալով նախօրեին մոտ չորս ժամ տեւած կրակոցներին` ասաց.
- Կրակոցները տեւել են մինչեւ ուշ գիշեր, այժմ սահմանին հանգիստ վիճակ է, հայկական կողմը զոհեր եւ վիրավորներ չունի: Հայկական կողմը պատասխան կրակ է բացել եւ լռեցրել հակառակորդին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
