«ՄԻՇՏ ԲՈԼՈՐԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԷՐ` ԱՆԿԱԽ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ, ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ»
Արխիվ 16-20
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ կինոյի եւ թատրոնի նահապետ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ կբոլորեր իր 87-ամյակը: Սակայն, ցավոք, արդեն 3 տարի պապիկը` ինչպես հայ թատերական աշխարհի երիտասարդ դերասաններն էին կնքել, ֆիզիկապես այլեւս մեզ հետ: Բայց բոլորի, հատկապես նրա ժառանգություն թողած համազգայինցիների համար Սոս պապիկն ամենուր է` իր թողած հուշերով, խորհուրդներով, դերերով, կերպարներով, պատմվածքներով ու բեմադրություններով: «Իրավունքի» հետ զրույցում Համազգային թատրոնի դերասանուհի ԱԼԼԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ վստահեցրեց. «Թատրոնում պապի շունչը մենք ամենուր ենք զգում», ապա պապի ծով խորհուրդներից առանձնացրեց մի քանիսը:
«ԱՂՈՒՆԻԿԻ ՊԵՍ ՊԵՏՔ Է ՔԱՅԼԵՍ` ՂՈՒՆՂՈՒՆԱԼՈՎ»
- Վերջին տարիներին, թատրոնում, ինչ մեր երիտասարդ խմբի հետ սկսեց աշխատել, անկեղծ ասած, ներկայացումների մեջ միշտ լավ դերեր եմ ունեցել: Հիշում եմ իր բոլոր դիտողությունները, դերասաններին տված խնդիրների, ամեն տառի ու բառի վրա ուշադիր էր: Հաճախ ենք վերհիշում հումորային արկածները: Զարմանալու չափ այնքան տպավորիչ էր նա կերպարը բացում, որ անհնար էր մոռանալ խնդիրը: Հիշում եմ, երբ «Արջը» ներկայացումն էր բեմադրում, ինձ ասաց` հերոսուհուն առաջադրանք էր տալիս. «Աղունիկի պես պետք է քայլես` ղունղունալով», մտածում ես, թե ինչպե՞ս քայլես: Ինչպես էր նա տեսնում, ինչպես էր զգում այդ կերպարը` դրսից եւ ներսից: Այնպիսի հետաքրքիր կախարդանքով էր նա այդ խնդիրները տալիս դերասանին, որպեսզի կերպարը բացի, որ անհնար էր դա չանել ու չզգալ, չվերապրել:
«ՊԵՏՔ Է ԱՅՍՏԵՂ ՀՈՄԵՐՈՍՅԱՆ ԾԻԾԱՂ ԼԻՆԻ»
- «Ծննդյան տոները սինյոր Կուպելոյի տանը» ներկայացման մեջ, մի տեղ կա, որ ամուսինը գալիս է` վերնաշապիկը բաց, թափթփված վիճակով, ու բոլորս ծիծաղում ենք: Ասում էր. «Պետք է այստեղ հոմերոսյան ծիծաղ լինի», ուզում էինք հասկանալ, թե հոմերոսյան ծիծաղը որն է: Այսինքն` ուզում էր ասել դիցաբանական ծիծաղ լինի: Նա այնպիսի համեմատություններ ուներ, որ աներեւակայելի էր:
«Ո՞ՆՑ, ՄԵՐ ԱՅԲՈՒԲԵՆԸ ՄԻ ՔԻՉ ԿԵՍ ՈՏՔՈՎ ԱՍԵ՞Ք»
-Ինչ խոսք, դերասաններից նա բեմում անսահման նվիրվածություն էր պահանջում: Դավիթ Հակոբյանի բեմադրությամբ «Շխոնց Միհրանը» ներկայացման ժամանակ, այն հատվածը, որ այբուբենն ենք ասում, չէինք իմանում, որ պապին դահլիճում էր նստած, առհասարակ միշտ նայում էր ներկայացումները, եւ գալիս էր թաքուն` աննկատ: Հանդիսատեսը ծափահարեց, եւ ծափահարում են միշտ, որովհետեւ էմոցիոնալ տեսարան է: Բայց այբուբենից հետո եկավ կուլիսներ ասաց. «Մի հատ հավաքվեք» ու շատ դժգոհ, վրդովված ասաց. «Ինչո՞ւ չեք լավ ասում»: Ասացինք` բայց ո՞նց, Սոս Արտաշեսովիչ, լավ ենք ասել, ասաց. «Չ՛է, լավ չեք ասում, պետք է այստեղ գիտեք ինչ ծափահարություններ լինեն», ասացինք` բայց կային ծափահարություններ, դահլիճն էլ կիսադատարկ էր, ասաց. «Ո՛չ, այստեղ պետք է ծափահարությունները պայթեն, այդ ամեն մի տառը պետք է մի ժայռի պես ասե՛ք, ամեն մի բաղաձայնը պետք է կրակե՛ք: Մեր ազգի ամբողջ պատմությունը պետք է ամեն տառի մեջ լինի, ամեն վանկի մեջ լինի...»: Նա այնքան բորբոքված էր, կարծես մեր ասելուց էր կախված հողերը վերադարձնելը: Մենք նայում էինք իրար ու զարմացած էինք, որովհետեւ չէինք տեսել պապին այդ աստիճանի բարկացած, նա շատ վրդովված էր` ո՞նց, մեր այբուբենը մի քիչ կես ոտքով ասե՞ք: Միշտ ասում էր, պետք է ժողովուրդը մի ուրիշ տեսակ արձագանքի, եթե չի արձագանքում, ուրեմն` վատ էր, շատ վատ էր:
«ՆՐԱ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ ԷԻՆ»
-Իր գրքերում, իր պատմվածքներում, բեմադրություններում, ամեն տեղ ինքն է` Սոս Սարգսյանը, իր մանկության հիշողություններով: Հոգեբաններն էլ են ասում, որ մարդ ստեղծագործում է իր մանկության հիշողություններով, հիմքը կարծես մանկությունն է: Ստեփանավանի իր մանկության տարիները, իր ապրած կյանքը ամեն ինչն ամփոփված է իր գործերում: Հետո, ինչ խոսք, ինքը հարստացնելով է ներկայացրել դրանք, այսինքն` իրական կյանքն է, մարդկային է, մարդու մասին է: Նրա բեմադրությունները մարդու մասին էին: Դրական հերոս լիներ, թե` բացասական, մարդկային խառնվածքներ էին, որ կտեսնեիր ու կզգայիր, որքան էլ, որ նա սիրում էր ներկայացնել թատերայնացված, չափազանցված:
«ԻՍԿ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ ՄԱՀԱՑԱՎ»
-Նա միշտ բոլորին հորդորում էր, որ անկախ ամեն ինչից, պետք է անպայման ամուսնանալ եւ երեխա ունենալ: Գարիի հետ նոր էինք ամուսնացել, 2-3 օր անց երբ հանդիպեցինք, հարցրեց` ե՞րբ եք երեխա ունենալու: Հետո, երբ իմացավ, որ երեխա ենք ունենալու, ինչպես էր ուրախացել: Նա մեր թատրոնի բոլոր դերասաններին խորհուրդ էր տալիս անպայման ամուսնանալ եւ որքան հնարավոր է շատ երեխաներ ունենալ: Իսկ աղջիկներին` օր չկար որ չասեր. «Դուք պիտի ամուսնանաք, շատ երեխաներ ունենաք»: Երբ աղջիկս` Մարիան ծնվեց, մեր աղջիկներից մեկը զանգահարեց Սոս Սարգսյանին, թե Ալլան երեխա է ունեցել, ասել էր` իմ շնորհավորանքները կփոխանցեք, իսկ հաջորդ օրը մահացավ: Իսկ ես հիվանդանոցում էի ու չգիտեի, որ նա մահացել է, երբ եկա տուն, հեռուստացույցը միացրի ու տեսա` Նահապետը հեռացավ կյանքից... Մի սարսափելի բան տեղի ունեցավ ինձ հետ, ես չէի սպասում, զգում ես, որ օրերն է, բայց չես ուզում հավատալ: Մի ակնթարթ մոռացա ամեն ինչ... հետո հիշում եմ, որ ամուսինս` Գարին, ինձ թափ տվեց, ասաց ուշքի արի...
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ